Վարուժան Ավետիսյանը՝ Վահրամ Բաղդասարյանի «կանխարգելիչ միջոցառումների» մասին. «Ամեն ինչ էլ իրենցից սպասելի է, արյունոտ ռեժիմ է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը, ասել է, թե «այդ գործողությունները միանշանակ ուղղված են մեր պետության դեմ, ավելի կոնկրետ՝ ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին»: «Եվ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև շատ քաղաքական գործիչների ու քաղաքագետների։ Գուցե անգիտակցաբար են դա անում՝ չհասկանալով, թե իրականում ում են ծառայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, իսկ «տերերի» ցանկությունը մեկն է՝ միջադեպեր սադրել Հայաստանում, այդ միջադեպերին միջազգային հնչողություն տալ և ասել՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։

168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, խոսելով Վ. Բաղդասարյանի վերոնշյալ հայտարարության մասին, ասաց, թե սա «զրպարտություն» և «սուտ մատնություն» է. «Նման բան չկա, հենց մենք ենք նախանձախնդիր պետական և ազգային շահի պահպանման համար, իսկ կազակերպությունը, որը ներկայացնում է պարոն Բաղդասարյանը, դա մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցություն է, որը ռեժիմի հեռացնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Վ. Ավետիսյանը չգիտի՝ ինչ քաղաքական գործիչները նկատի ունի Վ. Բաղդասարյանը՝ ասելով, որ միայն ինքն այդ կարծիքին չէ, այլև շատ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ:

«Առհասարակ հանրապետությունում կան հանցավոր համագործակցության մաս կազմող կամ նրանց ծառայող, իրենց կուսակցական, քաղաքական գործիչ կամ քաղաքագետ հռչակած անձինք, որոնք նույն այդ ընդհանուր համագործակցության անդամներ կամ շահառուներ են, և, ըստ այդմ, բնականաբար, մասնակցում են ժողովրդի իշխանության յուրացման գործընթացին, որը ծանր հանցագործություն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գործ ունենք «ծանր հանցագործություն» կատարողների հետ:

Կարդացեք նաև

Նշենք, որ հարցազրույցում Վահրամ Բաղդասարյանը նաև հայտարարել էր նաև, թե չի կարելի հանդուրժել այս ամենը. «Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ»։

Այս առնչությամբ Վ. Ավետիսյանն ասաց, որ եթե անգամ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները կազմակերպում են այսօրվա« հանցավոր ռեժիմի» կողմից, իրենք դրանց խանգարելու, խոչնդոտելու որևէ քայլ չեն կատարի. «Ինչպես գիտեք, մեր հավաքը նախատեսված է Էրեբունի թանգարանի մոտ, այնպես որ՝ մենք ֆիզիկապես էլ չենք առնչվում դրա հետ»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ կանխարգելիչ միջոցների մասին է խոսքը, ի՞նչ են անելու իշխանությունները, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, թե «հանցագործների» մոտ ինչ մտքեր կարող են հղանալ և ինչ ծրագրեր կարող են կազմել. «Ամեն ինչ էլ իրենցից սպասելի է, արյունոտ ռեժիմ է»:

Հարցին էլ՝ չնայած ձեր պնդումներին, թե այդ օրը խաղաղ հավաք եք իրականացնելու, Վ. Բաղդասարյանի այս հայտարարությունից հետո չե՞ք կարծում, որ այդ հենց օրը կարող է վտանագավոր իրադրություն ստեղծվել և արյունալի հետևանքներ լինեն, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց.

«Ամեն ինչի պատասխանատվությունը ռեժիմի վրա է, մենք բացի հավաքվելուց և խաղաղ մեր պահանջները ներկայացնելուց, ուրիշ որևէ քայլ չենք պատրաստվում անել»:

Տեսանյութեր

Լրահոս