Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից հայկական հարցերում դրական լուծումներ կարելի է սպասել. Վիգեն Չետերյան
168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը:
– Պարոն Չետերյան, կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հռոմի պապի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի կիրառումը բավականին ցավոտ ընդունվեց թուրք պաշտոնյաների կողմից, ինչը, թերևս, սպասելի էր: Սակայն առավել կարևոր է հասկանալ այս պատարագի նշանակությունը հայ ժողովրդի համար` այն բարոյակա՞ն, թե՞ քաղաքական տիրույթում է՝ ըստ Ձեզ, և ո՞րն է լինելու տեղի ունեցածի ազդեցությունը:
– Վատիկանում անցկացված Սուրբ պատարագը հսկայական համաշխարհային նշանակություն ունի նաև այն պատճառով, որ այս տարի ուժեղ մրցակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունների և Չանաքքալեի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի միջոցառումների հնչեղության միջև, քանի որ Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշել է ապրիլի 24-ին նշել մի փոքր պատմական հետք, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնինչ կարևոր արժեք իրենից չի ներկայացնում քսաներորդ դարի պատմության վրա: Բայց Էրդողանը որոշեց մարտի 23-ին նշվող իրադարձությունը տեղափոխել ապրիլի 24: Այստեղ կա սիմվոլիկ և ուժեղ մրցակցություն, թե մարդկային հիշողության մեջ պատմական որ դրվագն ինչ տեղ և կարևորություն ունի: Իմ կարծիքով` Հռոմի պապի կեցվածքը կիրակի օրը մեծ կարևորություն ունի ճշտելու, որ Հայոց ցեղասպանությունը դասեր ունի տալու մարդկությանը և պնդելու, որ այդ դասը Ցեղասպանության դասն է: Այն, ինչ պատահեց կիրակի օրը, ցույց է տալիս, թե բարոյական հողի վրա որքան կարևոր է այս հիշողությունը: Հռոմի պապն այս ուղղությունը գծեց, ցույց տվեց:
Մնացյալ աշխատանքները կմնան քաղաքական ղեկավարներին, և հուսով եմ, որ Հռոմի պապի խոսքերը պետք է ունենան ազդեցություն քաղաքական ղեկավարների վրա, որի պարագայում կոնկրետ ազդեցությունը տեսանելի կլինի: Բայց կա այլ հարց, որ Թուրքիայի ղեկավարությունը հասնելու է մի հանգրվանի, որ հասկանալու է` իր վարած ներկայիս քաղաքականությունը չի կարող շարունակվել, քանի որ Թուրքիան կմեկուսանա թե՛ միջազգային, թե՛ ներքին հարթության մեջ:
Թուրք մտավորականության մեծ խավերի մոտ զարգանում է այն գիտակցությունը, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը և Ցեղասպանության պատմությունը ոչ միայն հայերի ցավն է, այլ ազդեցություն է թողել ողջ մարդկության պատմության վրա: Այդ ժամանակ Թուրքիայի ղեկավարությունը չի կարողանա շարունակել իր ժխտողական քաղաքականությունը:
– Էրդողանը խոստացել է ուղերձով հանդես գալ ապրիլի 23-ին կամ 24-ին: Ենթադրելի է, որ այն իր շեշտադրումներով չի տարբերվելու նախորդ տարվա ուղերձից, որում նա իր ցավակցությունն էր հայտնել Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի հարազատներին: Ի՞նչ կարելի է սպասել այս տարի:
– Անցյալ տարի ապրիլի 23-ին Էրդողանը նամակ հղեց հայերին, և առաջին անգամն էր դա: Սակայն նրա այդ կեցվածքը նույն հարթության վրա էր դնում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրանցված թուրք, քուրդ, ալբանացի և հայ զոհերին: Սա՝ որպես կեցվածք, շատ խոցելի կեցվածք է, բայց քանի որ սա առաջին անգամն էր թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, կարևոր էր: Այն ժամանակ ես կարծում էի, որ Էրդողանի կեցվածքը պետք է հաջորդվի այլ քայլերով, բայց պարզվեց, որ այլ քայլեր չեղան, և Էրդողանի այդ կեցվածքը PR էր և ոչ թե՝ քաղաքական ղեկավարի որոշում, ով կնճռոտ հարց լուծելու համարձակություն է ստանձնել: Այս տարի, հատկապես նրա որոշումից հետո՝ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը տոնել ապրիլի 24-ին, ես մեծ հույսեր չունեմ նրա ուղերձից:
– Որտե՞ղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց ՀՀ ԱԺ-ից ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վրա միջազգային հանրությունը մեծ ջանքեր էր ներդրել: Եթե այս արձանագրությունները դուրս են գալիս օրակարգից, ի՞նչ է սպասվում` նոր օրակա՞րգ, թե՞ գուցե որևէ նոր փոատաթուղթ:
– Ցյուրիխյան արձանագրություններն արդեն սպառված էին, ուստի նախագահի քայլն այդքան մեծ քաղաքական կարևորություն չունի: Դա արդեն թուղթ էր, որը կորցրել էր կարևորությունը: Եթե Թուրքիան ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, այդտեղ արձանագրությունների կարիք չկա, պարզապես Թուրքիան պետք է որոշի, որ ինքը դառնալու է դրական ուժ Անդրկովկասում և ոչ թե՝ բացասական, և ոչ թե՝ հակամարտության կողմ, ինչպես որ այսօր է: Թուրքիան այսօր ԼՂ հակամարտության կողմ է, այդ հակամարտությունում Թուրքիան և Ադրբեջանը դաշնակիցներ են: Մի պետության քայլ, որն իր խղճի վրա կրում է Ցեղասպանության ծանր բեռը, հարյուր տարի անց մասնակցում է հակահայկական հակամարտության, անընդունելի է: Միակ բանը, որով Թուրքիան կարող է սրբագրել իր 100 տարվա ոճիրները, հայ-թուրքական սահմանների բացումն է և քաղաքական կեցվածքի որդեգրումը, որը կամրագրի` ԼՂ հակամարտությունը չպետք է ռազմական միջոցներով կարգավորվի: Թուրքիան պատասխանատու է նաև, որ երկրորդ անգամ ԼՂ պատերազմ չսանձազերծվի:
– Արևմուտքի դերակատարությո՞ւնը որը պետք է լինի: Թուրքիայի ներկայիս իշխանությունների քաղաքականությունից տեսանելի է, որ սահմանների բացումը հեռավոր և դեռևս անտեսանելի գաղափար է, Արևմուտքն այս հարցում ի՞նչ կարող է անել:
– Անշուշտ, հսկայական է Արևմուտքի դերը: Թուրքիան չէր կարող իր ժխտողական քաղաքականությունը շուրջ 100 տարի առաջ տանել, եթե Արևմուտքը` ընդհանրապես միջազգային հանրությունը, անտարբեր և համագործակցող կեցվածք չընդուներ Թուրքիայի նկատմամբ: Արևմուտքը շատ մեղմ է իր քաղաքական դիրքորոշմամբ, Արևմուտքը պարզապես աչքերը փակել է Թուրքիայի քաղաքականության վրա, պատասխանատվություն իր վրա չի ստանձնում:
– Այսինքն` Արևմուտքը հետաքրքրված չէ՞ հայ-թուրքական սահմանի բացմամբ և այս խնդրի կարգավորմամբ, որը, մի շարք փորձագետների կարծիքով, պետք է ավելի կարևորվեր Արևմուտքի կողմից ՌԴ-Արևմուտք առճակատման հետևանքով:
– Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի դերը շատ խարխուլ վիճակում է Միջին Արևելքում: Այսօր Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունն ամուր հիմքերի վրա չէ, ուստի այստեղ կան քաղաքական խնդիրներ, տարաձայնություններ, որոնցից կարելի է հուսալ, որ Հայկական հարցում հայանպաստ լուծումներ առաջ կգան: