«Պարզեք` ինչ եք ուզում, ուզում եք Ցեղասպանությունը ճանաչե՞ն, փոխհատուցե՞ն, թե՞ հողը վերադարձնեն»
«Սրանից երկու ամիս առաջ, երբ ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ես հայտարարեցի, որ նման հռչակագիր չի կարելի ընդունել: Ընդհանրապես պարզեք` ինչ եք ուզում, ուզում եք Ցեղասպանությունը ճանաչե՞ն, դա մի հարց է, ուզում եք՝ փոխհատուցե՞ն, դա երկրորդ հարց է, ուզում եք հողը վերադարձնե՞ն, դա երրորդ հարց է: Իրատեսական է այսօր, որ Ցեղասպանությունը ճանաչեն: Ես վստահ եմ, որ մի 50 պետություն այսօր Ցեղասպանությունը կճանաչեին, եթե մենք այդ հարցադրումն անեինք ու եթե, իհարկե, ԵՏՄ չմտնեինք»,- այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ հռչակագրի ընդունման ժամանակ իր ելույթին ի պատասխան Էդուարդ Շարազանովը հայտարարեց, թե պետք չի աղավաղել հռչակագրի իմաստը. «Գիտեք, ինձ մեկ-մեկ արդեն թվում է, թե դուք կոնտակտը կորցրել եք շփվելու, քննարկելու, այդ թվում՝ երկրի ղեկավարի հետ այս հարցերը: 1990-98 թթ., երբ դեռ պետությունը Ցեղասպանության ճանաչումը չէր դարձրել իր օրակարգի հարց, ավելի շատ պետություններ էին ճանաչել: Ամեն անգամ, երբ որևէ պետություն ճանաչում է Ցեղասպանությունը, դա մենք քայլ ենք անում մեր անվտանգության ուղղությամբ՝ Ղարաբաղի ուղղությամբ»:
Հ.Բագրատյանի խոսքով՝ մարդ չի կարող իրեն համարել լրջորեն քաղաքական ուժ ու անպատվել և՛ թուրքերին, և՛ ռուսներին. «Արդյո՞ւնք եք ուզում, թե՞ հոխորտանք: Ոչ մի քայլ առաջ չենք գնում»: Պատգամավորը նշեց, որ մեր երկրի անվտանգության համար Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, բայց երբ պահանջատիրության հարց է առաջ քաշվում, երկրները ետ են կանգնում: Նրա խոսքով՝ Առաջին նախագահը գտնում է, որ պետք չէ Ցեղասպանության ճանաչումը պետական գործ լինի և գուցե արժե մտածել այդ ուղղությամբ:
«Բա դա պարտություն չի՞, որ Ցեղասպանության նախօրյակին երկու երկիր ճանաչեն՝ Սիրիան ու Բոլիվիան»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ հրեաների ցեղասպանությունը ճանաչել է 105 երկիր:
Նրա կարծիքով՝ փոխհատուցում ու տարածքներ չի կարող պահանջել պետությունը, դա պետք է անեն ՀԿ-ները, ՀՀ-ն ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ՄԱԿ-ի անդամ է. «Եթե 50 տարի հետո միջուկային զենք կունենաք, հողն էլ կուզեք»: