Բաժիններ՝

Հայաստանի ստարտափները լավ գաղափարներ ունեն, բայց փորձ չունեն

Հրաչյա Մանուկյանը «Truthly» ստարտափի համահիմնադիրն է, success.am կայքի հիմնադիրն ու «Փոխի՛ր կյանքդ» գրքի հեղինակը: Նա քաջատեղյակ է Հայաստանում ստարտափների գործունեությանը, գիտի, թե ինչ խնդիրների են նրանք հանդիպում և ինչպես են հաղթահարում:

– Տնտեսապես ավելի զարգացած երկրներում փորձառու գործարարները նորեկներին գրկաբաց են ընդունում, ինչո՞ւ չէ՝ նաև համագործակցում նրանց հետ՝ հեռանկարներ տեսնելով։ Ինչպիսի՞ն է գործարարների վերաբերմունքը ստարտափների հանդեպ մեր երկրում:

– Հայաստանում ստարտափներն ավագ գործընկերներից օժանդակություն ստանում են հիմնականում խորհուրդների տեսքով: Երբեմն լինում են հանդիպումներ որոշ անհատ գործարարների հետ, ովքեր փորձում են իրենց անցած ուղու պատմությամբ մոտիվացնել մեզ,  սակայն ավելի գործնական մակարդակով այդ «շփումը» դեռ զարգացած չէ: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե նման շփում լիներ, և ստարտափները կարողանային փորձ քաղել ավելի փորձառու սերնդից: Բայց մյուս կողմից էլ՝ մինչև որոշակի կետ ստարտափը պետք է հասնի ինքնուրույն, պետք է ապացուցի, որ կարող է արդյունքներ ցույց տալ: Երբ ձևավորվի առողջ թիմ, ստեղծվի աշխատանքային մթնոլորտ և  պրոդուկտի ինչ-որ նախնական տարբերակ, ապա ձեռք մեկնողներ անպայման կգտնվեն:

– Ի՞նչ գործնական դժվարությունների առաջ է կանգնում ստարտափ բիզնեսը Հայաստանում: Բիզնեսի ո՞ր փուլում է «Զգուշացիր» կոճակը վառվում, և ինչպե՞ս կարելի է խուսափել կործանարար վայրէջքներից:  Կա՞ն արդյոք օժանդակող կառույցներ մեր երկրում ստարտափի թիկունքում:

– Նույնիսկ միջազգային պրակտիկայում շատ քչերն են հաջողության հասնում առաջին փորձից, հիմնականում միշտ էլ նախորդում են ձախողումներ:Մեզ մոտ հանդիպում են սկսնակներ, ովքեր շուտ են կոտրվում. 1-2 ձախողումից հետո հետ են կանգնում գաղափարի իրականացումից: Երկրորդ խնդիրը ներդրումային ծրագրեր գտնելն է: Առաջին քայլն անելուց հետո ստարտափը պետք է հասկանա՝ որտեղից գումար գտնել իր բիզնեսի զարգացման համար: Լուծում կարող է լինել արտասահմանյան հիմնադրամներին դիմելը, բայց ընդհանուր առմամբ՝ ոլորտը մեզ մոտ զարգանում է: Վերջերս սկսել է գործել, օրինակ, HIVE-ն՝ «Հովնանյան» հիմնադրամի նախագծերից, որն առաջարկում է աքսելերացիոն ծրագիր և ֆինանսական օգնություն հայկական ստարտափներին: Կան նաև ներքին այլ ռեսուրսներ, որոնք բավական ակտիվ են աշխատում («Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն, «Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամ», ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն, և այլն):

Մեր ստարտափները պետության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության սահմաններում  հիմնականում ի՞նչ հաջողություններ և ձախողումներ են ունենում:

Ստարտափներն այսօր չպետք է մտածեն, թե ինչ կարող է իրենց համար անել պետությունը: Նրանք պետք է լինեն ինքնուրույն,  համենայն դեպս՝ մինչև ոտքի կանգնելը: Այսօր որոշ ձեռնարկատերեր դժգոհում են, որ իրենց բիզնեսի զարգացման համար Հայաստանում լավ պայմաններ չկան: Միգուցե և այդպես է, բայց բողոքելով՝ հարց չի լուծվում, պետք է այլընտրանքային տարբերակներ գտնել։ Օրինակ, եթե ստարտափին չի բավարարում երկրի օրենսդրական դաշտը կամ հարկային մարմինների հետ գործունեությունը, ի վերջո, նա կարող է իր բիզնեսը, ասենք, Կիպրոսում գրանցել: Եթե պետությունը ֆինանսական գործիքներով չի կարողանում լինել նոր բիզնեսի թիկունքում, պետք է գտնել  ֆինանսավորում դրսից՝ «բիզնես հրեշտակներ» կամ ներդրումային ֆոնդեր: Ֆինանսավորողը նախ՝ պետք է արդյունք տեսնի, իսկ այստեղ` Հայաստանում, շատերը մտածում են, որ եթե գաղափարը կա, ֆինանսը հեշտ պետք է գտնվի: Այդպես չէ, ներդրողը պետք է սկզբնական գնահատման նյութ ունենա: Հայկական ֆոնդերից կարող եմ նշել Granatus Ventures-ը, նաև վերջերս որոշակի ակտիվություն կա ռուսական Imperious Group և Runa Capital ֆոնդերի կողմից:

– Ինչպիսի՞ն է հայկական ստարտափը: Իր բիզնեսի համար որտեղի՞ց է գումարներ գտնում սկսնակ հայ գործարարը և ի՞նչ հեռանկարներ է տեսնում մեր երկրում:

– Հայկական ստարտափների հիմնադիրները հիմնականում երիտասարդ են, մինչև 35 տարեկան, ՏՏ ոլորտից, ոգևորված միջազգային հաջողության պատմություններով: Նրանք ունեն լավ գաղափարներ, միայն թե պակասում է փորձը: Հաճախ ավելի հեշտ է ստարտափ սկսել և հնարավորինս արագ այն հաջորդ փուլ հասցնել այն մարդկանց համար, ովքեր տեսել են միջազգային շուկան, ապրել, սովորել կամ աշխատել են արտասահմանում: Նրանց համար ավելի հեշտ է գաղափարից գործողություն անցումը, որովհետև նրանք տեսել են, թե ինչ է կատարվում դրսում, իսկ դրսում մեզանից մի քանի քայլ առաջ են:

Դուք  Ձեր գործունեությամբ մոտիվացնում եք սկսնակ գործարարներին, լավատեսությունն ի՞նչ գին ունի այստեղ: Իր բիզնեսի ո՞ր փուլում Հայաստանում ստարտափը կարող է ասել՝ «ստացվում է»:

Նվազագույնը՝ պետք է լինի կայուն թիմ, որը, ցանկալի է, որ ինչ-որ պահի վերածվի ընկերության: Պետք է լինի պրոդուկտ, որից օգտվում են մարդիկ, և այդ պրոդուկտը պետք է ունենա գումար աշխատելու հստակ մոդել: Success.am կայքը և «Փոխի՛ր կյանքդ» գիրքն ընդամենը ոգևորության արդյունք են, որոնց միջոցով փորձել եմ փոխանցել այն փորձն ու գիտելիքները, որոնք ունեցել եմ իմ «ճանապարհի» սկզբնամասում: Դեռ շատ վաղ է մեր ստարտափը հաջողված համարել,  սակայն «Truthly» անանուն կարծիքներ ստանալու ծառայությունը շատ արագ մեծ լսարան հավաքելու պոտենցիալ ունի:

Ես որոշել եմ, որ այլևս չեմ զբաղվելու ինչ-որ բանով, որը չունի, թեկուզ՝ հեռանկարային,  աշխարհը փոխելու հավակնություն: Հենց դրանով էլ հիմա զբաղված ենք. «Truthly» մոբայլ հավելվածը կօգնի մարդկանց ողջ աշխարհում ավելի արագ  ինքնակատարելագործվել: Այս ծառայությունը հնարավորություն է տալիս մարդկանց անանուն կարծիքներ խնդրել իրենց ընկերներից, սկսած բնավորության գծերից՝ մինչև պահվածք և վարվելակերպ: Օգտագործելով այդ կարծիքները՝ մարդը կկարողանա տեսնել իրեն կողքից և փոխել իրեն այնպես, որպեսզի դառնա ավելի լավը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս