Բաժիններ՝

Համայնքների խոշորացման ժամանակ աշխատանք կորցնողները ծառայության ոլորտում կարող են աշխատանք գտնել. Աշոտ Գիլոյան

Համայնքների խոշորացման ծրագիրը սարերի ետևում չէ. պիլոտային ծրագրի մեկնարկն արդեն տրված է, մայիսի 17-ին սպասվում է հանրաքվե:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության  Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պիլոտային ծրագրին՝ նշեց, որ բնակիչների իրազեկվածության խնդիր կա, քանի որ վերջիններս ծրագրի բուն իմաստը չեն հասկանում և տեղյակ չեն՝ ինչ է իրականում տեղի ունենալու:

«Համայնքների ղեկավարների և աշխատակազմերի հետ մենք աշխատանք տարել ենք, քննարկումներ եղել են: Որոշ համայնքների ղեկավարներ դեմ են արտահայտվում, քանի որ աշխատատեղ կորցնելու խնդիր ունեն»,- հայտնեց Ա. Գիլոյանը՝ նկատելով, որ խոշորացումը ենթադրում է կառավարման համակարգի փոփոխություն:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին (մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլ ծառայություններ), դրանք մնալու են նույն համայնքում. «Այստեղ խոսքը միայն համայնքների մասին է, գյուղերի համար լինելու է մեկ ընդհանուր համայնքապետարան: Փաստաթղթերի համար անհրաժեշտություն չի լինելու հասնել մյուս գյուղ, քանի որ փնջի բոլոր գյուղերի համար համայնքապետի կողմից նշանակվելու են ներկայացուցիչներ, ովքեր սպասարկելու են քաղաքացիներին»:

Այս ծրագրի նպատակը, ըստ պաշտոնյայի, համայնքների բնակիչների բարեկեցությունն է, սա ռեալ հնարավորություն է, որ համայնքներն արագ զարգանան: Հարցին, թե այս խոշորացման արդյունքում հնարավոր չէ՞ արդյոք, որ գործազրկության և արտագաղթի նոր ալիք սկսվի, վերջինս պատասխանեց, որ  խնայողությունների հաշվին նոր ծրագրեր են իրանակացվելու, որոնք ապահովելու են զբաղվածություն և նոր հաստիքներ համայնքներում:

«Համայնքներին  2008-2015թթ. 44 մլրդ դրամ դոտացիա է տրվել էներգակիրների թանկացման և նվազագույն աշխատավարձերի համար: Խոշորացումը նկատելիորեն կկրճատի ծախսերը, արդեն կան միջազգային դոնոր կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են իրականացնելու այս պիլոտային ծրագրում»,- հայտնեց պաշտոնյան՝ նշելով, որ եթե բնակիչները դեմ արտահայտվեն մասսայաբար, ապա ծրագիրն իրականություն չի դառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս