Հոգեբանը՝ Ծիծեռնակաբերդում աշակերտներին «Պատվո պահակ» կանգնեցնելու նախաձեռնության մասին
«Կազմակերպիչների մտադրությունը երևի թե այն է, որ երեխաների մեջ հայրենասիրական ոգի բարձրացնեն, ուշադրություն գրավեն, մասնակից դարձնեն այդ միջոցառումներին, բայց այստեղ հոգեբանական տեսանկյունից որևէ ազդեցություն ես չեմ տեսնում՝ ո՛չ բացասական, ո՛չ դրական»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում աշակերտական «Պատվո պահակ» հերթապահության մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: Ապրիլի 1-23-ը, ժամը 10:00-18:00-ն աշակերտները հերթափոխով ոգեկոչելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից»,- նշել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է վերոնշյալ արարողակարգը: «Ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես՝ հիմնական, այնպես էլ՝ ավագ դպրոցները»,- հայտարարել է նախարարը:
Հոգեբանն իմաստ չի տեսնում, որ երեխաները դասերը թողնեն, գնան Ծիծեռնակաբերդ. «Չեմ կարծում, որ բացասական ազդեցություն ունենա, բայց չեմ էլ կարծում, որ դրական ազդեցություն լինի: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ հայրենասիրական ոգի կբարձրացնի»:
Հարցին՝ ընդհանրապես երեխաներին պե՞տք է ներգրավել նման միջոցառումներին, և ի՞նչ ձևերով պետք է դա անել, հոգեբանը պատասխանեց, որ պետք է ներգրավել երեխաներին, որովհետև երեխաները պետք է իրենց պատմությունն իմանան:
«Այն էլ՝ այդպիսի նշանակալից իրադարձություն, դա պատմական հիշողության հանգամանք է, որպեսզի երեխաները գիտակցեն դա, և ոչ թե նրանց մեջ մնա ենթագիտակցական մակարդակում, հանկարծ տեսնեն, որ այդ օրը բոլորը սգում են, բոլորն ինչ-որ միջոցառումներ են անում, և չհասկանան: Իհարկե, պետք է ներկայացնել, բայց միևնույն ժամանակ՝ դա չդարձնել ողբ, սուգ, զոհի բարդույթ առաջացնել»,- ասաց Ս. Խուդոյանը՝ ընդգծելով, որ ավելի շատ շեշտը պետք է դնել պահանջատիրության վրա, նաև ցույց տալ, որ շատ ազգեր ունեցել են նման ողբերգություն:
Հարցին էլ՝ ի՞նչ միջոցներով պետք է արվի դա, հոգեբանն այսպես պատասխանեց.
«Միջոցառումների, սեմինարների, թատերական ներկայացումների, դրանք կարող են լինել ամենատարբեր ձևերով՝ դպրոցական կոնֆերանսներ, շարդարություններ կարող են լինել, պատմական ինչ-որ վերլուծություններ կարող են կազմակերպել ավագ դասարաններում, կարող են այցելություններ կազմակերպել Եղեռնի հուշահամալիր, կինոդիտումներ կարող են լինել: Բայց ինչ վերաբերում է նրան, որ՝ գնացեք-կանգնեք «Պատվո պահակ», ես մի տեսակ իմաստ չեմ տեսնում»: