Դանդաղ շտապելու տաղանդը
«Արագ փոփոխվող աշխարհում…»։ Այս արտահայտությունը շատ էր սիրում կրկնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` դրանով ընդգծելով, որ աշխարհն արագ է փոխվում, և աշխարհից հետ չմնալու համար մենք` հայերս, Հայաստանը, պետք է ավելի արագ փոխվենք ու զարգանանք։ Ճիշտ էր ասում նախկին վարչապետն ու մանրամասնում, որ հետ չմնալու համար պետք է ունենալ գիտելիքահենք տնտեսություն, էլեկտրոնային հասարակություն, իրականացնել ներքին հեղափոխություն, և այլն։
Իհարկե, գիտելիքահենքը կարևոր է, որովհետև փոփոխություններն արագ են տեղի ունենում հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որը մենք հռչակել ենք տնտեսության գերակա ուղղություն։ Պարզապես հիշեք, թե ինչ հզորություն և պարամետրեր ուներ ձեր համակարգիչը (պլանշետը կամ սմարթֆոնը) 5 տարի առաջ, և պատկերացրեք, թե ինչ կլինի 5 տարի հետո։ Իսկ 10 տարի հետո ընդհանրապես հնարավոր չէ պատկերացնել (թեև մեր կառավարությունը պատկերացնում է)։ Ու աշխարհից հետ չմնալու համար պետք է սկսել տարրական կրթությունից։
Համակարգիչ` առաջին դասարանցիների համար
Եվ այսպես, ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որը կոչվում է «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին հավանություն տալու մասին»։ Այս խուճուճ անվանումը պարզապես նշանակում է հետևյալը` կառավարությունը պատրաստվում է անվճար պլանշետներ բաժանել առաջին դասարանցիներին։
Այս մասին վաղուց էր խոսվում, և այժմ ծրագիրը կարծես վերջապես կյանքի է կոչվում։ Սակայն, որքան այն առարկայական է դառնում, ի հայտ են գալիս մանրամասներ, որոնք տարակուսանքի տեղիք են տալիս։ Ինչպես նշվում է ծրագրում` «…տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` մեկ աղբյուրից գնման եղանակով»։ Հիմա ամեն ինչ` հերթով։
Տեղական արտադրությո՞ւն
Կրկին պետք է հիշենք Տիգրան Սարգսյանին` 2013թ. դեկտեմբերին, վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի հերթական նիստի ժամանակ, և, որ ամենակարևորն է` «հայկական արտադրության» ArmTab պլանշետը ձեռքին։ Տ. Սարգսյանը հպարտությամբ ասում էր, որ հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների` պլանշետների արտադրություն ՀՀ-ում։
Հետո, իհարկե, պարզ դարձավ, որ «արտադրություն» բառն այս դեպքում ամենևին տեղին չէր։ Պլանշետներն իրականում հավաքվում էին ԱՄՆ-ում և Չինաստանում` պլանշետների արտադրությամբ զբաղվող Minno ընկերությունում, իսկ ՀՀ-ում ընդամենը դրա վրա հայիֆիկացված օպերացիոն համակարգ էին տեղադրում։
Այս թեմային ժամանակին անդրադարձել էր տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Իր բլոգում նա գրել էր. «Ընկերության կայքից երևում է, որ Minno-ն արտադրում է բրենդային պլանշետներ։ Այսինքն, դուք գնում եք Minno, գումար եք տալիս, և իրենք սարքում են պլանշետ, որի վրա գրվում է ոչ թե Minno, այլ, օրինակ, Khootchootch»։ Ս. Մարտիրոսյանը նաև հարց էր ուղղել Minno-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին` ցանկանալով պարզել` պլանշետի վրա հայկական «երկաթ» կա՞ (ինչ-որ մի դետալ արտադրվա՞ծ է ՀՀ-ում), թե՞ այն հայկական պետք է համարել միայն այն բանի համար, որ այնտեղ տեղադրված է հայիֆիկացված ծրագրային ապահովում։ «Պատասխանը շատ պարզ էր՝ առաջին փուլում իսկապես պլանշետի «երկաթի» մեջ ոչ մի հայկական բան չկա, միայն ծրագրային ապահովումն է»,- գրել էր փորձագետը։
Հետո ասացին` այո, պլանշետները ՀՀ-ում չեն արտադրվում, սակայն կարտադրվեն։ «ԱրմԹաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը 2014-ի փետրվարին լրագրողներին ասել էր, որ Minno-ի արտադրությունը կատարվում է Չինաստանում, իսկ նախագծումը` ԱՄՆ-ում և ՀՀ-ում։ «Ամեն անգամ, արտադրությունը տեղի ունենալուց, մեր հայ մասնագետները գնում էին Չինաստան, որպեսզի կանգնեն այնտեղ արտադրության գլխին` որակ ապահովելու համար, ինչ մեծ ծախսերի հետ է կապված։ Ու որոշում ընդունվեց, որ այս արտադրական մասը Չինաստանից տեղափոխվի Հայաստան, որտեղ գտնվում է մեր նախագծման վայրը»,- ասել էր Վահան Շաքարյանը։
Հետո կառավարությունը հատուկ որոշում ընդունեց` «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տալով։ Նշվում էր, որ 3 տարիների ընթացքում ընկերությունը պետք է ներդնի շուրջ 12 միլիոն դոլար և պլանշետների արտադրության քանակը պետք է երրորդ տարում հասցնի տարեկան մինչև 50 հազար հատի։ Սա 2014-ի փետրվարին էր։
Առաջին տարում, ըստ նախագծի, պետք է վաճառվեր 10 հազար հատ ArmTab։ Մեկ տարի անցել է։ Կարո՞ղ եք գուշակել` քանի՞ ArmTab է վաճառվել։ Զրո հատ։ Որովհետև պարզապես չի արտադրվում։ 2014թ. փետրվարին ընկերության ղեկավարները նշում էին, որ արտադրությունը մինչև մայիս կսկսվի։ 2014-ի կեսերին նշում էին` 2014-ի վերջ։ Հիմա 2015-ի ապրիլն է, իսկ պլանշետները դեռ չկան։ Ընկերության կայքում դեռ կախված է հայտարարությունը, որ առաջարկում է նախագծեր ներկայացնել` ArmTab-ի տուփի դիզայնի համար։ Ընդ որում, որպես վերջնաժամկետ` նշված է 2014-ի դեկտեմբերի 31-ը։ Կարճ ասած, հայկական պլանշետների «արտադրությունը» խոսքերից ու փաստաթղթերից այն կողմ դեռ չի անցել։ Իսկ կառավարությունը ցանկանում է «աջակցել տեղական արտադրողին»։
Գինը
Ի՞նչ գնով պետք է վաճառվեին հայկական պլանշետները։ Դեռ 2013թ. Վահան Շաքարյանն ասում էր, որ հայկական պլանշետները որակով չեն զիջելու ճանաչված բրենդերին և լինելու են 50%-ով էժան։ 2 տարի առաջ նշվում էր, որ դրանց ինքնարժեքը կլինի 135 դոլար, կվաճառվեն 185 դոլարով։ Հետո (դեռ մինչև դրամի արժեզրկումը) շրջանառվում էր 85 000 դրամ գինը։ Քննադատություններին, թե դա բավականին թանկ է և կարելի է ավելի էժան պլանշետներ գնել` դպրոցականներին բաժանելու համար, պատասխանում էին` բա տեղական արտադրողի գործո՞նը։
Իսկ այսօր կառավարության կայքից կարելի է տեղեկանալ, թե որքա՞ն է վճարվելու 1 հատ ArmTab-ի համար` 112 000 դրամ։ Ընդ որում, դա լինելու է ամենափոքր չափը` 7.85 դյույմ անկյունագծով։ Նշենք, որ Orang Armenia-ն վաճառում էր 7.85 դյույմանոց Minno պլանշետը 99 000 դրամով։ ArmTab-ը նույն Minno-ն է` պարզապես ուրիշ ծրագրային ապահովմամբ։ Նշենք նաև, որ 110 000 դրամով կարելի է գնել նույն պարամետրերով լուրջ բրենդի պլանշետ, օրինակ` Lenovo։ Ու վերջապես. շուկայում կարելի է գտնել ոչ այնքան հայտնի բրենդերի պլանշետներ (ասենք` Prestigous)` 50-60 000 դրամով։
Արժե՞ 112000 դրամ վճարել 7.85 դյույմանոց ArmTab-ի համար, որի որակը դեռ սպառողները չգիտեն։ Եթե այն իրոք հայկական է լինելու, ապա կարելի է։ Սակայն…
Ծրագիրը պետք է մեկնարկի այս տարվա սեպտեմբերից։ Այսինքն` «ԱրմԹաբ Թեքնոլոջիսը» պետք է հասցնի 5 ամսվա ընթացքում գործարկել արտադրությունը, որ կարողանանք ասել` էժան չէ, բայց ոչինչ, գոնե հայկական է։ Իսկ եթե չհասցրեց, ստացվելու է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է 112 հազար դրամով ձեռք բերել ամերիկյան քիչ ճանաչված ընկերությանը պատկանող, չինական գործարանում արտադրված պլանշետներ, որոնց վրա կլինի հայկական ծրագիր։ Սա կլինի պարզ աչքակապություն։
Ընդ որում, գնվելու է տարեկան ընդամենը 650 հատ ArmTab` առաջին 5 տարվա ընթացքում։ Իսկ ժամանակին խոսվում էր տարեկան մի քանի տասնյակ հազար պլանշետի վաճառքի մասին։
«Արագ» զարգացման պետական տեսլականը
Առաջին դասարանցիներին անվճար համակարգիչ տրամադրելու ծրագիրը վատը չէ։ Հիմնավորումներն էլ վատը չեն։ Սակայն տեմպերը…
Ըստ որոշման նախագծի` առաջին փուլում ծրագիրը փորձնական տարբերակով կիրականացվի ՀՀ միայն մեկ` Վայոց ձորի մարզում։ Դա կտևի 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. օգոստոս ամիսը։ Այս փուլի իրականացման արժեքը 471.7 մլն դրամ է, որի մեջ մտնում են պլանշետների գնումը, դասվարների վերապատրաստումը, ինտերնետի ապահովումը, և այլն։ 2-րդ փուլում ծրագիրն աստիճանաբար կընդլայնվի, և 2019թ. սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի կներառվեն 1-2 նոր մարզեր։ Իսկ վերջնական փուլը` 2025թ. սեպտեմբերից` Երևան քաղաքի ներառում ծրագրում։
Փաստորեն, առաջին դասարանցիներին անվճար համակարգիչ տրամադրելու ծրագիրն ամբողջությամբ կգործի 10 տարի անց։
Պարոնայք, իսկ դուք վստա՞հ եք, որ 10 տարի հետո աշխարհում դեռ պլանշետներ են օգտագործվելու` տեղեկատվական ոլորտի զարգացման ներկայիս պայմաններում։ Ու վստա՞հ եք, որ կրիայի քայլերով կազմակերպվող հայկական «պլանշետների արտադրությունը» 10 տարի հետո մրցունակ է լինելու։
Կամ` ինչո՞ւ եք այդքան հոռետես, ինչո՞ւ եք կարծում, որ 10 տարի հետո Հայաստանում ընտանիքների մեծ մասն ի վիճակի չի լինի իր երեխայի համար ապահովել 1 «հայկական պլանշետ» և կմնա պետության հույսին։ Չնայած, միգուցե մի բան գիտեք։