Սա առաջին դեպքն է, որ Հայաստանը դառնում է կաթոլիկ կյանքի ու քրիստոնեական աշխարհի ուշադրության կենտրոն. The Guardian
Բրիտանական The Guardian թերթը լայնորեն լուսաբանել է ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրա ժամանակ Ֆրանցիսկոսը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է որակել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանությունները:
Դրա հետ կապված՝ թերթը գրում է, որ Հռոմի պապի այդ հայտարարությունը քաղաքական առումով պայթյունավտանգ հայտարարություն է, որն ունակ է վնասել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին:
Թերթը նշում է, որ չնայած նրան, որ պատմաբանների հաշվարկներով այն ժամանակ սպանվել է 1.5 միլիոն հայ՝ Թուրքիան հրաժարվում է այն ճանաչել որպես ցեղասպանություն: Թերթն ընդգծում է, որ դա չեն արել նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան՝ չզայրացնելու համար ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակցին:
Թերթի հետ զրույցում Իգոր Դորֆման-Լազարևը, ով Լոնդոնում գտնվող Արևելյան ու աֆրիկյան հետազոտությունների դպրոցում հետազոտում է հայոց պատմություն հայկական մշակույթ, հայտարարել է, որ պատարագը վկայեց, որ Հռոմի պապը ջանքեր է գործադրում ծայրամասային շրջանների քրիստոնյա խմբերին կաթոլիկ եկեղեցու ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, որ Հայաստանը դառնում է կաթոլիկ կյանքի ու քրիստոնեական աշխարհի ուշադրության կենտրոն. «Դա նշանակում է Քրիստոնեական արևելքի նկատմամբ ուշադրության բևեռում: Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչը հազիվ թե փոխի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Դա կարող է մեծացնել Վատիկանի դիվանագիտական խնդիրները»: