Չփորձե՛ք այսօրվա իրավիճակը համեմատել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների բանակի և անվտանգային համակարգի հետ. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Այսօր Տարոն Չախոյանը խոսել է սահմանի կահավորման, ռազմական իրավիճակի, բանակի և զինվորների մասին՝ փորձելով այսօրվա անվտանգային իրողությունները համեմատել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի և Արցախի ունեցած բանակի ու անվտանգության համակարգի հետ։
Կարծում եմ՝ մեր հանրությանը պետք է շատ հստակ ներկայացնել, թե ինչու նման համեմատությունը ոչ միայն անհիմն է, այլև սեփական քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Արցախը հայկական էր։ Այն ուներ հայկական բնակչություն, պետական ինստիտուտներ, պաշտպանության համակարգ և հայկական վերահսկողության ներքո գտնվող սահմաններ։ Ձեր կառավարման տարիների արդյունքն այն է, որ այսօր, հազարամյակների ընթացքում առաջին անգամ, Արցախում փաստացի հայ բնակչություն չի մնացել, իսկ ավելի քան 140 հազար արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ էթնիկ զտման հետևանքով։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը հետևողականորեն համալրում և արդիականացնում էր իր զինանոցը։ Հայաստան էին բերվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, Ս-300 համակարգեր, «Տոչկա-Ու»-ներ, անօդաչու թռչող սարքեր և բազմաթիվ այլ զինատեսակներ ու ռազմական տեխնիկա։ Ռուսաստանից Հայաստանը ստացել էր նաև շուրջ 50 հազար տոննա ռազմական օժանդակություն, ինչպես նաև գործում էին 100 և 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկային համաձայնագրեր՝ նոր սպառազինություն ձեռք բերելու նպատակով։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ ձեր կառավարման տարիներին։
2020 թվականի պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա և սպառազինություն։ Դրա մի մասը ոչնչացվեց մարտական գործողությունների ընթացքում, իսկ մի զգալի մասը հայտնվեց Ադրբեջանի ձեռքում։ Հետագա տարիներին նույն իշխանությունն անընդհատ հայտարարում էր սպառազինության ձեռքբերման և մատակարարումների հետ կապված խնդիրների մասին։
Սա նույնպես ձեր կառավարման ժամանակաշրջանի անվտանգային իրականությունն է, որի քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել։
Սերժ Սարգսյանի օրոք հայ զինվորը պետության համար հերոս էր և ազգային արժեհամակարգի առանցքային կերպար։ Մեր հերոսների անուններով դպրոցներ էին անվանակոչվում, հուշարձաններ էին կառուցվում, նրանց սխրանքներով սերունդներ էին դաստիարակվում։ Հայ զինվորի նկատմամբ հարգանքը ոչ թե քարոզչական կարգախոս էր, այլ պետական և հասարակական արժեհամակարգի կարևոր բաղադրիչ։
Իսկ ձեր իշխանության ներկայացուցիչների բառապաշարում պատերազմի պարտությունից հետո հայտնվեց «դասալիք» բառը՝ ռազմական և քաղաքական ձախողումների պատասխանատվության մի մասը զինվորի վրա տեղափոխելու փորձերի համատեքստում։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժ չկար։ Ձեր հռչակած «խաղաղության դարաշրջանում» Հայաստանը բախվեց ադրբեջանական ներխուժումների, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայության և նոր անվտանգային սպառնալիքների հետ։ Իսկ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանին չէին կարող պարտադրել պահանջներ, որոնք այսօր դարձել են մեր քաղաքական օրակարգի մշտական թեմաներ՝ այսպես կոչված «միջանցքի» տրամադրում, Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ արտաքին պահանջներ և մեր պետության ինքնիշխան որոշումների նկատմամբ այլ նախապայմաններ։
Հետևաբար՝ մի՛ փորձեք այսօրվա իրավիճակը համեմատել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների բանակի և անվտանգային համակարգի հետ։
Այո՛, այն ժամանակ ևս կային խնդիրներ և թերություններ։ Բայց Հայաստանը տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոն էր, Արցախում ապրում էին հայեր, հայկական զինված ուժերը պաշտպանում էին Հայաստանի և Արցախի սահմանները, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժ չկար։
Այսօր դուք կարող եք որքան ցանկանում եք խոսել նոր ճանապարհների, կահավորված դիրքերի, ինժեներական աշխատանքների և «խաղաղության» մասին։ Սակայն պետական կառավարման արդյունքը գնահատվում է ոչ թե իշխանության հայտարարություններով, այլ այն իրականությամբ, որը պետությունը ստանում կամ կորցնում է այդ կառավարման արդյունքում։
Դուք ժառանգել եք հայկական Արցախ, մարտունակ բանակ և գործող անվտանգային համակարգ։
Ձեր իշխանության տարիների արդյունքում ունենք հայաթափված Արցախ, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայություն և որակապես նոր անվտանգային սպառնալիքներ։
Սա է իրականութկունը։
Եվ այս ամենից հետո Սերժ Սարգսյանի կառավարման տարիների բանակի հետ սեփական տկարությունը համեմատելու փորձը քաղաքական վերլուծություն չէ։
Դա պատմական փաստերն ու սեփական կառավարման հետևանքները շրջանցելու և հասարակությանը բոլորովին այլ իրականություն ներկայացնելու չստացված փորձ է։
Պատմությունը հնարավոր է տարբեր կերպ մեկնաբանել, բայց դրա արդյունքները հնարավոր չէ վերաշարադրել»։

