«ՌԴ-ն ամեն ինչ կանի ՀՀ-ի առջև իրանական ուղին փակելու համար»

Հարցազրույց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական
կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

– Երեկ ՌԴ-ում կայացան ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և դրա թեժ փուլ մտնելու անթույլատրելիությանը ևս։ Բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմի պարտավորություններն ամրագրված են ՀԱՊԿ պայմանագրով, ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կմիջամտի։ Հետաքրքրականն այցին տրված կարևորությունն ու նշանակությունն էր ռուսական ԶԼՄ-ների և պատկան մարմինների, հատկապես` նախարարի կողմից, ով մի քանի անգամ ամրագրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությամբ։ Դուք ինչո՞վ եք այցին տրված այս նշանակությունը պայմանավորում։

– Կարծում եմ, որ սա առաջին հերթին` պայմանավորված է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված, չմարող, ավելին, բռնկվող իրավիճակով։ Փաստորեն, մենք կարող ենք ասել, որ հակամարտության գոտում ոչ թե հրադադարն է հաղթում, այլ պատերազմը, քանի որ արդեն մենք գործ ունենք պատերազմի հետ, տարբեր ինտենսիվության, տարբեր ուժգնության պատերազմի հետ։ Եթե նախկինում մի երկար ժամանակաշրջան ԼՂ հակամարտության գոտին լարված էր դիպուկահարների փոխհրաձգության մակարդակում, ապա այսօր նոր ռազմական մեթոդներ են կիրառվում` դիվերսիոն խմբերի կողմից անընդմեջ հարձակումներ, հրետանիների կիրառություն, ականանետեր, խոսքն արդեն մեծ տրամաչափի ականանետերի մասին է։ Պարզ է, որ այս ամենը չէր կարող կատարվել առանց ՌԴ-ի, չասենք, հրահանգավորմամբ, բայց համաձայնությամբ։ Ռուսաստանը ցանկանում է տեսնել, թե իր կողմից սանձազերծված, մյուս կողմից հրահրված այս գործընթացների արդյունքում Հայաստանում ինչ է կատարվում, ինչ մտքեր են շրջանառվում։

– Այսինքն` Նալբանդյանի միջոցով փորձում է կռահել ՀՀ-ում տիրող տրամադրությունները։

– Այո, դեռ Նալբանդյանի միջոցով։ Նալբանդյանի միջոցով փորձում են կարծիք շոշափել։ Այդ հանդիպումների, բանակցությունների արդյունքների մասին կոնկրետ տեղեկություններ մեզ հայտնի չեն, քննարկումներին մենք ծանոթ չենք։ Մենք տեղյակ չենք նույնիսկ` ինչ արդյունքի կբերի այս հանդիպումը։ Կարծում եմ՝ սա ՌԴ-ի կողմից` իր ցանկությունները հայտնելու և ՀՀ-ում տիրող իրավիճակին, հասարակական տրամադրություններին ծանոթանալու փորձ է։

– Շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանն աննախադեպ կերպով անդրադարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին` այն որակելով խնդիր, որը պետք է լուծում ստանա։ Թեև այս հարցը հասարակության քննադատության թեման էր տարիներ շարունակ, երբեք նման արձագանք չէր հնչել ՀՀ նախագահի կողմից։ Ինչո՞վ եք բացատրում դիրքորոշման և շեշտադրումների նման փոփոխությունը։

– Այստեղ երկու հանգամանք պետք է նշել։ Առաջինը` ԼՂ հակամարտության գոտում պատերազմի ինտենսիֆիկացիան է, այսինքն` կոնկրետ երևում է, որ Ադրբեջանը մեծացրել է ռազմական ագրեսիան` շատ զենք ունենալու արդյունքում։ Երկրորդը` ներքին է, պայմանավորված նրանով, որ ԲՀԿ-ն, Եռյակը լուրջ քաղաքական գործոն չեն, և Ս. Սարգսյանը կարող է փոքր-ինչ ավելի ազատ վարվել ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլապես նախկինում նրան ՌԴ-ն ավելի համարձակորեն էր սպառնում փոփոխությամբ, ասում. «եթե դու մեր հրահանգներով չշարժվես, կան մարդիկ, որոնք կարող են քեզ փոխարինել, շարժվել մեր հրահանգներով»։ Ներկայումս ներքաղաքական վտանգը Ս. Սարգսյանի համար վերացել է, և նա կարող է փոքր-ինչ «շռայլություն» թույլ տալ Ռուսաստանի նկատմամբ։

– Հաշվի առնելով ՀՀ-ի շրջափակումն ու հնարավորությունների սղությունը, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ ՌԴ-ն չխոչընդոտի ՀՀ-ին՝ օգտագործել շրջափակումից դուրս եկող Իրանի նոր դերակատարության հնարավորությունները։ Հայաստանյան փորձագիտական հանրության շրջանում տեսակետ կա, որ Իրանը կարող է առանցքային նշանակություն ունենալ ՀՀ-ի համար` մասնավորապես ՀՀ-ի՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

– Ես այն համոզմանն եմ, որ ՌԴ-ն կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա նման սցենար։ Դրա նշանակությունը ՀՀ-ի համար շատ բարձր է։ Դրա նշանակությունը Իրանի համար է շատ բարձր, ուստի ՌԴ-ն դա փորձելու է խափանել։ Սակայն, իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ Արևմուտքը, կօժանդակի ՀՀ-ին, որպեսզի ՌԴ-ի կողմից հարուցվող արգելքները վերանան, քանի որ սա շատ կարևոր է ոչ միայն Իրանի և ՀՀ-ի, այլև Արևմուտքի համար։

– Հնարավո՞ր է` ներքաղաքական կյանքում Սերժ Սարգսյանի ամրացած դիրքերն օժանդակեն այս հարցում։

– Հնարավոր է, իհարկե, քանի որ դա նույնպես կարևոր գործոն է, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դեռևս` և՛ Հայաստանն ամբողջությամբ, և՛ Ս. Սարգսյանը գտնվում են ռուսական հզորագույն շանտաժի ներքո։ Այնպես որ, ամեն դեպքում Սերժ Սարգսյանին չի հաջողվի Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականություն վարել։

Տեսանյութեր

Լրահոս