«Մալխաս ակումբում որևէ միջադեպ չի եղել. երգչուհին ստում է». ակումբի ղեկավարություն
Մալխաս ակումբի տնօրինությունը հերքում է երգչուհի Ալինա Կիրակոսյանի տված ամբողջ ինֆորմացիան այն մասին, թե ակումբում իրեն վիրավորել է Քիմ Քարդաշյանի ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներից մի աղջիկ:
«Մալխաս ջազ ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ նման դեպք տեղի չի ունեցել. երգչուհին ստում է»,- ասաց ակումբի ղեկավարությունը ներկայացնող մենեջերը:
168.am-ի այն հարցին, թե երգչուհին կշարունակի՞ աշխատել ակումբում, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման ինֆորմացիա չեմ կարող տալ: Դա ընթացքում կորոշվի»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում երգչուհի Ալինա Կիրակոսյանն ասել էր. «Այսօր ինձ հրավիրել էին Մալխաս ակումբ՝ երգելու: Քիմն ու քույրը այնտեղ հյուր էին: Ելույթիցս առաջ Քիմի պատվիրակության անդամներից մեկի ն(ամերիկացի աղջիկ էր) ուրիշ ակումբի այցեքարտ տվեցի, նա էլ ասաց, որ կփոխանցի Քիմին: Բայց հայկական պատվիրակությունից մի անդաստիարակ աղջիկ մեծ աղմուկ բարձրացրեց՝ թե դու ո՞վ ես, որ Քիմին այցեքարտ փոխանցես, դու այսօր չես երգելու այստեղ, եթե երգես՝ մենք դուրս կգանք ակումբից, և այդպես ինձ արգելեցին երգել»: