«ՀՀ իշխանությունների քայլը համարժեք չէր». Ռուբեն Հակոբյան
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբանը հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանդեպ իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որն ապրիլի 24-ի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ զուգահեռ ունենք ՀՀ-ում: Ըստ նրա՝ իշխանափոխության հարցն այլ թեմա է. «Ես չեմ կարծում, որ այդ ձևակերպումով, թե` «Հիմնադիր խորհրդարանի» անդամները պատրաստվում էին իշխանափոխություն իրականացնել, բավարար հիմք է, որ կատարվեն ձերբակալություններ: Այլ հարց է, եթե փաստական հիմքը ապահովվեր, բայց չկա դեռ նման փաստ: Բոլոր հայտարարություններին ես հետևել եմ և դեռ չեմ տեսել նման հայտարարություն, որ ուզում էին անկարգություններ անել»:
Ռ.Հակոբյանը նշեց, որ ապրիլի 24-ին շատ պետությունների ղեկավարների այցելութուն է սպասվում և արարողակարգի աքսիոմ է, որ 1-2 շաբաթ առաջ անվտանգության հարցերը ուսումնասիրելու համար ուղարկվում են համապատասխան աշխատակիցներ: Ամեն դեպքում, ըստ նրա, ՀՀ իշխանությունների քայլը համարժեք չէր.
«Ես չեմ գտնում, որ իշխանության քայլը ճիշտ է: Մյուս կողմից ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու էր «Հիմնադիր խորհրդարանը» փորձում հենց այդ օրը սկսել: Եթե իսկապես «Հիմնադիր խորհրդարանն» ունի հետևորդներ, համակիրներ, կարող էր նույն խնդիրը իրականացնել մայիսի 10-ին, 20-ին: Ես համոզիչ փաստարկ չեմ տեսնում, թե ինչու հենց այդ օրը: Միայն ասել, որ այդ օրը ժողովուրդը դուրս էգալիս փողոց, քաղաքական մոտեցում չէ: Իրենց կեցվածքով 24-ին մեկ այլ թեմա բերեցին հարթություն, որը կվնասի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներին»: