«Չկա արդարացում մարդկանց, ովքեր կարող էին օգնել իմ երեխային, բայց դա չարեցին». «Արաբկիր» բ/կ-ում մահացած աղջկա հայրը՝ դատարանում
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատաքննությունը: Դատարանում ճառով հանդես եկավ մեղադրող Դավիթ Կարապետյանը՝ դատարանից խնդրելով գործով երկու ամբաստանյալներին՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի երիտասարդ բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին, մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում: Նա միջնորդեց Լիլիթ Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով, Զարինե Այվազյանի նկատմամբ պատիժ նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկում՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, 2013թ. համաներում հայտարարելու որոշման համաձայն՝ ազատվել հիմնական՝ ազատազրկման ձևով պատիժը կրելուց:
«Թեև երկու ամբաստանյալների արարքների հետևանքով է վրա հասել երեխայի մահը, սակայն ակնհայտ է, որ, ի տարբերություն Լիլիթ Վարդանյանի, Զարինե Այվազյանի արարքի հանրային վտանգավորությունն առավել բարձր է»,- ասաց մեղադրողը: Նրա խոսքով՝ ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ որպես մեղմացնող հանգամանք՝ պետք է հաշվի առնել նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված չլինելու փաստը:
Իր ճառում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, ասաց, որ նման դեպքերը հիմնականում ավարտվում են ծեծուջարդով, սակայն ինքն ընտրել է քաղաքակիրթ տարբերակը՝ հարցը լուծել՝ դատարան դիմելով: «Գործընթացի ժամանակ բոլորիս համար պարզ երևում էր, թե ինչպես են խոսքից խոսք փոխում, ցուցմունքից՝ ցուցմունք, միջանցքներում պայմանավորվում, թե որ հարցին ինչ են պատասխանելու: Վկաների՝ ակնհայտ տարբերվող ցուցմունքները միայն խոսում էին այն բանի մասին, որ փորձում էին համոզել իրենց սուտը, կարծես թե ամեն ինչ արել են երեխային փրկելու համար, այնպիսի տպավորություն ստեղծելով, թե մենք տեղի չունեցածի համար ենք պայքարում»,- ասաց Գեորգի Միսակյանը՝ նշելով, որ հանուն բարոյականության՝ կարելի էր ժամանակավորապես դադարեցնել նրանց աշխատանքային լիազորությունները մինչև գործի ավարտը, սակայն ամբողջ ընթացքում բժիշկները շարունակել են աշխատել:
«Վստահ եմ, որ մեղավորները կպատժվեն, քանզի այլ տարբերակ լինել չի կարող: Չկա արդարացում մարդկանց, ովքեր կարող էին օգնել իմ երեխային, բայց դա չարեցին»,- ասաց Լիա Միսակյանի հայրը: Նա ասաց, որ մինչև վերջ պայքարելու է, իր սկսած գործն ավարտին է հասցնելու, ոչ ոք չի կանգնի իր առաջ. «Այս գործով արդարությունը պետք է դաս լինի բոլորի համար, որպեսզի մեր և ձեր երեխաներին սպասարկեն բարձրակարգ բժիշկներ»:
Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ ասաց, որ իրենց այս գործում ներգրավելը նպատակ չի հետապնդել հասնելու նրան, որ գործով ամբաստանյալները ստանան առավելագույն պատիժ. «Մեր նպատակն է եղել, որպեսզի հստակ արձանագրվի Լիա Միսակյանի մահվան գործում բժիշկների մեղավորությունը, որպեսի կանխվեն հետագա նման հանցագործությունները, և մարդիկ չտուժեն, որոնք դիմում են բժշկական հաստատություն՝ օգնություն ստանալու, և փոխարենը՝ ստանում են դիակ»: Նա ևս խնդրեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչել:
Մինչև գործով դատաքննությունն ավարտելը դատարանը մերժեց ամբաստանյալներ Զարինե Այվազյանի և Լիլիթ Վարդանյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը՝ այս գործով դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետին բացարկ հայտնելու և փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին:
Դատարանում ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին նաև հաստատել մեկ այլ փորձաքննության եզրակացություն: Ներկայացնելով միջնորդությունը՝ Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ փորձաքննության եզրակացությունը հիմնավորված չէ և կասկած է հարուցում այն պարզ պատճառով, որ գոյություն չունի վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված՝ նշված փորձաքննությունը ստորագրած մի քանի անձանց փորձագետ նշանակելու մասին որոշում, նրանք փորձագիտական հիմնարկում չեն աշխատում և չունեն փորձաքննություն կատարելու լիազորություն, սակայն հանդես են եկել՝ որպես փորձագետ: Ըստ փաստաբանի՝ նրանք ստորագրել են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, կրել է ձևական բնույթ. հանձնաժողովի այս անդամները փորձագետ չեն ճանաչվել, հետևաբար՝ փորձաքննություն կատարելու իրավունք չունեին, եթե հանձնաժողովի անդամներից մեկը փորձագետ չէ, ապա տրված եզրակացությունն ամբողջությամբ հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ եթե նույնիսկ հետագայում պարզվի, որ եզրակացությունն ակնհայտ կեղծ է, ապա նրանք ենթակա չեն քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, որից հետևում է, որ նրանք, չունենալով պարտավորություններ, կարող էին գրի առնել այն, ինչ ցանկանում են՝ հաշվի չառնելով գործող պրակտիկան, ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչները և գործելակերպը:
Գիվի Հովհաննիսյանն ասաց նաև, որ փորձագիտական եզրակացության մեջ նշվել է հետևյալ միտքը. «հիմնավորված չէ ընդունվելու ժամանակ նշանակված դեքսամետազոն տեսակի դեղամիջոցը», սակայն, ըստ փաստաբանի, այդ միտքը չի բխում ոչ քրեական գործի նյութերից, ոչ էլ բժշկական փաստաթղթերից: Նրա խոսքով՝ քրեական գործի նյութերը և բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելով՝ հնարավոր չէ գտնել նշում այն մասին, որ ընդունվելու ժամանակ Լիլիթ Վարդանյանի կողմից նշանակվել է դեքսամետազոն տեսակի դեղամիջոց, ինչից, ըստ նրա, հետևում է, որ փորձաքննության կատարմանը դրսևորվել է անփույթ վերաբերմունք: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ փորձաքննության եզրակացությունում գոյություն չունի եզրակացության հետևությունները հիմնավորող բժշկական գրականության վերաբերյալ որևէ նշում: «Ասենք ավելին, դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել ՀՀ ԱՆ նախարարի հրամաններով հաստատված գործելակարգեր և չափորոշիչներ, որոնցով հիմնավորվել է, որ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է ճիշտ ախտորոշում, իսկ բուժումը՝ համապատասխան ախտորոշմանը: Այս ամենից հետևում է, որ եզրակացության մեջ առկա հետևությունները հակասում են ժամանակակից գիտական պատկերացումներին և գործող բժշկական պրակտիկային»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ փորձագիտական եզրակացությունը հիմնավորված չէ և կասկած է հարուցում նաև այն պատճառով, որ փորձաքննություն կատարող անձանց մեջ չի եղել ռենտգենոլոգ, ռենտգեն լուսանկարի ուսումնասիրության համար ռենտգենոլոգի կոնսուլտացիա չի կատարվել, այլ այն ուսումնասիրվել և դրա վերաբերյալ կարծիք հայտնվել է տվյալ բնագավառի մասնագետ չհանդիսացող հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆտիզիատորի կողմից:
Գործով դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ: Դատախազը մեջբերեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որի համաձայն՝ փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան՝ նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով՝ գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Նրա խոսքով՝ այս հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ փորձագիտական հիմնարկի ղեկավարը քննիչի որոշմամբ իրավասու է՝ ցանկացած անձի, ով հատուկ գիտելիքներ ունի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում, փորձագետ նշանակել:
Այս միջնորդությունը ևս դատարանը մերժեց: Դատարանի որոշման հրապարակումից հետո ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ցանկանում ներկայացնել, և խնդրեց ժամանակ տրամադրել: Փաստաբանն աաց, որ դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի, չի ղեկավարվում օրենքով, անհիմն մերժում է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները: Դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է, պաշտպանության կողմը զրկված չէ բացարկ ներկայացնելու հնարավորությունից, սակայն դրա համար ժամկետ տրամադրել օրենքով նախատեսված չէ: Երեմ Սարգսյանն էլ հայտարարեց, որ դատարանը խախտեց Զարինե Այվազյանի և Լիլիթ Վարդանյանի պաշտպանության իրավունքը: «Ցավալի է, որ բավարար չէ՝ դատարանն օրենքին սխալ մեկնաբանություն է տալիս, մի բան էլ՝ պաշտպաններին մեղադրում է չիմացության մեջ: Ես կարող եմ բազմաթիվ նախադեպային որոշումներ բերել, հարգելի դատարանին ներկայացնել, որտեղ դատարանն ակնհայտորեն կտեսնի, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի բաղկացուցիչ տարրերից մեկը հենց պաշտպանությանը նախապատրաստվելու իրական հնարավորություն և բավարար ժամանակ տրամադրելն է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանը հերթական անգամ ապացուցեց իր կանխակալ վերաբերմունքը և այս քրեական գործով «րոպե առաջ մեղադրական դատավճիռ կայացնելու իր վաղեմի դիրքորոշումը»: