Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը և նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս: Հանրապետության Նախագահը բնական է համարել, որ այս առումով, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ խոսելով 800 մլն-ից ավելի մարդկանց անունից և ընդգծել է, որ գնալով աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն է՛լ ավելի կարևորություն է ստանում:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին և առաջիկա անելիքներին:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ բարեփոխումների անհրաժեշտությունն ու նպատակը: Երկուստեք հույս է հայտնվել, որ Վենետիկի hանձնաժողովը, որն իր դրական գնահատականն է տվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, կշարունակի ներգրավված մնալ այս գործընթացին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Տիկին Անն Բրասերը նշել է, որ Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում և նպատակ ունի տեղում ծանոթանալու երկրին և նրա մարտահրավերներին:

Հանրապետության Նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու առկա խնդիրները և կարևորել հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ կոչ անելով ԵԽԽՎ շրջանակներում ձեռնպահ մնալ թշնամանք և սադրիչ մեղադրանքներ պարունակող նախաձեռնություններից, ելույթներից ու բանաձևերից:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս