«Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015»-ին կմասնակցեն 270-ից ավելի հայկական ընկերություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը 2015 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում կազմակերպում են «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» («Made in Armenia Expo 2015») ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել ՀՀ արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը, գործարար կապերի հաստատմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, համատեղ ընկերությունների ստեղծմանը,ինչպես նաև հարթակ ստեղծել հայկական արտադրողների և արտասահմանյան ներդրողների ու դիստրիբյուտորների միջև արդյունավետ երկխոսության համար:
Ցուցահանդեսի իրականացման աշխատանքներում ներգրավված են արտահանման ներուժ ունեցող մի շարք կազմակերպություններ հետևյալ ոլորտներից. սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլ ոլորտներ՝ ընդգրկելով ՀՀ-ում առկա արտադրատեսակների և ծառայությունների ավելի քան իննսուն տոկոսը:
Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով արտասահմանից հրավիրված են պետական պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, դիտրիբյուտորներ, պոտենցիալ գնորդներ և ներդրողներ (ԵՏՄ և այլ երկրներից) ` հնարավորություն ստեղծելով տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին, ծառայություններին և դրանց արտադրական ներուժին: