Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը և կարևորել է տարածաշրջանային, ինչպես նաև իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը և ՊԳԿ-ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել իրականացնել ՀՀ տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր՝ ապահովելով դրանց ֆինանսավորումը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սատարել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կազմակերպությունում իրականացվող բարեփոխումներին: Նախագահի խոսքով, Հայաստանը հետևողականորեն աշխատում է ՊԳԿ-ի հետ՝ իր ներդրումը բերելով աշխարհում պարենային անվտանգության ապահովման գործին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում զրուցակիցներն ուրախությամբ են փաստել, որ արդեն իսկ ստորագրվել է ԵՏՄ–ՊԳԿ փոխգործակցության միջոցառումների ծրագիրը և վստահություն են հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ՀՀ–ՊԳԿ համագործակցության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել ս.թ. հունիսին կայանալիք ՊԳԿ 39-րդ համաժողովի աշխատանքներին, ինչպես նաև գլխավոր տնօրենի մանդատի համար անցկացվելիք ընտրություններին:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս