Երևանի առաջին դասարանցիները կսպասեն 10 տարի
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն կտա «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին, որով նախատեսվում է անվճար պլանշետներ բաժանել առաջին դասարանցիներին։ Ծրագիրը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերից։ Ըստ որոշման նախագծի՝ առաջին փուլում ծրագիրը փորձնական տարբերակով կիրականացվի ՀՀ միայն մեկ՝ Վայոց ձորի մարզում։ Դա կտևի 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը:
Այս փուլի իրականացման արժեքը 471.7 միլիոն դրամ է, որի մեջ մտնում են պլանշետների գնումը, դասվարների վերապատրաստումը, ինտերնետի ապահովումը և այլն։ 2-րդ փուլում ծրագիրն աստիճանաբար կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի կներառվեն 1-ից 2 նոր մարզեր։ Իսկ վերջնական փուլը՝ Երևան քաղաքի ներառումը ծրագրում, մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերից:
Փաստորեն մյուս մարզերի առաջին դասարանցիները անվճար պլանշետներ կստանան լավագույն դեպքում 4 տարի հետո, իսկ Երևանում սովորողները՝ 10 տարի հետո։ Նշենք նաև, որ աշակերտներին տրամադրվելու են «ArmTab» պլանշետներ՝ «տեղական արտադրությունը խթանելու նպատակով»:
Իսկ թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում «ArmTab» պլանշետները, որքանով են դրանք հայկական և ինչ գնով է կառավարությունը դրանք գնելու, կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում։