Մեկ տարի անց
Ապրիլի 13-ին լրացավ ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: Այն մասին, որ տնտեսության վիճակը վատ է, նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Հ.Աբրահամյանը, բայց նաև նշեց, որ ձեռնարկվում են քայլեր, մշակվում են ծրագրեր, որոնց արդյունքը կերևա առաջիկա տարում:
Ի՞նչ է հաջողվել անցած տարում Հովիկ Աբրահամյանին, ու արդյոք փոխվե՞լ է կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը:
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը գտնում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է մի քանի խնդիր լուծել, օրինակ` շրջանառության հարկի մեխանիզմի փոփոխությունը, որոշ ծրագրեր կան եկամտահարկի վերադարձման ուղղությամբ՝ հիպոթեքի հետ կապված, և այլն, սակայն ընդհանուր առմամբ` դժվար է գնահատական տալ:
«Ցուցանիշները լավ չեն, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, հիմա ընդհանուր չի կարելի գնահատել լավ կամ վատ: Այս պահին որոշ բաներ արվում են, ողջունելի է, ցանկությունն ակնհայտ է, ձգտումները տեսանելի են, բայց ես չեմ կարող ընդհանուր առմամբ արդյունքների մասին խոսել, որովհետև արդյունքները տեսանելի չեն: Կառավարության քաղաքականության փոփոխություն կա, ծրագրեր կան, ձգտումներ կան, հնչեցվում են, բայց կոսմետիկ բնույթի մանր-մունր փոփոխությունները հաջողության չեն բերի: Մեզ վաղուց է անհրաժեշտ` արմատապես վերանայել տնտեսական քաղաքականության ամբողջ մոդելը: Մենք վաղուց եկել ենք փակուղի և գնահատել, թե մեկ տարում ինչ արվեց կամ չարվեց, նույնիսկ իմաստը չեմ տեսնում»,- ասաց Է.Սանդոյանը:
«Ես հաջողություն եմ ցանկանում այս կառավարությանը, այնուամենայնիվ, շատ ավելի դրական գործընթացներ կան, քան նախորդ կառավարության գործունեության մեջ, բայց արդյունքներ չկան, և արդյունքը շատ արագ չի լինի: Ասել, որ ճիշտ ուղու վրա են, և կարծես թե մշակվում են այն խորքային բարեփոխումների ծրագրերը, որի մասին ես երազում եմ վաղուց, այդպես չէ: Ընդհանուր առմամբ՝ տարին վատն է լինելու, ցուցանիշները վատն են, տնտեսական աճ չի սպասվում, բնակչության իրական եկամուտների աճ չի սպասվում, արտաքին առևտրի շրջանառության կրճատում ունենք, ուղղակի ներդրումների աճ, իմ կարծիքով, չի լինի: Այս բոլորն ասում են այն մասին, որ այլևս այս տնտեսվարման մոդելը հաջողության չի կարող բերել»,- ասաց նա:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ կառավարությունը կազմավորվեց անցած տարի նաև կենսաթոշակային համակարգի հայտնի օրենքի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու ՍԴ որոշումից հետո:
«Ցավոք, կուտակայինի հետ կապված` ներկա կառավարությունը շարունակում է նախորդի բավականին բացասական գիծը, և դա է նաև պատճառը, որ մեր պայքարը շարունակվում է այս ուղղությամբ»,- ասաց Ա.Մինասյանը:
Ամեն դեպքում, ըստ նրա, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվել է մի քանի ուղղություններով կոնկրետ արդյունքներ արձանագրել, համենայն դեպս, դրանք օրենքների մակարդակով ընդունվել են, օրինակ` սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալու և սոցիալական վիճակի բարելավման օրեքներն են, շրջանառության հարկի հետ կապված պատրաստակամությունը, որ քննարկվի մեղմացման ռեժիմը. «Բայց նաև չմոռանանք, որ շատ այլ հարցերում դեռևս շոշափելի արդյունքներ չունենք, ինչպիսին ներդրումային միջավայրի բարելավումն է, հանրության մոտ բավարար վստահության ձևավորումը և նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի հայտարարված ցանկությունները: Հուսանք, որ կփոխվի կառավարության աշխատաոճը, և այս ուղղություններով մենք նույնպես կհասնենք ինչ-որ դրական արդյունքների: Նկատի առնելով, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունն արդեն իրողություն է, մնում է, որ մեծ ջանքեր գործադրվեն այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ»,- ասում է Մինասյանը:
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ` վերջին 1-2 տարիներին հանրապետությունում ստեղծված իրավիճակի պայմաններում անձերի փոփոխությունը ոչ մի փոփոխություն չէր կարող բերել կառավարության կողմից վարվող քաղաքականության մեջ. «ՀՀ-ում խնդիրը չի կայանում անձերի փոփոխությամբ հարց փոխելու մեջ: Խնդիրը համակարգային փոփոխությունների մեջ է, արդյո՞ք ի վիճակի է իշխանությունն այդ համակարգային փոփոխություններին գնալ, ու դրանից կախված կլինեն այն հաջողությունները, որ կունենան կառավարությունները: Քանի որ այդ խնդիրը չի փոխվում, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի»: Ըստ Վ.Խաչատրյանի` դեռ 2008-ից ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, որովհետև ամենակարևոր խնդիրը չի լուծվել` որևէ մեկին այդպես էլ հստակ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու ՀՀ զարգացման մոդելը սա պետք է լինի:
Վ.Խաչատրյանը նշեց, որ երբ իշխանությունը մենաշնորհների գոյությունը փորձում է բացատրել նրանով, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, ապա այդպիսի հակագիտական թեզերով առաջնորդվելու հետևանքով ստացվում է այն, ինչ կա. «Այսինքն` ունենք չաշխատող տնտեսություն, չունենք մրցակցություն, ունենք մեծ կոռուպցիա, մենաշնորհներ, որի արդյունքում տնտեսական զարգացումը զրո է: Սրանից հետո եթե հարցերը փորձում ենք լուծել անձերի փոփոխությամբ, ոչ մի հաջողության չենք կարող հասնել: Անցած մեկ տարին պետք է համարել կորուստների շրջան, և չեմ կարծում, որ հենց ինքը՝ կառավարությունը, կարող է արձանագրել մի բնագավառ, որտեղ հաջողություն է ունեցել»:
Դիտարկմանը, որ վերջերս Հ.Աբրահամյանը հայտարարել է, որ թեև մտահոգություններ կան, սակայն քայլեր ու ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքն այս 1 տարում կերևա, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ հաջողության ոչ մի նախադրյալ չկա. «Ոչ մի մեծ հրապարակված ծրագիր չկա, կա կառավարության գործունեության ծրագիր, որ հաստատվեց դեկտեմբերին, և այդ շրջանակներում ինչ-որ արտառոց փոփոխություն ակնկալել, հատկապես` տարվա երկրորդ կեսին, դա խոսքեր են, որ ասվել են ուշադրությունը ստեղծված իրավիճակից շեղելու համար»:
Տնտեսագետ, ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով` կառավարության քաղաքականությունը փոխվել է, ընդհանուր առմամբ գոնե այն բոլոր բաց կողմերը, որ ունենք մեր իրականությունում, դրանց վերաբերյալ շեշտադրումներն ակնհայտորեն ավելացել են. «Դա վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի զսպմանը, մրցակցության խթանմանը, իհարկե, վերաբերում է պարտավորությունների ճիշտ կատարմանը: Այս դժվար իներցիոն համակարգերի պարագայում այդ շեշտադրումներն արդեն դրական միտումներ են, որովհետև մինչև օրս մենք այս կտրվածքներով տոտալ լռության ու թողտվության վիճակ էինք ունեցել»: Ըստ նրա, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, կնճռոտ խնդիրները բարձրացվում են, իսկ դրանց հետո հնարավոր չէ լուծում չգտնել: Նա նշեց, որ, իհարկե, մեկ տարին նման համակարգերի համար ոչ բավարար ժամանակահատված է, որպեսզի բոլոր թվարկած խնդիրները լուծվեին, բայց միտումները թույլ են տալիս դրական կարծիք ձևավորել. «Բոլորի մեջ զգաստության էլեմենտ է մտել, բոլորը հասկանում են, որ նախկին ձևով վարքագիծ դրսևորելը հղի է հետևանքներով»:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդհանուր առմամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ դրական կարծիք հայտնեց: Նա նշեց, որ այս ընթացքում նոր գործընթացներ սկսվեցին, որոնք եղած ուղղություններին որոշակի արագացում հաղորդեցին, թափ տվեցին՝ դրական իմաստով:
«Հովիկ Աբրահամյանն ավելի պրագմատիկ անձնավորություն է, և կառավարությունն ավելի օպերատիվ է արձագանքում իրավիճակներին»,- ասաց Գ.Մակարյանը:
Խոսելով վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հ.Աբրահամյանի և գործարարների հանդիպման ու ստվերի ծավալների կրճատման քննարկումների մասին` Գ.Մակարյանը նշեց, որ այդ հանդիպման արդյունքները դանդաղ են ի հայտ գալիս: Ըստ նրա` հավաքվել է 40 մլն դոլարի հարկ, որը հաջողություն է, բայց շատ փոքր գումար է այն ամբողջի մեջ, որ կարելի էր հավաքել: Այնուամենայնիվ, խիզախությունը, որ սկսվեց գործընթացը, Մակարյանի կարծիքով, դրական է:
«Իմ հաշվարկով` ստվերում մոտ 1 մլրդ դոլար է, որի 4%-ն է հաջողվել հավաքել: Օրենքների մասով կառավարության գործունեությունը շատ ավելի դրական է` ընտանեկան բիզնեսի, շրջհարկի փոփոխությունը, ՓՄՁ շեմը մինչև 113 մլն բարձրացնելու գաղափարը, վերջին նոր մոտեցումները սուբսիդավորման սխեմաներն ուժեղացնելու շուրջ: Կառավարությունը շատ-շատ հոգսեր ունի, որոնց մի մասը ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից: Ես հասկանում եմ, որ շատ գերզբաղված իրավիճակ է, բայց պետք է նախարարությունները հստակ իրենց հանձնարարականներն ունենան` իմ նշած ուղղություններով ճիշտ աշխատելու և նաև լսելու մասնավոր հատվածի ձայնը:
Ցավոք, մեր պետական ինստիտուտների 80-90%-ը վատ է աշխատում մասնավոր հատվածի հետ, գրեթե չեն շփվում, կարծես հեռու են ուզում մնալ հոգսերից, չլսել, չիմանալ, թե ինչ խնդիրներ կան: Իրենց թվում է` ամեն ինչ գիտեն, բայց դա խաբուսիկ է»: