Անցյալում են մնացել այն օրերը, երբ ԱՄՆ-ը շահագործել է Լատինական Ամերիկան. Օբամա
The Washington Times-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պանամայում տեղի ունեցած գագաթաժողովում Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդներին վստահեցրել է, որ ավարտվել են այն օրերը, երբ Վաշինգտոնը շահագործել է այդ տարածաշրջանը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պարտք է մնացյալ աշխարհին. «Մենք հարգանքով ենք մոտենում մեր երկրների միջև տարբերություններին: Անցել են այն օրերը, երբ այս տարածաշրջանում մեր քաղաքականությունը նախատեսում էր անպատիժ միջամտություն»:
Օբաման առաջնորդներին կոչ է արել պահպանել ժողովրդավարական սկզբունքները, այդ թվում նաև լսել հասարակական քննարկումներին և հարգել այլ տեսակետները:
Օբաման դրա հետ մեկտեղ ընդունել է, որ իր երկիրը նույնպես իդեալ չէ` հիշեցնելով մասնավորապես ոստիկանության ու ռասայական փոքրամասնությունների միջև կոնֆլիկտները: Օբաման ընդգծել է ազատ շուկայի առավելությունը: