Կանադայի վարչապետը «անընդունելի» է որակել Գազա ուղևորվող ակտիվիստների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից Գազա ուղևորվող նավատորմի նավերում գտնվող քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է։ Այս մասին Քարնին նշել է X-ում գրառման մեջ։
«Այսօր ես խոսեցի Իսրայելի նախագահ Հերցոգի հետ։ Ես կրկին նշեցի, որ Գազա ուղևորվող նավատորմի քաղաքացիական անձանց նկատմամբ սարսափելի վերաբերմունքն անընդունելի է, և որ մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի ամենուրեք և միշտ», – նշել է նա։
Քարնին նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և բոլոր կողմերի միջև երկխոսության իրական վերսկսման կարևորությունը։
Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ վերջին «Սումուդ» նավատորմի բոլոր նավերը կալանվել են, և ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։
Եվրոպական մի շարք երկրներ իրենց բողոքն են հայտնել Իսրայելի ազգային անվտանգության նախարարի գործողությունների առնչությամբ՝ ընդհուպ պահանջելով նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։
Պատճառը Գազային օգնություն տանող «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութի հրապարակումն է նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը մի ակտիվիստի գետնին գցում ձեռքերը կապած, իսկ տասնյակ այլ կալանավորներ ծնկի իջած են՝ դեմքով դեպի հատակը։ Հետին պլանում հնչում է Իսրայելի ազգային օրհներգը, իսկ իր հրապարակման մակագրության մեջ Բեն-Գվիրն ակտիվիստներին անվանել է «ահաբեկչության կողմնակիցներ»։



