Բաժիններ՝

Մարդկանց 49%-ը կարծում է՝ Պերմյակովին պետք է մահապատիժ տրվի. «Գելլափ Ինթերնեյշնլ»

Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից ՝ մարտի 2-14-ը կատարած հետազոտության արդյունքները: Հարցման մեթոդը եղել է հեռախոսային, իսկ հարցումներին մասնակցել է 1500 մարդ:

Հետազոտության մեջ ներառված են եղել նաև Գյումրու ոճրագործության թեմային վերաբերող հարցեր:

Ըստ հարցման արդյունքների՝ հունվարի 12-ին տեղի ունեցած Գյումրու 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին տեղյակ է հարցմանը մասնակցած մարդկանց 99.9%-ը, որից 86%-ը դեպքի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, 34%-ը՝ լրատվական կայքերից, 25%-ը՝ շրջապատից, 10%-ը՝ Ֆեյսբուքից, 3%-ը՝ ռադիոյից:

Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովը ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանի մոտ և հանձնվել Գյումրու 102-րդ ռազմաբազային: Ըստ հարցման արդյունքների՝ մարդկանց 89%-ը նշել է, որ ձերբակալումից հետո Պերմյակովը պետք է հանձնվեր հայկական կողմին, 4%-ը նշել է՝ 102-րդ ռազմաբազա:

Մարդկանց 40%-ը հարցման ժամանակ նշել է, որ Վ. Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ, 29-%-ը նշել է՝ հանցագործությունն ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, 22% նշել է՝ հանցագործությունն Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից կազմակերպված հերթական դիվերսիան էր, 13%-ը նշել է՝ հանցագործությունը կազմակերպված էր արտաքին ուժերի կամ այլ երկրների կողմից, իսկ 11%-ը նշել է, որ դա Պերմյակովի կողմից կատարված ծանր հանցանք է:

Հարցմանը մասնակցած մարդկանց 35%-ը կարծում է, որ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը պետք է կատարվի հայ քննիչների կողմից, 1%-ը՝ ռուս քննիչների կողմից, իսկ 59%-ը կարծում է՝ հետաքննությունը պետք է համատեղ արվի:

Հարցման շրջանակներում մարդկանց 87%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի օրենքներով, 11%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել ՀՀ-ում՝ Ռուսաստանի օրենքներով, իսկ 2%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Ռուսաստանում՝ Ռուսաստանի օրենքներով:

Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս կընթանա դատավարական գործընթացը, մարդկանց 75 %-ը նշել է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա հանցագործության իրական պատճառների մասին, իսկ 14%-ը նշել է՝ դատավարությունը կընթանա արդար, և հասարակությունը  կտեղեկանա բոլոր մանրամասներին:

Հարցին էլ՝ ի՞նչ պատիժ պետք է սահմանվի Վ. Պերմյակովի համար՝ 49%-ը նշել է՝ մահապատիժ, 35%-ը՝ ցմահ ազատազրկում, 3%-ը՝ երկարաժամկետ ազատազրկում, իսկ 10%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Ա. Նավասարդյանի փոխանցմամբ՝ իրենք նաև խնդրել են հարցման մասնակիցներին գնահատել հետևյալ կառույցների, քաղաքական գործիչների արձագանքը, գործելաոճը Գյումրիում տեղի ունեցած իրադարձությանը՝ 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենացածրն է, 5-ը ամենաբարձրն է.  «ՌԴ դեսպանատուն՝ 2. 2, 102-րդ ռազմաբազայի ղեկավարներ՝ 2. 1, ՌԴ նախագահ՝ 2. 3, կաթողիկոս՝ 2. 3, ՀՀ դատախազ՝ 2. 5, ՀՀ ոստիկանապետ՝ 2. 5, ԱԺ նախագահ՝ 2, ՀՀ վարչապետ՝ 2. 1, ՀՀ նախագահ՝ 2. 1: Այսինքն՝ բոլոր նշված կառույցների գործելաոճը նշանակվել է բացասական»:

Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովին Հայաստան հանձնելու համար Գյումրիում կատարված հանցագործությունից հետո անցկացվեցին ցույցեր: Ցույցերի ընթացքում մի խումբ ցուցարարներ քարկոծեցին ոստիկանական պատնեշը, ինչի արդյունքում մի խումբ քաղաքացիներ և ոստիկաններ ստացան ծանր և միջին ծանրության վնասվածքներ: Հարցման ժամանակ մարդկանց 46%-ը նշել է, որ դա հուզմունքը և ցավն արտահայտելու միջոց էր, 26%-ը նշել են, որ ընդհարումները տեղի են ունեցել իշխանության ուշացած և ոչ ադեկվատ աշխատանքի արդյունքում, 17%-ը նշել է, որ ընդհարումները հրահրվել են պրովոկատորների կողմից, և 16%-ը նշել է, որ ընդհարումներն անթույլատրելի են այդ ժամանակահատվածում:

Հարցին՝ հետևյալ դատողություններից որո՞նք են նկարագրում ձեր վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների հանդեպ՝ Գյումրիում կատարված հանցագործությունից հետո՝ 45%-ը պատասխանել է, որ վերաբերմունքը չի փոխվել, քանի որ կարծում է՝ հանցագործությունն ազգություն չի ճանաչում, 38%-ը նշել է, որ պետք չէ սևեռվել ազգության վրա, բոլոր ազգերում էլ կատարվում են հանցագործություններ, 26%-ը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կատարված հանցագործությունը  չի կարող խաթարել նրանց հարաբերությունները, և 5%-ը նշել է, որ սկսել են վատ վերաբերվել Ռուսաստանին և ռուսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս