Ճարպակալումը դարձել է սովից ավելի լուրջ առողջապահական խնդիր ու սպառնալիք` համաշխարհային տնտեսության համար. Project Syndicate

Ամերիկյան Project Syndicate թերթում հրապարակվել է Ռիչարդ Դոբսի ու Բոյդ Սուինբեռնի «Գլոբալ ճարպակալման սպառնալիքը» խորագրով հոդվածը. «2010 թվականին մարդկությունը հասավ կարևոր փուլի:

Բրիտանական The Lancet բժշկական պարբերականում հրապարակված Հիվանդությունների բեռան շուրջ գլոբալ հետազոտության համաձայն` ճարպակալումը դարձել է առողջապահական ավելի լուրջ խնդիր, քան սովն է:

Պարբերականի վերջին համարի տվյալների համաձայն` այսօր ավելի քան 2.1 միլիարդ մարդ` մոլորակի բնակչության գրեթե 30 տոկոսը, կշռում են նորմայից ավելին կամ էլ տառապում են ճարպակալումից: Դա գրեթե 2.5 անգամ ավելին է, քան թերսնվող երեխաների ու տարեցների թիվը:

Ճարպակալումը պատասխանատու է համայն աշխարհում մահերի մոտ 5 տոկոսի համար: Դա ճգնաժամ է, դա ոչ թե պարզապես անհետաձգելի բժշկական խնդիր է, այլ նաև սպառնալիք համաշխարհային տնտեսության համար: Տնտեսության վրա ճարպակալման ազդեցության ֆինանսական ընդհանուր արժեքը կազմում է տարեկան մոտ 2 տրիլիոն դոլար, կամ էլ համաշխարհային ՀՆԱ-ի 2.8-ը:

McKinsey (MGI) Գլոբալ ինստիտուտի նոր հետազոտության համաձայն` դա մոտավորապես հավասար է ծխելու կամ զինված բռնության, պատերազմի ու ահաբեկչության պատճառած տնտեսական վնասին: Այդ խնդիրը, կարծես թե, ավելի է խորանում: Եթե պահպանվեն այսօրվա միտումները, ապա մինչև 2030 թվականը աշխարհի չափահաս բնակչության գրեթե կեսը կշռելու է նորմայից բարձր կամ էլ տառապելու է ճարպակալմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը հայտարարել է, որ որևէ երկրի չի հաջողվել տարիքային բոլոր խմբերում ճարպակալման աճի միտումը շրջել հակառակ ուղղությամբ: Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) տվյալներով` 2000-2013 թվականներին ճարպակալման տարածվածությունը 196 երկրից 130-ում տարեկան կտրվածքով աճել է նվազագույնը 0.5 տոկոսով:

Այդ գլոբալ համաճարակը չի սահմանափակվում զարգացած երկրներով: Երբ աճող տնտեսությամբ երկրները հեռանում են աղքատությունից, նրանց քաղաքացիները գիրանում են: Աշխարհում գեր մարդկանց ավելի քան 60 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում, ուր արագ ինդուստրացումն ու ուրբանիզացիան գերազանցում են եկամուտները, ինչի համար աճում է կալորիաների սպառումը:

Հնդկաստանում ու Չինաստանում քաղաքներում ճարպակալումը 3-4 անգամ ավելին է` համեմատած գյուղական շրջանների հետ: Իսկապես տվյալները վկայում են, որ զարգացող երկրները հատկապես խոցելի են այդ համաճարակի համար: Ճարպակալման կտրուկ աճի տեմպեր կան այն երկրներում, ուր ավելի վաղ չի բավականացրել սննդամթերքը, և հանկարծ այն դարձել է ավելցուկ:

20-րդ դարի կեսին, օրինակ, ֆոսֆատների արդյունահանման ոլորտի բուռն զարգացումը միկրոնեզիական կղզային պետություն Նաուրուն սննդամթերքի պակասով ու սովով հայտնի երկրից վերածեց 2-րդ տիպի շաքարային դիաբեթի ու ճարպակալման հարցերով համաշխարհային առաջատարի: ԱՀԿ-ի տվյալներով` 2005 թվականին Նաուրուի տղամարդկանց 94 տոկոսն ու կանանց 93 տոկոսը կշռել են նորմայից ավելին, իսկ բնակչության ավելի քան 70 տոկոսը տառապում են ճարպակալումից:

Իրավիճակն էլ ավելի վատ է առողջապահական ոչ բավականաչափ զարգացած ծառայություններ ունեցող երկրներում, քանի որ առողջապահության արժեքն ընկնում է անմիջականորեն աղքատ տնային տնտեսությունների վրա: Արդյունքում, ճարպակալումը կարող է դուրս չգալ բնակչության աղքատ շերտերից և հավերժացնել անհավասարությունը:

Վերլուծության ենթարկելով համայն աշխարհում 500 փորձնական հետազոտություն` MGI-ն առանձնացրել է միջոցառումների 74 պոտենցիալ տեսակ, որոնք կարող են օգտագործվել ճարպակալման խնդրի դեմ պայքարում:

Դրանք ներառում են դպրոցական սննդի սուբսիդավորումը, քայլքը խրախուսելու նպատակով քաղաքաշինության նախագծումը, սննդամթերքի մակնշման բարելավումը, բարձր կալորիականություն ունեցող սննդի ու ըմպելիքների գովազդի սահմանափակումը և ֆինանսական միջոցներ ընդունելը:

Շատ կարևոր է ճարպակալման հետ կապված ռիսկերի մասին բնակչությանն իրազեկելը, քանի որ դրա հետ մեկտեղ առաջանում է սեփական առողջության, ֆիզիկական վիճակի ու քաշի համար անձնական պատասխանատվություն: Սակայն ստացված տվյալները վկայում են, որ ճարպակալման մասին գիտելիքների առկայությունն ու ուժեղ կամքը բավարար չեն` հաղթահարելու համար ավելորդ սնունդ սպառելու էվոլյուցիոն բնազդը:

Այդ վնասակար սովորույթները խորացվում են ստեղծվող կենսակերպի կողմից, որի դեպքում պահանջվում է նվազագույն ֆիզիկական ակտիվություն կամ էլ այն չի պահանջվում ընդհանրապես: Մարդիկ օգնության կարիք ունեն, և դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոխել շրջապատը, որն ազդում է նրանց որոշումների ձևավորման մասին:

Խոսքը գնում է սննդի ստանդարտ չափաբաժինը նվազեցնելու, գնումների պրակտիկան փոխելու ու քաղաքներն ու կրթական հիմնարկներն այնպես նախագծելու մասին, որ մարդկանց համար մեղմացվի մարզվելու կամ ակտիվ կենսակերպ վարելու հնարավորությունը:

MGI-ն կարողացել է հավաքել ճարպակալման դեմ պայքարի միջոցառումների 74 պոտենցիալ տեսակներից 44-ի տվյալները, որպեսզի նախնական գնահատական տա ազգային մակարդակով դրանց համատարած ազդեցությանը: Եթե Միացյալ Թագավորությունը, օրինակի համար, կարողանա ներդնել միջոցառումների բոլոր 44 տեսակները, ապա դրա արդյունքում բնակչության մոտ 20 տոկոսը հնարավորություն կստանա 5-10 տարում ավելորդ քաշից անցում կատարել դեպի նորմալ քաշ:

Եթե ամբողջովին փոխվի ճարպակալման միտումը Մեծ Բրիտանիայում, ապա դա Առողջապահության ազգային ծառայությանը հնարավորություն կտա տարեկան տնտեսել մոտ 1.2 միլիարդ դոլար: Շատ երկրների համար ճարպակալման դեմ պայքարը պահանջում է համազգային կամ էլ անգամ գլոբալ ջանքեր: Արդյունք կլինի միայն հետևողական, կայուն, խոշորամասշտաբ նախաձեռնությունների դեպքում:

Որևէ կազմակերպություն, կառավարություն, ընկերություն, ԶԼՄ, դասախոսներ, բուժաշխատողներ, առանձին անհատներ ի զորու չեն միայնակ լուծել ճարպակալման խնդիրը: Այսօր համայն աշխարհում ճարպակալման խնդրի հետազոտությունում ներդրումների տարեկան ծավալը կազմում է մոտավորապես 4 միլիարդ դոլար` ճարպակալման հետևանքով սոցիալական ենթադրյալ ծախսերի ընդամենը 0.2 տոկոսը: Մենք կարող ենք ու կարող ենք անել ավելին»:

Տեսանյութեր

Լրահոս