Խոջիվանքի պանթեոնը թվայնացվել է. վիճակը մնում է անմխիթար

Հայկական գերեզմանների թվայնացմամբ զբաղվող hush.am կայքն օրերս ավարտել է հայ գրողների և հասարակական գործիչների` Թբիլիսիի պանթեոնի թվայնացման աշխատանքները։ Ըստ ծրագրի տնօրեն Միհրան Վարդանյանի, թվայնացումն առայժմ միակ միջոցն է` ինչ-որ տարածքում պահելու այն ամբողջ ինֆորմացիան, որ կա նշանավոր այդ պանթեոնում, որի վիճակը գնալով անմխիթար է դառնում, և շատ տվյալներ անհետանում են։

«Հայաստանից դուրս գտնվող հայկական պանթեոնների մեջ Խոջիվանքը միշտ նշանավոր է եղել. այն համեստ մի պանթեոն է, համեստ գերեզմանաքարերով, բայց, ցավոք, մատնված է անտերության և խնամքի ու վերանորոգման կարիք ունի։ Օրինակ` աշխարհահռչակ նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի շիրմաքարը կոտրված վիճակում ուղղակի դրված է պատի տակ։ Ոչ մի տեղ նշված չեն այն հազար հոգու անունները, ում աճյունները չի հաջողվել փրկել։ Գոնե դա պետք է մի հուշատախտակի վրա գրված լիներ` որպես հարգանքի տուրք մեր մեծերին։

Xojivanq (4)

Շատ կուզենայինք, հովանավորության դեպքում, լրացնել այդ բացը և մեր կայքի միջոցով ավելացնել այդ հազարավոր հայերի «կորած» կենսագրությունները։ Եթե հայացք նետենք` 20-րդ դարի սկզբին Թբիլիսիի կառուցման և զարգացման գործում ներդրում ունեցած ականավոր մարդկանց մեծ մասը հայեր են եղել և շատ քիչ մասը` վրացիներ։ Այս ամենի մասին պետք է հնարավորինս շատ գրվի, լուսաբանվի ու տարածվի։ Դա գալիս է մեր երկրի ու ազգի շահերից։ Եթե մենք մերը չպահպանենք ու չգովազդենք, ինչպե՞ս կարող ենք դա պահանջել օտարներից»,- «168 Ժամին» ասաց Միհրան Վարդանյանը` նշելով, որ hush.am նախագծի շրջանակներում 5 երկրներում թվայնացվել է մոտ 500 000 անուն, այդ թվում` Հայաստանի Կոմիտասի անվան պանթեոնը, Եռաբլուրը, ինչպես նաև` Մոսկվայի հայկական պանթեոնը։

Xojivanq (2)

Ըստ Միհրան Վարդանյանի, աշխարհում կան այլ հայկական պանթեոններ, որոնց թվայնացումն իրենց ծրագրերի մեջ է. կազմակերպությունն առաջիկայում թվայնացնելու է հայ գրողների և մտավորականների Շիշլիի պանթեոնը` Ստամբուլում, որը, ըստ մեր զրուցակցի, կարևոր քայլ կլինի հայ մշակութային ժառանգության պահպանման գործում։ «Հայկական մշակույթի տեսանկյունից մեծ հետաքրքրություն ներկայացնող գերեզմանատներից են Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատունը (Ադրբեջան), որը, ցավոք, այժմ ամբողջությամբ վերացվել է, Նոր Ջուղայինը (Սպահան, Իրան) և Նորադուզինը (Հայաստան), ինչպես նաև Ֆրեզնոյի «Արարատ» պանթեոնը։

Xojivanq (3)

Xojivanq (1)

Շիշլիից հետո ուզում ենք թվայնացնել Թուրքիայի, Իրանի և այլ երկրների տարածքում գտնվող հայերի գերեզմանները, քանի դեռ դրանք պահպանվել են, որպեսզի հետագայում հավաստի ինֆորմացիա լինի հայկական ժառանգության վերաբերյալ»,- ասաց Միհրան Վարդանյանը։ Նա կոչ արեց աշխարհում սփռված հայերին` իրենց բնակավայրերի հայկական գերեզմանատները լուսանկարել և տեղադրել իրենց կայքում։ Միհրան Վարդանյանն առաջարկում է ստեղծել Հայ գերեզմանատների պահպանման համար ֆոնդ, որի միջոցով կխնամվեն օտար երկրներում գտնվող, անտերության մատնված հայկական գերեզմանները, որոնք, ըստ նրա, մեծ ինֆորմացիա են պարունակում աշխարհում հայերի հետքի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կարող են ծառայել իբրև կարևոր փաստաթուղթ։

Տեսանյութեր

Լրահոս