Թուրքիան ու Իրանը պլանավորում են անցում կատարել ազգային արժույթներով հաշիվներ վարելուն. Էրդողան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իրանը հուսով են հաշիվներ վարելիս անցում կատարել ազգային արժույթներին: Այս մասին այսօր Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը.

«Մենք չենք ցանկանում մնալ դոլարի կամ եվրոյի ճնշման և նրանց փոխարժեքի ազդեցության տակ: Մենք պայմանավորվել ենք, որ մեր միջև գործեն թուրքական ու իրանական ազգային արժույթները: Դա հավելյալ ուժ կհաղորդի մեր երկրներին: Թուրքիան ու Իրանը նպատակադրվել են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի (ներկա դրությամբ այն կազմում է 14 միլիարդ դոլար):

Թուրքիան ու Իրանը պայմանավորվել են զարգացնել կրոնական ու մշակութային զբոսաշրջությունը: Զբոսաշրջությունը մեր երկրների համար տնտեսական կարևոր ոլորտ է, և մենք պետք է ընդլայնենք փոխգործակցությունը դրանում: 2014 թվականին Թուրքիա այցելել է 40 միլիոն զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը եկել է «արևի ու ծովի» հետևից:

Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեծացնենք մշակութային, ուխտագնացության և զբոսաշրջային այլ տեսակների գծով Թուրքիա եկող ճանապարհորդների մասնաբաժինը: Իրանն ունի հարուստ պատմություն, մշակույթ և կրոնական բազմաթիվ սրբավայրեր:

Մենք զբոսաշրջության զարգացման ոլորտում կարող ենք մեծապես համագործակցել Իրանի հետ: Անհրաժեշտ է ավելացնել Թուրքիայի ու Իրանի քաղաքների միջև ավիաչվերթների թիվը, որոնց միջև իրականացվում է ավիահաղորդակցություն»:

Էրդողանն Իրանում գտնվում է մեկօրյա պաշտոնական այցով: Նա Ռոուհանիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Էրդողանը մասնակցելու է նաև Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստին ու առանձին հանդիպում է ունենալու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս