Ռուսաստանի կործանիչներն առաջին անգամ կմասնակցեն Հայաստանում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքում գտնվող «Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին:
Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը. «Չորրորդ սերդնի МиГ-29 ժամանակակից ճակատային թեթև կործանիչների առաջին օղակը մարտական կարգով անցնելու է Երևանի Հաղթանակի զբոսայգու վրայով:
Բացի այդ, մոտ 200 ռուս զինծառայող մասնակցելու է քաղաքի կենտրոնում անցկացվելիք հանդիսավոր երթին»: Գյումրի քաղաքում ՀՌՕ-ի ավելի քան 800 զինծառայող և մոտ 20 միավոր ռազմական տեխնիկա կմասնակցեն Հաղթանակի հոբելյանական տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Երևանի և Գյումրու զորահանդեսների գլխավոր փորձերը, այդ թվում նաև կործանիչների թռիչքներով ու ռազմական տեխնիկայի շարասյան անցնելով, անցկացվելու են մայիսի 5-ին և 7-ին: Դրանք գլխավորելու է Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: