Պատգամավորները՝ նաև Քարդաշյանի մասին

Ազգային ժողովի երեկվա ճեպազրույցներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան երկու հիմնական թեմաների` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորմանն ու Քիմ Քարդաշյանի աստղային ընտանիքի հայաստանյան այցին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով մոտ երկու շաբաթ առաջ կանխատեսել էր, թե ՀԽ-ի անդամների ձերբակալություններ կլինեն, երեկ այդ կանխատեսումը վերագրեց քաղաքական «պայծառատեսությանը». «Ժամանակին ես խոսել եմ, բայց սխալ է ընկալվել, և փոխարենը զգուշացում լիներ` վայրահաչություն ու ինչ-որ արձագանքներ լսեցի»: Ըստ նրա` կանխատեսելի էր, որ այդ ամենը կարող էր հանգեցնել նման հետևանքների, և մեղադրանքի հոդվածը հենց կանխարգելման հետ է կապված: Ռուստամյանի կարծիքով` եթե ինչ-որ բան նախապատրաստվում է, դա պետք է կանխարգելվի. «Բայց իմ մոտ տպավորություն է, որ Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները հենց ուզում էին ձերբակալվել: Չեմ բացառում, որ 24-ից հետո հիմքերը, որ ապացույց են եղել ձերբակալության ժամանակ, կարող են վերանալ:

Մի բան ասում ես, հետո ասում են՝ պայմանավորված ես, տեղյակ ես, բայց ակնհայտ բաները պետք է տեսնել: Իսկ եթե չեն տեսնում ակնհայտ բաները, քաղաքական անձանց համար անթույլատրելի է: Քաղաքական պայքարը մեզ համար միշտ ընդունելի է, և պետք է հարգել մյուս ուժի մոտեցումները, որ կարող են չհամապատասխանել քո տեսակետին: Իշխանափոխության խնդիր կարող է դնել ցանկացած ոչ իշխանական ուժ, բայց դրա տեղն ու ձևը կա: Իրենք իրենց պայքարը կարող են շարունակել, բայց չֆիքսվեն ապրիլի 24-ի վրա: Պարզ է, որ մեծ պատվիրակություններ են սպասվում, ինչը նյարդայնացնում է Թուրքիային: Այս ամենը լուրջ հետևանքներ ունի, և պարզունակ խնդիր չի: Սրանք այդ տարողութամբ պետք է գնահատվեին, և ըստ այդմ` գործողությունների ծրագիրը մշակվեր»:

Նա նշեց, որ ապրիլի 24-ի վտանգը գնահատվել է, բայց դրանից հետո իրավապահներին դժվար կինի բացատրել, թե ինչն է խնդիրը, որ վտանգը պահպանվում է: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` Ժիրայր Սէֆիլյանը և մյուսներն ունեն հնարավորություն, որ եթե ինչ-որ բան ճիշտ չլինի, դիմեն ՄԻԵԴ. «Քաղաքական բանտարկյալ հասկացությունը սահմանված է, կան 5 չափորոշիչներ, և հայտարարությունն անելուց պետք է ըստ այդմ գնահատվի: Դրա վերջնական հաստատումը կարող է ստանալ ՄԻԵԴ դիմելուց հետո»: Ռուստամյանը չբացառեց, որ կայցելի Սէֆիլյանին. «Եթե հնարավորություն լինի, իրենք էլ մեզ թշնամաբար չվերաբերվեն, պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել ցանկացած՝ մեր օգնության կարիքն ունեցող մարդու»:

Կարդացեք նաև

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբանը հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանդեպ իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հետ զուգահեռ` Հայաստանում ունենք այլ թեմա` իշխանափոխության հարցը. «Ես չեմ կարծում, որ այդ ձևակերպումը, թե` «Հիմնադիր խորհրդարանի» անդամները պատրաստվում էին իշխանափոխություն իրականացնել, բավարար հիմք է, որ կատարվեն ձերբակալություններ: Այլ հարց է` եթե իսկապես փաստական հիմքն ապահովվեր, պետք է քննարկվեր, բայց առայժմ չկա որևէ փաստ: Ես ուշադիր ուսումնասիրել եմ այն բոլոր արտահայտությունները, որ արվել են «Հիմնադիր խորհրդարանի» կողմից, ես չեմ տեսել ուղղակի վտանգ, որ օրենքի խախտումով պատրաստվում են իշխանափոխություն անել»:

Ռ.Հակոբյանը նշեց, որ ապրիլի 24-ին շատ պետությունների ղեկավարների այցելություն է սպասվում, և արարողակարգային աքսիոմ է, որ 1-2 շաբաթ առաջ անվտանգության հարցերն ուսումնասիրելու համար ուղարկվում են համապատասխան աշխատակիցներ: Այս առումով, ըստ նրա, իշխանությունն իր քայլը կփորձի ներկայացնել` որպես համարժեք քայլ, բայց այն համարժեք չէր. «Ես չեմ գտնում, որ իշխանության քայլը ճիշտ է: Մյուս կողմից` ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էր «Հիմնադիր խորհրդարանը» փորձում հենց այդ օրն ինչ-որ գործողություններ սկսել: Եթե իսկապես «Հիմնադիր խորհրդարանն» ունի հետևորդներ, համակիրներ, կարող էր նույն խնդիրն իրականացնել մայիսի 1-ին, 10-ին, 20-ին: Ես համոզիչ փաստարկ չեմ տեսնում, թե ինչու հենց այդ օրը, այն դեպքում, երբ մենք տասնյակ-հազարավոր հյուրեր ենք ունենալու այստեղ: Միայն ասել, որ այդ օրը մարդիկ դուրս են գալիս փողոց, քաղաքական մոտեցում չէ: Իրենց կեցվածքով 24-ին մեկ այլ թեմա բերեցին հարթություն, որը կվնասի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներին»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների ձերբակալություններն իրականացվել են Սերժ Սարգսյանի հրահանգով:

Ըստ նրա` դա տեղավորվում է բռնությունների այն շղթայի մեջ, որ սկսվել է անցած տարվա աշնանից, և ռեժիմն ընդդիմադիրների դեմ ուժային քայլեր է իրականացնում: Հիշեցնելով Արամ Մանուկյանի ծեծը, ԲՀԿ քաղխորհրդի անդամի առևանգումը, ԲՀԿ-ի հանդեպ ճնշումները, Բերձորի, Գյումրիում դանակահարության դեպքերը՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ գործընթացը հասավ իր ավարտին` այդ խմբի ղեկավարությանը ձերբակալելուն: «Սա միանշանակ քաղաքական է, ուղղված է ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը: Եթե այդ մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, էլ նրանց անունն ի՞նչ պետք է դնես, եթե ոչ` քաղբանտարկյալ»,- ասաց Լ.Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը բաժանված է երկու մասի. «Այդ քաղաքական ուժի գործունեության հետ կապված` մենք էլ ունեցել ենք հարցեր, բայց իրավական տեսակետից մեզ էլ չի բավարարում իրավապահների տարածած հաղորդագրությունը, թե ինչն է հիմք հանդիսացել ձերբակալության համար: Կարծում եմ` իրավապահ համակարգը պետք է ավելի մանրամասն բացատրություն տա, թե ինչն է եղել հիմքը»: «Քաղաքական բանտարկյալ» որակումը տալու հարցի վերաբերյալ Ն.Զոհրաբյանը նշեց, որ չէր շտապի նման ձևակերպում հնչեցնել: Ըստ նրա` ավելի հանգամանալից բացատրության են սպասում, թե ինչ կերպ էին զանգվածային անկարգություններ նախապատրաստում: Ն.Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, ԲՀԿ-ն հետևում է գործընթացին և դատապարտում է ցանկացած անօրինական գործողություն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, թե դեմ չէ, որ ապրիլի 24-ին սադրիչ գործողություններ նախապատրաստող ուժերի հանդեպ կանխարգելիչ գործողություններ են կիրառվում: Նա հիշեցրեց Մարտի 1-ը, երբ մեղադրանք էր հնչում, որ իմացել են, բայց չեն կանխարգելել, և նշեց, թե այժմ նախօրոք սադրանքների մասին գիտեին, «Հիմնադիր խորհրդարանը» բավականին ագրեսիվ հայտարարություններ է արել, և իրավապահներն իմացել են, որ հավաքի ժամանակ մեկ-երկու հոգի կարող էին «հավաքը վերածել ամբոխի, իսկ ամբոխը կկարողանար սադրիչ գործողություններ կատարել»: Բաղդասարյանի խոսքով` այդ օրը հարյուր-հազարավոր մարդիկ են հավաքվելու. «Այնտեղ պրովոկացիաների արդյունքում կարող էր մի այնպիսի գործողություն կատարվել, իսկ իրենք դա բացահայտ հայտարարում էին, ու որևէ անգամ այդ խումբը չի թաքցրել, որ իրենց նպատակը դա է: Այդ միջոցառման օրը, որ ամբողջ աշխարհն է խառնված իրար, ինչ-որ հայ ազգանունով մարդիկ ցանկանում են խոչընդոտել: Դրա համար համապատասխան մարմինները տվել են իրենց հիմնավորումները: Ես դեմ չեմ, որ նման տիպի մարդկանց այս ընթացքում մեկուսացնեն հանրությունից»: Նա հրաժարվեց ենթադրություններ անել, թե արդյո՞ք ապրիլի 24-ից հետո Սէֆիլյանն ու նրա ընկերներն ազատ կարձակվեն.

«Ես չեմ ուզում ո՛չ դատավորի, ո՛չ էլ մասնագետի դերում հանդես գալ, դրա մասնագետը չեմ: Եղել է կանխարգելիչ գործողություն, որի հիմնավորումները կտան իրավապահները»: Նա նաև բազմանշանակ հայտարարեց, թե այս ամենի արմատները բավականին խորն են, ամեն ինչ կպարզաբանվի, ու կոչ արեց մի քիչ համբերել:
Ճեպազրույցների երկրորդ թեժ թեման՝ Քարդաշյանների այցը, բավականին սպասված էր:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե Քիմ Քարդաշյանի այցելությունից ակնկալիքներ չունի, և պետք չէ ուռճացնել դա. «Հայ է, եկել է իր հայրենիք, պետք չի ուրիշ երանգավորումներ տալ: Մոռանում են քայլի հիմնական թեման, ասում են` պետք է իր ճանաչվածությունն օգտագործել, բայց խնդիրը պետք է տեղափոխել անձնական, խիստ կոմպլեքսավորված դաշտից դուրս: Հիմա եկել է, իր հայրենիքն է, պտտվում է, կարող է մի օգտակար գործ էլ անի»:

Լևոն Զուրաբյանի կարծիքով` Քիմը ոչ միայն շատ գեղեցիկ, հմայիչ կին է, ով շատ լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին, այլև Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի շատ մեծ ներդրում ունի, քան, օրինակ, Էդուարդ Շարմազանովը. «Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով»:

Ռուբիկ Հակոբյանն էլ էր սպասում Քարդաշյանի մասին հարցին` «բնական է` առանց Քարդաշյանի անունը հոլովելու չի կարելի», ում շնորհիվ, ըստ նրա, Ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս: Սակայն Հակոբյանը հանդիմանեց հայերին` Քիմի ամուսնուն` աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթին բավարար ուշադրության չարժանացնելու համար. «Եթե որևէ մեկը կարող է նեղանալ այսօր` դա Քիմի ամուսինն է: Ինքն աշխարհահռչակ ռեփ կատարող է, և պետք է օգտվել այդ հնարավորությունից, մենք էլ ռեփի սիրահարներ ունենք, նրա հետ քննարկել ու, կարծում եմ, Ցեղասպանության հարցը կշոշափվի»:

Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է «անառողջ» աժիոտաժը, որ առաջացել է Քիմ Քարդաշյանի այցի հետ կապված, քանի որ աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներում «3 նախադասություն տեղադրելու համար ՀՀ իշխանությունները պիտի ծախսեին մի քանի հարյուր հազար եվրո», սակայն դրանք, արդեն քանի օր է, անդրադառնում են Հայոց ցեղասպանության խնդրին՝ Քիմ Քարդաշյանի շնորհիվ. «Միայն 77 մլն այցելու է եղել Քիմ Քարդաշյանի էջը, որտեղ ինքը հստակ նշել է, թե որն է եղել իր բուն նպատակը՝ Հայաստան այցելության»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս