«Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ»
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և՛ իշխանությունից, և՛ ԲՀԿ-ից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել է ինչպես` արտաքին քաղաքական, այնպես էլ` ներքաղաքական որոշ հարցերի` սահմանադրական բարեփոխումներին, ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու ԲՀԿ-Քոչարյան կուլիսային կապերին։
«Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել։ Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել։ Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես` ԲՀԿ, այնպես էլ` իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը։ ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը։
Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում` սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես` խորհրդարանական, այնպես էլ` նախագահական ընտրություններին։ Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով` ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին։ Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը։ Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ` Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր»,- ասել է Ռ. Քոչարյանը։
Արմեն Բադալյանը, մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին` նշեց, որ ինչպես` նախորդ հարցազրույցներում, այնպես էլ` այս հարցազրույցում Քոչարյանը ևս մեկ անգամ կարմիր թելով հաստատել է, որ ներկայիս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի, որովհետև հարցազրույցում կար անդրադարձ ոչ միայն իշխանություններին, ԲՀԿ-ին, այլև հայ-թուրքական արձանագրություններին, որոնք, նրա դիտարկումներով, ի սկզբանե մեռելածին են եղել։ Այսինքն, ըստ նրա` ուղղակի կերպով քննադատվում է գործող նախագահի արտաքին, նաև տնտեսական քաղաքականությունը։
«Բնականաբար, խոսվում է, քննադատվում գործող նախագահի ներքին քաղաքականությունը և այդ համատեքստում ԲՀԿ-ի հետ կատարվածը։ Ինչպես նաև նա նշում է, որ ԲՀԿ-ին չեզոքացնելով` իշխանությունների գործը հեշտացավ։ Բնական է, որ նրա հիմնական նպատակը տարանջատվելն է, նա փորձում է տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ԲՀԿ առաջնորդն ակտիվ քաղաքականությունից հեռացավ նախագահի ճնշումների ներքո, երկրորդ նախագահին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ, որովհետև ԲՀԿ-ն պարտվել է, և, երբ նա նույնականացվում է ԲՀԿ-ին, պարտությունը տեղափոխվում է նաև երկրորդ նախագահի վրա։ Նա այսկերպ անմիջապես տարանջատվում է պարտությունից՝ նշելով, որ ինքը չի պարտվել, այլ ԲՀԿ-ն է պարտվել»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը։
Խոսելով քաղաքական ակտիվ գործունեության անցնելու` Քոչարյանի հնարավորությունների մասին` Բադալյանն ասաց, որ քաղաքականություն վերադարձը նրանից կախված չէ, որովհետև նա կարող է հայտարարել կուսակցություն ստեղծելու մասին, կարող է փորձել ընտրական գործընթացի մեջ մտնել, որովհետև, եթե մարդը վերադառնում է կուսակցություն, նրա նպատակը չէ շարքային կուսակցության ղեկավար լինելը, այլ փորձը` վերադառնալ իշխանության, իսկ Հայաստանում իշխանությունը վաղուց և շատ երկար ժամանակ հայ հասարակության կողմից չի ձևավորվում և ձևավորվելու, այլ ձևավորվում է Մոսկվայում։
«Դա երևաց 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, և դրանից հետո տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք ապացուցեցին, որ ՀՀ իշխանությունները Մոսկվայից են որոշվում։ Այսինքն` քաղաքականություն վերադառնալու համար ՀՀ երկրորդ նախագահին և Հայաստանի ակտիվ և պասիվ ուժերին անհրաժեշտ է նայել ոչ թե Հայաստանի հասարակությանը, այլ Մոսկվային` ստանալով նրա թույլտվությունը։ Եթե կստանան նրա թույլտվությունը, ապա կվերադառնան իշխանության, իսկ եթե չեն ստանա թույլտվություն, չեն վերադառնա»,- ասաց Բադալյանը։
Հարցին, թե ներկայում Մոսկվան Հայաստանում իշխանափոխության ծրագրեր կարո՞ղ է ունենալ, Բադալյանը պատասխանեց, թե դժվար է միանշանակ ասել` Մոսկվան ցանկանո՞ւմ է փոխել Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, որովհետև գործող նախագահը ՌԴ բոլոր պահանջները կատարում է։ Պարզապես, Բադալյանի կարծիքով, գալիս է մի պահ, երբ այլ պայմաններ են ստեղծվում, և ցանկություն է առաջանում մեկ այլ ղեկավար ունենալու, իսկ դա կախված է նաև տնտեսական իրավիճակից։
«Որքա՞ն ՌԴ-ն կարող է հանդուրժել Հայաստանի տնտեսական վիճակը, որն անընդհատ Հայաստանին դնում է ՌԴ-ից կախվածության մեջ։ Հնարավոր է` նման գործոնները ստիպեն փոխել, իսկ հնարավոր է, որ Մոսկվան պահի, որովհետև իրեն ձեռնտու է գործող նախագահի քաղաքականությունը, ով երբեք ՌԴ-ին որևէ հարցում «ոչ» չի ասում»,- ասաց Արմեն Բադալյանը։