Շրջանակային համաձայնագիրը չունի պարտավորեցնող ուժ. Ալի Խամենեի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանի ու «Վեցնյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը չունի պարտավորեցնող ուժ և դրա համար էլ դեռ վաղ է որոշակի դիրքորոշում հայտնել այդ հարցով:
Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենին. «Ոմանք հարցնում են, թե ինչու դիրքորոշում չեմ հայտնում այդ համաձայնագրի նկատմամբ:
Սակայն ինչպես ինձ են ասել, դեռ չկա այնպիսի համաձայնագիր, որը կունենար պարտավորեցնող ուժ: Դրա համար էլ կարիք չկա դիրքորոշում հայտնել այդ համաձայնագրի վերաբերյալ»:
Խամենեին ընդգծել է, որ կարևոր նշանակություն ունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի դետալները, որի ընդունումն ակնկալվում է հունիսի 30-ին.
«Դրա համար էլ շրջանակային համաձայնագրի կապակցությամբ բոլոր շնորհավորանքներն անիմաստ են: Ես բանակցությունների հանդեպ տրամադրված չեմ լավատեսորեն, սակայն աջակցել և աջակցելու եմ իրանական բանակցային թիմին:
Ես աջակցում եմ այն համաձայնագրին, որում հաշվի կառնվեն Իրանի ազգային շահերը: Ավելի լավ է չլինի համաձայնագիրը, քան թե լինի այնպիսի համաձայնագիր, որը վնաս կպատճառի երկրի ազգային շահերին:
Շրջանակային համաձայնագիրը չի երաշխավորում ո´չ եզրափակիչ համաձայնագրի ստորագրում, ո´չ էլ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների ավարտ»: