Կոնգրեսում Ցեղասպանության նոր բանաձևը կունենա նույն ճակատագիրը, ինչ նախորդ բոլոր բանաձևերը. Հարութ Սասունյան

«Ցեղասպանության նոր բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում անհաջողության կմատնվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց California Courier թերթի հրատարակիչ ու խմբագիր, ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության մասին` «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևին:

Հարութ Սասունյանը նշեց, որ այս բանաձևը կունենա այն «հաջողությունն» ու ճակատագիրը, ինչ Կոնգրեսում նախորդ տարիների ընթացքում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը: «Ոչ թե լավատես չեմ, որ Կոնգրեսում բեկում տեղի չի ունենա, այլ իրատես եմ և հասկանում եմ, որ այս տարի ևս նման բանաձևի ապագայից դրական զարգացում չպետք է ակնկալել»,- նկատեց Հարութ Սասունյանը` վկայակոչելով Կոնգրեսում տիրող տրամադրություններն ու թուրքական լոբբիից սպասվող ակտիվությունը:

Ըստ նրա` Միացյալ Նահանգների իշխանություններից որոշակի քայլերի ակնկալիք կա, մասնավորապես՝ ապրիլի 24-ին Օբամայի այցը Երևան: Հարութ Սասունյանի համոզմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավերը, որով Օբաման մի քանի խնդիր կլուծի, ինչպես նա ներկայացրել է իր վերջին հոդվածում: Հիշեցնենք, որ մարտի 18-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները մամլո ասուլիս էին անցկացրել Կոնգրեսի առջև և ներկայացրել Հայոց ցեղասպանության` 154-րդ ճշմարտության և արդարության բանաձևը: Այս միջոցառումը ներկայացրել են Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը՝ Ֆրենկ Փալոունի և Դեյվիդ Վալադաոյի հետ միասին:

«Ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամների աջակցությունը. հայտնում է France Press-ը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն ասել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով նման ոճրագործությունները նաև ապագայում:

Իսկ Ադամ Շիֆն ասել է, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել: Բրեդ Շերմանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,- ասել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս