Բաժիններ՝

«Մենք երբեմն մոռանում ենք մեր գանձերի մասին». Անուշ Արշակյան

Երաժշտագետ, Երևանի Պետական կոնսերվատորիայի դասախոս Նունե Աթանասյանն ու երգչուհի Անուշ Արշակյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսեցին մշակութային ժառանգության ոչնչացման, ազգային երգարվեստի կարևորության և նշանակության շուրջ:

Հարցին, թե համամի՞տ են արդյոք, որ մենք օրըստօրե կորցնում ենք մեր մշակութային ժառանգությունը, և արդյո՞ք որևէ աշխատանք տարվում է դրանք պահպանելու համար, տիկին Աթանասյանը նախ՝ պատասխանեց, թե համաձայն չէ հարցադրման հետ, որ մշակութային ոչնչացում է տեղի ունենում:

«Այդ հարցը, իհարկե, ունի իր լուծելիք խնդիրները, որոնք ծանրացել են մեր առջև: Սակայն այդ հարցն ուղղում եք ինձ՝ մի մարդու, ով զբաղվում է մշակույթի պահպանման, զարգացման հարցերով: Այդ իսկ պատճառով համարում եմ, որ կատեգորիկ խոսել մշակույթի եղեռնի և մշակույթի ոչնչացման մասին՝ մենք չեն կարող թույլ տալ մեզ: Պարզապես լրատվական միջոցները երևի թե քիչ են անդրադառնում այն մասնագիտական խնդիրներին, որոնք կատարվում են տեղում՝ մշակույթը զարգացնելու համար: Ավելի հաճախ խոսում են մոդայիկ թեմաներով: Ժողովրդական երգը պատկանում և համարվում է ժողովրդինը, եթե այդ երգն ապրում է, կենցաղավարվում է՝ առօրյայում: Ամենակարևորն է՝ ինչպես կատարել երաժշտությունը: Միևնույն ժողովրդական երգը կարելի է կատարել ռաբիսին բնորոշ կլկլոցով, անհարիր արևելյան մեթոդներով, որոնք հայկական չեն, և կորցնել երգի ինքնությունը: Այս դեպքում մենք խոսում ենք այն մասին, որ մշակույթն անկում է ապրում»,- ասաց Նունե Աթանասյանը:

Անուշ Արշակյանն էլ նկատեց. «Ընկնելով դատարկ, սին պատրանքների, արտաքին աշխարհից ներմուծվող գովազդային մակարդակի վրա մատուցվող ինֆորմացիայի ետևից, մենք երբեմն մոռանում ենք մեր գանձերի մասին»:

Մեր հարցին, թե ի՞նչ է արվում այսօր մեր երաժշտության գանձերն աշխարհին հասանելի դարձնելու համար, թեկուզև օգտագործելով այդ նույն գովազդային հնարքները, Անուշը պատասխանեց. «Առաջին դարբնողը, որտեղ կերտվում են ապագա ուսուցիչները, լուսատուները, դա երաժշտական դպրոցն է, ուսումնարանը, հետո արդեն՝ Կոնսերվատորիան… Ինչ որ պետք է արվեր՝ արվում է և շարունակում է արվել: Թե հետո երաժիշտն ինչ ընտրություն կկատարի և ինչը կորոշի պրոպագանդել, դա արդեն այլ հարց է»:

Իսկ Նունե Աթանեսյանը հավելեց. «Կրթությունը կարևորագույն դերը պետք է խաղա այդ տարածման գործում: Երեխան պետք է մանկուց ճանաչի և սովորի այն իրական մշակույթը, որին մենք տեր ենք, որը մերն է: Այնուհետև նա գնում է բարձրագույն բուհ՝ Կոնսերվատորիա, որի սաներն էլ հետագայում աշխարհով մեկ տարածում են մեր հայկական մշակույթը»:

Հարցին, թե որքանո՞վ է լավ կատարում Մշակույթի նախարարությունն իր դերն այս գործում և, առհասարակ, մշակույթին աջակցման հարցում, Ն. Աթանասյանը պատասխանեց. «Միանշանակ ասել, որ Մշակույթի նախարարությունն անում է այն ամենը, ինչ որ կարող էր անել, դժվար է ընդհանրապես: Չեմ կարող պատասխանել այդ հարցին ավելի կոնկրետ, քանի որ չեմ կարող ասել, թե ինչ պետք է աներ նախարարությունը, որը չի անում: Ես կարող եմ միայն խոսել այն աջակցության մասին, որն ինքս եմ տեսել՝ գործի բերումով՝ Մշակույթի նախարարության կողմից: Մենք անելիքներ շատ ունենք: Առաջինը պետք է սկսենք Կրթության նախարարությունից, որը պետք է դեռևս դպրոցից սկսի կատարել այդ աշխատանքը: Մենք պետք է տեսնենք մեր թերությունները, որ կարողանանք ուղղել դրանք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս