ԱՄՆ-ը պետք է հիշի Ռաֆայել Լեմկինի խոսքերն ու պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պետք է հիշի Ռաֆայել Լեմկինի խոսքերն ու պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Երկկուսակցական բանաձևը, որն ԱՄՆ-ին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացվել 2015 թվականի մարտի 18-ին:

Բանաձևում համառորեն կոչ է արվում վերջապես օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: Պարբերականն ընդգծում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, երբ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սպանվեց 1.5 միլիոն հայ, միլիոնավոր հայեր էլ  տեղահանվեցին:

Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ՝ ներառյալ Կանադան, Իտալիան, Շվեդիան, Ֆրանսիան, Արգենտինան ու Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, այն դեռ պաշտոնապես ճանաչված չէ ԱՄՆ Կոնգրեսի ու նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչելով՝ իրենք կհիշեն նաև այն մեկուկես միլիոն հայերին, որոնք սպանվել են օսմանյան թուրքերի կողմից. «Այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը գործի բարոյական քայլ և այդ գազանությունները ճանաչի ինչպես որ հարկն է՝ ցեղասպանություն»:

Թուրքիան լրջորեն սպառնում է, որ եթե Կոնգրեսն ընդունի այդ բանաձևը, ապա դա լրջորեն կվնասի ԱՄՆ-ի հետ քաղաքական ու ռազմական հարաբերություններին: Դրա հետևանքով ԱՄՆ-ը պաշտոնապես խուսափում է «ցեղասպանություն» բառեզրը գործածելուց: Մինչդեռ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունը որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

21 տարեկանում Լվովի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի ուսանող Ռաֆայել Լեմկինն ուսումնասիրել է հայերեն և տեղեկացել է Հայոց ցեղասպանության մասին: Դրանից հետո Լեմկինն իր պրոֆեսորին հարցրել է, թե ինչու է այդ հանցանքը մնացել անպատիժ, իսկ պրոֆեսորը նրան պատասխանել է, որ չի եղել որևէ օրենք, որին համապատասխան գլխավոր մեղսակիցը կկալանավորվեր:

Դրանից 10 տարի անց՝ 1933 թվականին, Լեմկինը, ով արդեն դատախազ էր Վարշավայում, հոդված գրեց միջազգային քրեական իրավունքի հարցերով կոնֆերանսի համար, որը պետք է տեղի ունենար Մադրիդում:

Հոդվածում Լեմկինն ուշադրություն է դարձել Հիտլերի կողմից իշխանության գալու և Օսմանյան կայսրությունում հայերի սպանդի վրա (Հիտլերը հայտարարել էր, թե «այսօր ով է հիշում հայերի ոչնչացման մասին»): Լեմկինն ընդգծել է.«Եթե դա տեղի է ունեցել մեկ անգամ,ապա տեղի կունենա վերստին: Եթե դա տեղի է ունեցել այնտեղ, ապա կարող է տեղի ունենալ նաև այստեղ»:

Հրեական ծագմամբ լեհ և ամերիկացի իրավաբան (սովորել է նաև Լվովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում) Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթի և ցեղասպանության հանցանքի զգուշացման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նախագծի հեղինակն է:

Տեսանյութեր

Լրահոս