Բաժիններ՝

«Հայաստանը չպետք է վախենա վարկեր վերցնել հատկապես՝ Չինաստանից»

Արտաքին առևտրաշրջանառությունն արդեն մի քանի ամիս ցնցումների է ենթարկվում մի քանի պատճառով։ Տեղացի արտադրողները դադար են վերցրել` հասկանալու համար` ինչ քայլեր ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր արտահանվող արտադրություններում ծավալների կրճատում է տեղի ունեցել։

Ամենաշատ քննարկվող տարբերակը նոր շուկաներ գտնելն է։ Ռուսական շուկան, որտեղ իրացվում է մեր արտադրանքի առյուծի բաժինը, դեռևս մոտ ապագայում կարգավորման հեռանկար չունի, ավելին, տարբեր տեսակետներ են հնչում, որ մինչև 2017-ը փոփոխություն լինել չի կարող։ Արտադրողներից շատերը մտածում են փակվելու մասին, քանի որ գործունեությունը շարունակելու համար բանկերը վարկեր չեն տրամադրում։

Վերջին շրջանում խոսակցություններ եղան, որ նրանք կառավարությանն առաջարկներ են ներկայացրել և սպասում են աջակցության։ Այս պահի դրությամբ որոշակի քայլեր տեսանելի չեն։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն արտաքին առևտրի նման շեշտակի կրճատումը պայմանավորում է հիմնականում ռուբլու արժեզրկմամբ։ Ըստ նրա, մինչև ռուբլին չկայունանա, հնարավոր չէ շարունակել արտահանումը, անհրաժեշտ է այս ընթացքն օգտագործել և շուկան այլ ուղղություններով զարգացնել, այլընտրանքային շուկաների մասին մտածել։

«Տնտեսագիտական նորմ կա, այն շուկան, որտեղ արժույթն արտարժույթի համեմատ թուլանում է, արտադրողը շահեկան վիճակում է հայտնվում։

Կարդացեք նաև

Երբ ռուբլին դոլարի հանդեպ թուլացավ, իրավիճակը փոխվեց, քանի որ, եթե մեր մոտ տարբերությունը կազմում էր 60-70 դրամ, ապա իրենց մոտ 100 տոկոսով եղավ արժեզրկումը, եթե մեր մոտ թուլանար, իսկ այնտեղ մնար նույնը, մեր արտահանողները կարող էին մեծ շահույթներ ստանալ, սակայն ամեն ինչ կախված է արտաքին քաղաքականությունից և միջազգային հարաբերություններից, քաղաքական զարգացումները բերել են նման տնտեսական զարգացումների»,- ասում է Վ. Սաֆարյանը։

Վերջինիս խոսքով, առաջիկայում հրավիրվելու են 50-ից ավելի տնտեսվարողներ, լսելու են նրանց հուզող խնդիրները և առաջարկներ ներկայացնեն կառավարությանը. «Փորձելու ենք լսել, հավաքել և կառավարության հետ գտնել ելքեր։ Հնարավոր է` մեկին տույժեր ու տուգանքներն են անհանգստացնում, մյուսը կարող է սնանկանալ, պետք է քիչ թե շատ ունակ գործարարներին գործելու հնարավորություն տալ»։
Ինչ վերաբերում է արտահանմանը դեպի եվրոպական շուկաներ, նա օրինակ բերեց գյուղմթերքի հնարավորությունը` նշելով, որ այն դժվար կլինի արտահանել, քանի որ ԵՄ-ում այս ոլորտը գտնում է հատուկ ուշադրության կենտրոնում։

Եվրամիության բյուջեի 40 տոկոսը գյուղատնտեսությանն է ուղղվում, ինչը հանգեցնում է նրան, որ իրական արժեքից ցածր` դեմպինգային գներ են ձևավորվում շուկայում. «Այս դեպքում մեր ապրանքը, որի ինքնարժեքը ձևավորվում է ծառայությունների, էներգակիրների գների հիման վրա, չի կարող մրցունակ լինել եվրոպական շուկայում»։ Հարցին` չի՞ կարող արդյոք նոր խնդիրներ առաջացնել այն իրավիճակը, որ ռուսական ընկերությունները սկսել են էժանացնել իրենց որոշ ապրանքատեսակներ և արտահանել հարևան երկրներ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ռուս արտադրողները որոշ հիմնական ապրանքատեսակներով, ինչպիսին է, օրինակ, ալյուրը, կարող են գրավել տեղական շուկան, որը մի կողմից` ուրախանալու առիթ է տալիս, մյուս կողմից` մեր արտադրանքի ծավալների կրճատման տեսանկյունից խիստ ռիսկային է։

«Մենք հասել ենք նրան, որ այսօր ալյուրի արտադրության մեջ 50 տոկոս տեղական հացահատիկն է օգտագործվում։ Հացահատիկ արտադրողներին պետք է խրախուսել, սուբսիդավորել, էժան պարարտանյութեր տրամադրել, որոշ գործողություններ մեքենայացնել, որպեսզի կարողանանք այդ ծավալը հասցնել 70 տոկոսի»։
Ինչ վերաբերում է տնտեսության զարգացման խնդիրներին, միության նախագահը նշեց, որ մենք արդյունաբերության հանդեպ տարիներ շարունակ սխալ վերաբերմունք ենք ունեցել, սակայն այսօր արդեն սկսել են բարձր տեխնոլոգիական, գիտատար ապրանքներ արտադրել, որպեսզի դրանցով մտնենք ռուսական շուկա. «Դրանք կոմպոզիցիոն նյութեր են, տարբեր սոսինձներ, որոնք կարող են արտադրվել «Նաիրիտում», չենք կարողանում այս գործարանը գործարկել, մինչդեռ նրա արտադրանքը շատ պահանջված է։ Ահա այսպիսի նորույթների արտադրությունը պետք է խթանենք, զարգացնենք, միջոցներ գտնենք գործարանը զարգացնելու համար, փոխարենը` այսօր աշխատողներին կրճատում ենք»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ կառավարությունը չպետք է վախենա միջպետական վարկեր վերցնել, հատկապես` Չինաստանից, և ուղղել արդյուաբերության զարգացմանը, հատկապես` «Նաիրիտ» գործարանի գործարկման համար։ «Պետք է ապահովել ենթակառուցվածքային զարգացումներ, երկաթգծային շինարարությունը զարգացնելու դեպքում էլ մեխանիզացիայի ծավալները կընդլայնվեն, հողային, նախագծային աշխատանքներ կիրականացվեն։

Զանգեզուրում պղնձաձուլարանում մաքուր պղինձ պետք է արտադրել, պոչամբարները մշակել և թանկարժեք մետաղներ ստանալ։ 11 մլրդ ՀՆԱ ունենք, պոչհանքերի ու պոչամբարների շնորհիվ` ՀՆԱ-ում 2-3 տոկոսի փոխարեն` 20-25 տոկոս աճ կարելի է ապահովել։ Այսպես, համատեղ շահագործման առաջարկներով, եվրոբոնդերով պետք է սկսել այս քայլերը, ոչ թե «Նաիրիտի» հարցում սպասել Համաշխարհային բանկի երաշխավորությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս