Հայաստանին դեպի իր նոր աշխարհաքաղաքական ընտրությանը Մոսկվան է ուղղորդելու Մոսկվան. Լիլյա Շևցովա

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հայտնվել են տարբեր բովանդակության թակարդներում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլյա Շևցովան, անդրադառնալով հետսովետական տարածքում տեղի ունեցող զարգացումներին:

Նրա խոսքով՝ դժվար է դիմադրել և չարտահայտել այն տխուր եզրակացությունը, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը դարձան այն թակարդների զոհերը, որոնք իրենց բովանդակությամբ տարբեր են: Ըստ նրա` Ռուսաստանը պատմական թակարդի զոհն է, էլիտայի և հասարակության անկարողության դուրս գալ ինքնակալության թելադրանքի ավանդույթից, իսկ Հայաստանը հայտնվել է աշխարհագրական թակարդում, որը որոշակիորեն հստակեցնում է Մոսկվայից կախվածության իր բնույթը:

«Թեև հարց է, թե որքանով է արդարացված պատմական և աշխարհագրական ճակատագրապաշտությունը: Հնարավոր է, որ մեր երկու երկրները պարզապես բաց են թողել այդ թակարդներից դուրս գալու հնարավորությունը, իսկ այն միգուցե գոյություն է ունեցել, իսկ մենք միգուցե փորձում ենք արդարացնել մեր իսկ անգործությո՞ւնը»,- ասաց նա:

Շևցովան նշեց, որ ամեն դեպքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իրենցից ներկայացնում են իմպերիալիստական երկրի հետ հարաբերությունների միևնույն ժամանակ վառ և դրամատիկ օրինակ, իմպերիա, որը փորձում է երկարաձգել սեփական կյանքը ազդեցության ոլորտների, արբանյակ երկրների հաշվին, որում սեփական ինքնիշխանության հիմնական գործիքը կախվածությունն է մեծ երկրից:

«Ի դեպ, Հայաստանը հայտնվել է ավելի տանջալի իրավիճակում, քան օրինակ Բելառուսը, որը ևս իը արբանյակն է: Լուկանշենկոն ամենաքիչը կարող է իրեն թույլ տալ սեթևեթել Եվրոպայի հետ, ինչը, ինչպես թվում է, Երևանը խուսափում է անել: Ես չունեմ խորհուրդ ինչպես կարող է Հայաստանը դուրս պրծնել ռուսական գրկից: Ահա, Ուկրաինան փորձեց դա անել, որը հանգեցրեց պատերազմի: Բայց չէ՞ որ դեգրադացվող կայսրության կախյալ կցորդի կարգավիճակում մնալը ևս ամենալավ ճակատագիրը չէ:

Եվ այնուամենայնիվ, ինձ թվում է, որ հայ ժողովուրդն ունի իր ճակատագիրն ընտրելու հնարավորությունը: Առավել ևս, որ Ձեզ դեպի այդ նոր ընտրությունն է ուղղորդելու նաև Մոսկվան: Խոսքս առաջին հերթին ՌԴ տնտեսական ճգնաժամի մասին է, որը կանդրադառնա տնտեսական հարաբերությունների և մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության վրա: Դրան ավելացնենք նաև Մոսկվայի խստացված քաղաքականությունը միգրանտների նկատմամբ. Հայաստանի հազարավոր քաղաքացիներ ետ էին ուղարկվել Ռուսաստանից «միգրատների օրենքների խախտումներ»-ի հետևանքով և այդ միտումը շարունակվում է»,- ասաց Լիլյա Շևցովան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս