
Գերմանիայում վթարված մեքենաները կիսված վիճակում բերվում են Վրաստան, հավաքվում և վաճառվում են չվնասվածի գնով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Հանրային հեռարձակողը հայտնաբերել է խարդախների ցանց, որոնք զբաղված են ոչ պիտանի ճանաչված գերմանական մեքենաները Վրաստանում վաճառելով: Այս մասին հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Խոսքը գնում է հարյուրավոր ավտոմեքենաների մասին, որոնք Գերմանիայում վթարի ենթարկվելուց հետո կիսում են երկու մասի և բեռնարկղերով տեղափոխում Վրաստան, ուր նրանց հավաքում և վաճառում են չվնասված ավտոմեքենաների գնով: Գերմանացի փորձագետները հայտարարել են, որ այդպիսի ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի դեպքում ողջ մնալու հավանականությունը հավասար է զրոյի:
Նման բեռնարկղերից մեկը հայտնաբերվել է Բաթում քաղաքի նավահանգստում, որտեղից ավտոմեքենաները հավաքման ու վաճառքի համար ուղարկվում են Թբիլիսի: Վրաստանում նման ավտոմեքենայի միջին գինը կազմում է 7400 դոլար:
Լրագրողական հետաքննության հեղինակներն ընդգծել են, որ կիսված վիճակում բեռնարկղում տեղավորվում են ավելի շատ մեքենաներ: Նույն կերպ Գերմանիայում ոչ պիտանի ճանաչված յուրաքանչյուր երկրորդ ավտոմեքենան ուղարկվում է Արևելյան Եվրոպա ու Աֆրիկա: