«Եթե դեմ ես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տղամարդու նման կանգնիր, ասա՝ դեմ եմ». Շարմազանովը՝ ՀՀ առաջին նախագահին
Այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հնչեցրեց իր «պատասխանը Չեմբեռլինին»: Ըստ նրա՝ այս հարցում բոլորի տեսակետը հիմնականում նույնն է՝ անհրաժեշտություն կա նման հայտարարություն ընդունելու համար:
«25 տարին ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը, ինչպես Բուրբոնների համար էին ասում, ոչինչ չի մոռացել ու ոչինչ չի սովորել: Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ, ըստ իս՝ պարտվողական քաղաքականությունն ընդունելի չի ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի կողմից, այլ նաև հայ հասարակության և հայ սփյուռքի կողմից: Գուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին: Մարդիկ, որ մինչ օրս չէին խոսում ճանաչման մասին, այսօր խոսում են ուրացումից»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, թե շատ են խոսում Ղարաբաղի շահից, բայց Տեր-Պետրոսյանն ասում է, թե Թուրքիան կապ ունի Ղարաբաղի անվտանգության հետ, իսկ այդ խոսքը կրկնում են Թուրքիան և Ադրբեջանը, երբ իրենք ասում են, որ Թուրքիան չի կարող կապ ունենալ. «Էլ ո՞վ է խոսում ուրացումից»: Շարմազանովը «սփյուռքին անտեր թողնել» անվանեց այն, որ ասում են, թե սփյուռքը պետք է խոսի պահանջատիրությունից:
«Եթե դեմ ես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տղամարդու նման կանգնիր, ասա՝ դեմ եմ, ու էլ մի ասի, որ հաշտեցման գործընթացը եղավ ուրացում: Եթե կողմ ես Ղարաբաղը հանձնելուն, ասա՝ կողմ եմ, ու ասա՝ դա ասում եմ նրա համար, որ Թուրքիային էլ մտցնեմ էդ խաղի մեջ: Ես կարծում եմ, որ հայոց խորհրդարանում նույնիսկ նման բան մտածելը հանցագործություն է»,- ասաց Շարմազանովը:
Նշելով, թե ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը Սերժ Սարգսյանի փաստաթուղթն է, Շարմազանովը հայտարարեց. «Տո խելոք, Ցեղասպանության հռչակագիրը ողջ հայ ժողովրդի հռչակագիրն է»: