«ՀՀ-ին դեպի նոր աշխարհաքաղաքական ընտրության ուղղորդելու է Մոսկվան»

Մեր զրուցակիցն է ռուս հեղինակավոր վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի
առաջատար գիտաշխատող Լիլյա Շևցովան

– Թեև վերջին շրջանում այս թեման շատ ենք քննարկում, այն չի կորցնում արդիականությունը` հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող բացասական զարգացումների, գործողությունների, այդ թվում` Բորիս Նեմցովի սպանության ֆոնին։ Ի վերջո, ըստ Ձեզ` ե՞րբ և ինչպե՞ս կարելի է կանգնեցնել այս գործընթացը, լիբերալ արժեքների անկման այս փուլը։

– Ձեր հարցի մեջ զգալի է այն հիասթափությունն ու դառնությունը, որը կա այն խնդրի վերաբերյալ, որ լիբերալ-ժողովրդավարական արժեքներն այդպես էլ չդարձան հետսովետական տարածքի էական հատվածի զարգացման հիմքն ու ուղենիշը։ Ես կիսում եմ Ձեր զգացմունքները։ Եվ, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ մտածողության տրամադրություններն ամենաքիչը մեր տարածաշրջանի որոշ երկրներում, այդ թվում` ՌԴ-ում, հույս ունեմ, նաև ՀՀ-ում, ավելի լուրջ են և ընդգրկում են շատ երանգներ, որոնք կարող են նոր միտումների վերածվել։

Բորիս Նեմցովի սպանություն անկասկած հարված էր ռուսաստանյան ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը, հարված էր այլընտրանքային մտածողության և պահվածքի յուրաքանչյուր դրսևորմանը։ Խոսքը քաղաքական սպանության մասին է` և դրդապատճառներով, և հետևանքներով։ Ով էլ լինի սպանության կազմակերպիչն ու իրականացնողը, պետությունը, որն այն չկանխեց, ավելին, ստեղծեց մի մթնոլորտ, որում քաղաքական սպանությունները սկսել են ամենօրյա բնույթ կրել, պատասխանատու է այս հանցագործության համար։ Բայց արդյո՞ք Նեմցովի սպանությունը լիբերալ արժեքների սնանկության արտացոլումն էր։ Ես միանշանակ հետևություններ չէի անի։ Այն փաստը, որ ՌԴ-ում ավտորիտար նախագահի վարկանիշը հասել է 85%-ի, դեռ ոչինչ չի ապացուցում։

Մենք հասարակության շփոթվածության հաստատումն ենք տեսնում մարդկանց ուղեղներում, նրանց ապակողմնորոշման և անվստահության, ինչպես նաև ձգտումներում` գտնել հենարան իշխանության շրջանում։ Բայց չէ՞ որ ԽՄԿԿ-ն կորցրել էր իր առաջատար դիրքերը, երբ դեռ հարցումները ցույց չէին տալիս նրա միաձայն աջակցությունը հասարակության շրջանում։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, երբ քաղաքացիների մեծամասնությունը հանդես եկավ նրա պահպանման օգտին։ Կարճ ասած, մեր հասարակություններում ներկայումս չկան համոզիչ ցուցիչներ առ այն, թե որ ուղղությամբ պետք է սկսեն զարգանալ տրամադրությունները, երբ արդեն ջրի երես են բարձրանում համակարգի քայքայման նշանները։

Համոզված եմ, որ և ՌԴ-ում, և ՀՀ-ում կա մի փոքրամասնություն, որն աջակցում է լիբերալ-ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Իսկ բնակչության էական հատվածը պատրաստ կլիներ ընդունել այդ արժեքները, եթե նրան այդ արժեքներն առաջարկվեին։ Հետևաբար, խոսքն էլիտաների խնդրի մասին է, էլիտաներ, որոնք դեռ պատրաստ չեն դա անել։ Բայցև պահպանել իշխանությունը, երբ սկսվում է բռնակալ իշխանության ճգնաժամ, առավել ևս` այնպիսի ռեժիմի, որն ինքնապահպանման համար բավարար ռեսուրսներ չունի, ավելի ու ավելի բարդ է լինելու։ Նշանակում է, որ այլընտրանքի հնարավորություն է բացվում։ Նույնիսկ պատմական դադարները միշտ հավասար են նոր պատմությունների նախաբանի։ Չնայած այն ճահճին, որում մենք բոլորս հայտնվել ենք, չունեմ աշխարհակործան տրամադրություն։

– Նշեցիք, որ մեր երկրներում պահպանվել են լիբերալ-ժողովրդավարական արժեքներ կրող ուժեր, որոնք այսօր, ինչպես երբևէ, հասկանում են ազատության արժեքը, փորձում վերականգնել այն անկախությունը, որը ստացել են, բայց երբեք չեն ունեցել։ Ուկրաինական ճգնաժամով պարզ դարձավ, որ հետսովետական երկրների անկախության հիմնական խոչընդոտը ՌԴ ներկայիս իշխանություններն են, որոնց հետ ճիշտ վարվելաձև դեռ հնարավոր չի եղել ձևավորել։ Ըստ Ձեզ, ներկայումս ինչպե՞ս կարող են այդ երկրները, այդ թվում` ՀՀ-ն, ՌԴ ներկայիս իշխանությունների պայմաններում իրենց շահն առաջ մղել` չունենալով այդ հարաբերություններում ազդեցության լծակներ, ինչպես ՌԴ-ն:

– Դուք բարձրացրիք կիսափլուզված կայսրության խնդիրը, մի կայսրության, որը փորձել է սառեցնել իր հետագա փլուզումը։ Այո, ռուսական ինքնակալությունը ցուցաբերում է զարմանալի ինքնապահպանում և՛ պետականության, և՛ քաղաքական ռեժիմների, և՛ գաղափարախոսությունների փոփոխությունների միջոցով։ Այսօր ինքնակալությունը փորձում է շարունակել գոյատևել` վերադառնալով նախկին մոդելին` «Պաշարված ամրոցին», որը փաստում է, որ խաղաղ ժամանակներում և փափուկ ավտորիտարիզմի պայմաններում ռեժիմի գոյատևման ռեսուրսները սկսում են վերանալ։ Սկսել է գործել հոգեվարքի օրենքը, այնինչ այն կարող է երկար շարունակվել, որը կարող է տանջալի լինել և՛ ՌԴ-ի, և՛ այն երկրների համար, որոնք հայտնվել են նրա ուղեծրում։ Հայաստանը, փաստորեն, այդպիսի երկրներից մեկն է։ Մի պետություն, որը ճակատագրի քմահաճույքով հայտնվել է «ռուսական» գալակտիկայում։

Դժվար է դիմադրել և չարտահայտել այն տխուր եզրակացությունը, որ և՛ ՌԴ-ն, և՛ ՀՀ-ն դարձան այն թակարդների զոհերը, որոնք իրենց բովանդակությամբ տարբեր են։ ՌԴ-ն պատմական թակարդի զոհն է, էլիտայի և հասարակության անկարողության` դուրս գալ ինքնակալության թելադրանքի ավանդույթից։ ՀՀ-ն հայտնվել է աշխարհագրական թակարդում, որը որոշակիորեն հստակեցնում է Մոսկվայից կախվածության իր բնույթը։ Թեև հարց է, թե որքանով է արդարացված պատմական և աշխարհագրական ճակատագրապաշտությունը։ Հնարավոր է՝ մեր երկու երկրները պարզապես բաց են թողել այդ թակարդներից դուրս գալու հնարավորությունը, իսկ այն միգուցե գոյություն ունեցել է, և մենք միգուցե փորձում ենք արդարացնել մեր իսկ անգործությո՞ւնը։

Ամեն դեպքում ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններն իրենցից ներկայացնում են իմպերիալիստական երկրի հետ հարաբերությունների` միևնույն ժամանակ` վառ և դրամատիկ օրինակ, որը փորձում է երկարաձգել սեփական կյանքը` ազդեցության ոլորտների, արբանյակ երկրների հաշվին, որում սեփական ինքնիշխանության հիմնական գործիքը կախվածությունն է մեծ երկրից։

Ի դեպ, ՀՀ-ն հայտնվել է ավելի տանջալի իրավիճակում, քան, օրինակ, Բելառուսը, որը ևս նրա արբանյակն է։ Լուկաշենկոն նվազագույնը կարող է իրեն թույլ տալ սեթևեթել Եվրոպայի հետ, ինչը, ինչպես թվում է, Երևանը խուսափում է անել։ Ես չունեմ խորհուրդ` ինչպես կարող է ՀՀ-ն դուրս պրծնել ռուսական գրկից։ Ահա, Ուկրաինան փորձեց դա անել, որը հանգեցրեց պատերազմի։ Բայց չէ՞ որ դեգրադացվող կայսրության կախյալ կցորդի կարգավիճակում մնալը ևս ամենալավ ճակատագիրը չէ։ Եվ այնուամենայնիվ, ինձ թվում է, որ հայ ժողովուրդն ունի իր ճակատագիրն ընտրելու հնարավորությունը։ Առավել ևս, որ Ձեզ դեպի այդ նոր ընտրությունն է ուղղորդելու նաև Մոսկվան։ Խոսքս առաջին հերթին` ՌԴ տնտեսական ճգնաժամի մասին է, որը կանդրադառնա տնտեսական հարաբերությունների և երկու երկրների միջև առևտրաշրջանառության վրա։ Դրան ավելացնենք նաև Մոսկվայի խստացված քաղաքականությունը միգրանտների նկատմամբ. ՀՀ-ի հազարավոր քաղաքացիներ ետ էին ուղարկվել ՌԴ-ից «միգրանտների օրենքների խախտումների» հետևանքով, և այդ միտումը շարունակվում է։ Մի խոսքով` նաև Հայաստանը կներքաշվի «գալակտիկայի» խնդիրներում։

– Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, այն որակելով խնդիր, որը պետք է լուծում ստանա։ Վերջին տարիներին այս հարցի նկատմամբ հայ հասարակությունը բավականին զգայուն է եղել, քննադատել է Ռուսաստանին, իսկ նախագահի կողմից երբեք նման կտրուկ քննադատություն չի եղել։ Ըստ Ձեզ` ի՞նչ է փոխվել վերջերս։ Միգուցե ՀՀ իշխանություննե՞րն են ամրապնդել իրենց դիրքերը, որը թույլ է տալիս Մոսկվայի հետ խոսել ավելի համարձակ լեզվով։

– ՌԴ-ն միշտ է զենք վաճառել հակամարտության երկու կողմերին, ինչպես` ՀՀ-ին, այնպես էլ` Ադրբեջանին, դրանով իսկ հավակնելով կողմերի միջև հաշտարարի և համակարգողի դերակատարությանը։ Սրանում գաղտնիք չկա, և բոլորին է հայտնի։ Այս երկակիության արտացոլումն է ուկրաինական ճգնաժամի շուրջ Մոսկվայի դերակատարությունը, այդ ճգնաժամում Մոսկվան հանդես է գալիս` որպես հակամարտության կողմ, որպես ագրեսոր և, միևնույն ժամանակ, որպես կարգավորման գործընթացի մասնակից և խաղաղ պայմանագրերի երաշխավոր։ Այո, կեղծավորության փառաբանման օրինակ է։ Բայց չէ՞ որ աշխարհը, այդ թվում` և՛ Արևմուտքը, և՛ միջազգային կազմակերպությունները, դրանում ոչ մի արտասովոր և դատապարտելի երևույթ չեն գտնում։ Եթե ՀՀ իշխանությունները սկսել են այս հարցի ուղղությամբ ձայն բարձրացնել, նշանակում է, որ նրանք սկսել են հաշվի առնել հասարակական տրամադրությունների փոփոխությունները` փորձելով արձագանքել այդ փոփոխություններին։ Կարծում եմ, որ Բաքվում ևս նմանատիպ տրամադրություններ կան հակամարտության երկու կողմերին ռուսական զենքի վաճառքի շուրջ։ Եվ ի՞նչ կարելի է անել այս ուղղությամբ։ Միայն մեկ բան` կարգավորել հակամարտությունը, որպեսզի նման միջնորդների անհրաժեշտություն չառաջանա։ Բայց ձեզ ավելի տեսանելի է, թե որքանով է դա հնարավոր։

– Հնարավո՞ր է՝ ամեն դեպքում, Մոսկվան սկսի հարգել ՀՀ-ի կարծիքը, որտեղ իշխանություններն այլևս չեն կարողանում չարձագանքել հասարակական տրամադրություններին։

– Ես իմ այս պատասխանի հարցում կասկածներ չունեմ։ Եթե Կրեմլը չունի ցանկություն` հարգել սեփական ժողովրդի կարծիքը, ինչո՞ւ Կրեմլը դա պետք է անի այլ երկրի դեպքում։ Առավել ևս, Կրեմլից կախյալ երկրի դեպքում։ Ահա և իմ պատասխանը։ Միանշանակ և, հույս ունեմ, անկեղծ։

Տեսանյութեր

Լրահոս