«Հայաստանն, Ադրբեջանն ու Բելառուսը շատ ավելի սահմանափակ և անորոշ հարաբերություններ կունենան ԵՄ-ի հետ առաջիկայում, քան ասոցիացվածները»

168.am-ի հետ զրուցակիցն է Մոլդավայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի եվրաինտեգրացիայի հարցերով նախկին խորհրդական, ԵՄ արտաքին հարաբերությունների լոնդոնյան բյուրոյի փորձագետ (2012), ԵՄ Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (Փարիզ) ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուն:

Պարոն Պոպեսկու, Եվրոպական միության պաշտոնյաները հայտարարում են «Արևելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ վերանայված քաղաքականության մասին, որը ենթադրում է առանձնահատուկ քաղաքականություն ԱլԳ յուրաքանչյուր երկրի դեպքում: Հայաստանը, բանակցելով ամբողջությամբ Ասոցացման համաձայնագիրը, միացել է ԵՏՄ-ին, ինչպես ԱլԳ մյուս անդամ Բելառուսը, բայց Հայաստանի հավակնությունները, դատելով պաշտոնական հայտարարություններից, ավելի մեծ են: Ի՞նչ տեղ կարող է տալ ԵՄ-ն Հայաստանին այդ ծրագրում, և ի՞նչ ձևաչափի համագործակցություն է հնարավոր:

– ԵՄ-ն ունի համաձայնագիր Ղազախստանի հետ, որը ևս ԵՏՄ անդամ է: Այն դեռ չի հանրայնացվել, որպեսզի մեզ համար պարզ լինեն համագործակցության ոլորտները, սակայն վստահ կարելի է ասել, որ սա որոշ հիմքեր է ստեղծում Հայաստանի համար՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարների տեսանկյունից: ԵՄ- Ղազախստան համաձայնագիրը հիմք է դառնալու նաև ԵՄ-ԵՏՄ անդամ երկրներ հարաբերությունների զարգացման համար: Բայց այս երկրորդ համաձայնագրի կամ հնարավոր աշխատանքի մանրամասներին դեռ պետք է ծանոթանանք, քանի որ սա պարզապես հեռանկար է, ու աշխատանքներ այդ ուղղությամբ չկան, բացի մտադրությունից: Պետք է նաև հիշել, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի Գործընկերության և համագործակցության համաձայնագիր, Հայաստանն ԱՀԿ անդամ է, որը, այսպես ասած, կառավարում է, համակարգում ԱՀԿ անդամ երկրների առևտրային հարաբերությունները ԵՄ-ի հետ: Սակայն Հայաստանը շատ ավելի խորը հարաբերությունների ուղղությամբ կարող է շարժվել, քան ներկայումս, հատկապես, երբ խոսքը հասնում է տարիֆների վերացմանը:

Մյուս հարցն այն է, որ Հայաստանը պետք է վերաբանակցի մի շարք առևտրային հարցեր ԵՄ-ի հետ: Ուստի մինչ դիտարկելը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հեռանկարները, այդ հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան` պայմանավորված Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ:

ԵՄ-ն փորձում է խոսել նաև հակամարտություններից, որոնք առկա են Հարևանության տարածաշրջանում, սակայն բազմիցս է խոսվել անվտանգության երաշխիքների կամ անվտանգության որոշակի պայմանագրերի ձևակերպման անհրաժեշտության մասին: Այս առումով տեղաշարժեր կա՞ն ԵՄ պաշտոնյաների մոտ:

– Դուք գիտեք, որ ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ տրամադրում է միայն իր անդամ երկրներին: ԵՄ-ն կարող է ԱլԳ անդամ երկրներին աջակցություն ցուցաբերել մի շարք ոլորտներում, սակայն ԵՄ-ն նպատակ չունի նույնիսկ ուկրաինական ճգնաժամից հետո առաջարկել անվտանգության ինչ-ինչ միջոցառումներ ԱլԳ երկրներին, որոնք, բնականաբար, ԵՄ անդամ չեն:

Այդ աջակցությունը, ամեն դեպքում, անվտանգության ոլորտում չի դրսևորվում:

– Անվտանգության տեսանկյունից պետք է նայել, թե ինչ է ԵՄ-ն անում Մոլդավայում: ԵՄ-ն օգնում է Մոլդավային՝ կառուցել, վերակառուցել իր սահմանապահ գոտիները, Ուկրաինայում ԵՄ-ն ունի անվտանգության հատուկ առաքելություն, որով իր աջակցությունն է ցուցաբերում Ուկրաինայի անվտանգության կառույցներին` Ոստիկանությանը, Դատախազությանը, սահմանապահներին: Այսինքն` ԵՄ-ն կարղ է աջակցություն ցուցաբերել այս կամ այն ոլորտում ցանկության դեպքում, բայց կոնկրետ պաշտպանել չի կարող: ԵՄ-ն դա այլ կերպ է անում` զարգացնելով երկրներին և ավելի քիչ խոցելի դարձնելով:

Ի՞նչ կարող են ԱլԳ երկրներն ակնկալել Ռիգայի գագաթաժողովից: Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներում դժգոհություններ կան, որ ԵՄ-ն հապաղում է համաձայնագրերը ողջ ծավալով և ժամանակին իրականացնելու հարցում: Սա ի՞նչ է նշանակում՝ այն դեպքում, երբ վիլնյուսյան տապալումից հետո Ռիգան պետք է բեկում դառնար:

– Ստացվում է, որ ԱլԳ-ում երկու ուղղություն է ձևավորվել, այսինքն` ասոցիացված երկրներ` Մոլդավա, Ուկրաինա և Վրաստան, ինչն ամեն դեպքում նշանակում է, որ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում լինելու են այս երկրները, այս երկրների հետ հարաբերությունները խորացվելու են, միջոցներ են տրամադրվելու զարգացման համար, իրականացվելու է ավելի մեծ ծավալով առևտուր, ավելի շատ ներդրումներ և փոխվստահություն: Այս երկրների համար ամենակարևորը սա պետք է լինի առաջիկա տարիների ընթացքում: ԱլԳ մյուս երեք երկրներն ընտրեցին չունենալ Ասոցացման համաձայնագիր` Ադրբեջանը, Հայաստանը և Բելառուսը: Այս երկրների դեպքում դեռ օդից կախված է հետևյալ հարցը` ինչպե՞ս պետք է առաջ շարժվել ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչպե՞ս պետք է վերափոխվեն այդ հարաբերությունները, ի՞նչ հիմքի վրա, և այլն, այսինքն` այս երեք երկրների դեպքում հարաբերությունները շատ ավելի սահմանափակ են լինելու, քան ասոցիացված երկրների հետ: Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ Ադրբեջանի, Բելառուսի և Հայաստանի դեպքում ԵՄ-ն ավելի շատ հարցեր ունի, քան պատասխաններ` ինչպես զարգացնել հարաբերություններն ապագայում: Ռիգայում ասոցիացված երկու երկրներ, ամենայն հավանականությամբ, կստանան վիզային վերացում, թեև դրա ներդրումը միգուցե երկարաժամկետ գործընթաց դառնա, բայց երկու երկրներն աշխատում են դրան հասնելու համար, իսկ ԵՄ-ն դա գնահատում է, իսկ Մոլդավան ունի ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ արդեն մեկ տարի առաջ:

Տեսանյութեր

Լրահոս