Բաժիններ՝

Ըստ ԿԲ հետազոտության՝ ՀՀ քաղաքացիները ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ

Այսօր ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը 2014թ. նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ (ՖԿԱՌ) նախատեսվող՝ ֆինանսական կրթման արդյունավետ և թիրախավորված ծրագրերի մշակման և իրականացման հենքային ուսումնասիրություն է:

Ֆինանսական ունակությունների (գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի ամբողջություն) գնահատումն իրականացվել է յոթ ուղղություններով՝ ֆինանսական ներգրավվածություն, պարտքի կառավարում, բյուջեի կառավարում, խնայողություններ, տնտեսության ազդեցություն, իրավունքների պաշտպանություն եւ անվտանգություն: Հայաստանում Ֆինանսական ունակությունների ինդեքսը գնահատվել է 44, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիները ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ:

ՀՀ քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, նաեւ կարևորում և զբաղվում են անձնական ֆինանսների տարբեր ասպեկտների կառավարմամբ, սակայն, գիտելիքների համեմատաբար քիչ լինելու պատճառով, այն դեռևս արդյունավետ չեն: Օրինակ՝ մեծամասնությունը ժամանակին է վճարում պարտքերը և խուսափում է անհարկի պարտքից (միայն 1,7% է նշել, որ պարտք է վերցրել ավելին քան կարող էր), սակայն թե ինչ են վարկի անվանական և փաստացի տոկոսադրույքները, գիտեն ընդամենը 23%-ը:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է. «Հետազոտությունը կարևոր հիմնաքար է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության արդյունավետ իրականացման ճանապարհին: Այն բացահայտել է բնակչության կարիքները և կնպաստի, որ ֆինանսական կրթման ծրագրերը լինեն ավելի հասցեական և արդյունավետ: Հետազոտությունը յուրահատուկ է իր տեսակով, քանի որ մեթոդաբանությունը մշակվել է մեր կողմից: Մենք արդեն իսկ ստացել ենք միջազգային փորձագետների դրական արձագանքները և վստահ ենք, որ շարունակելով գործակցել Ֆինանսական ներգրավվածության ալիանս միջազգային կառույցի հետ, ֆինանսական ունակությունների գնահատման այս նոր մեթոդաբանությունը տարածում կգտնի նաև այլ զարգացող երկրներում»:

Հիշեցնենք, որ 2007թ. ի վեր ՀՀ ԿԲ կարևորել է ֆինանսական կրթվածության խնդիրը՝ որպես երկրի ֆինանսական կայունության, ֆինանսական ներգրավվածության ընդլայնման և քաղաքացիների տնտեսական բարեկեցության կարևոր նախադրյալ և իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ:

2012թ. ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է ֆինանսական կրթման ազգային ռազմավարության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողով՝ Կենտրոնական բանկի, Կառավարության, մասնավոր և հասարակական հատվածների շահառու կողմերի ընդգրկմամբ, որն էլ մշակել է և ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացրել ՖԿԱՌ-ը:

ՖԿԱՌ-ով նախատեսված Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԲ-ի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆինանսական ներգրավվածության ալյանս (Alliance for Financial Inclusion, AFI) միջազգային կառույցի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս