Քաղաքական պահ ստեղծելու առիթը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձեւի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:
Ավելի ճիշտ, հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտ 16-ին. հույների ցեղասպանությունը` Հունաստանն ու Կիպրոսը: Դեռևս 2004-ին Հունաստանը հատուկ բանաձեւով ճանաչել էր Պոնտոսի հույների, իսկ 1998-ին` Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները: Ուրեմն, ասորիների եւ հույների ցեղասպանությունների ճանաչման աշխարհագրությունը շատ փոքր էր:
ՀՀ ԱԺ-ի նիստը միաձայն, 117 քվեով որդեգրեց հետեւյալ բանաձեւը. «Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձեւով եւ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաեւ 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը»։
Բանաձեւի նախագծի ներկայացմանը նախորդել էր «Հիմնավորում Օսմանյան կայսրության կողմից 1915-1923-ին հույների եւ ասորիների ցեղասպանությունների դատապարտման մասին» բանաձեւի նախագծի ներկայացումը: Այնտեղ նշված են պատմական փաստերը, իրականացված ջարդերի եւ տեղահանությունների կանխամտածված լինելը, զոհերի թվերը, ժամանակն ու աշխարհագրությունը եւ բոլորը արդարացված ձեւով տեղավորված ցեղասպանության ուխտի սահմանած դրույթներում: Նշված է նաեւ, որ ժամանակակից ցեղասպանագիտությունը հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները դիտարկում է որպես մեկ ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասեր:
Պատմականորեն եւ իրավաքաղաքականորեն ներկայացված փաստերն ու հիմնավորումները քննարկման տեղ չեն թողնում երկու ժողովուրդների ապրած ցեղասպանությունները ճանաչելու եւ դատապարտելու: Իհարկե, կան տարբեր քննարկելի հարցեր: Հունաստանը ընդհանրապես հույների ցեղասպանության միջազգայնացումը արտաքին քաղաքականության օրակարգի նյութ չի դարձրել, իսկ ասորիները` իբրեւ պետականազուրկ եւ քաղաքական գործոնի ոչ բավարար կարգավիճակ ունեցող համայնք, չունեն լոբբիստական առաջադրված կարողությունը իրենց ազգային ողբերգությունը միջազգայնացնելու:
Հատկապես ասորիների դեպքում, այսօր սակայն ա՛յս խնդիրը, անկախ իրենց կողմից դրսեւորելի ենթադրյալ նախաձեռնողականությունից, այժմեական հրատապությամբ այսօրվա իրադարձությունների լույսի տակ պատմական իրադարձությունների հետ համեմատություններ է ստեղծում` ընդգծելու համար, որ այս ժողովուրդը երկրորդ անգամ է ենթարկվու՛մ ցեղասպանության, առաջինը ուղղակի Օսմանյան կայսրության, իսկ ներկայինը՝ պատվիրված, ֆինանսավորված Անկարայի կողմից:
Համեմատական ցեղասպանագիտությունը ընդհանուր քաղաքականության բաղադրիչները համարելով դեռևս ընդհանրություններ եւ տարբերություններ է գտնում երեք ցեղասպանությունների միջեւ:
Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ եւս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձեւը, այնտեղ կնկատենք, որ հույների եւ ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձեւած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը, եւ այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաեւ հայ, հույն եւ ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հիմա՛ նման բանաձեւ ընդունելը, անպայման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղերձ ունի: Բանաձեւը պարփակում է Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված ժողովուրդների համախմբման կոչ. զորակցելով զորակցության հրավեր: Պատահական չէր նաեւ այն, որ ամերիկյան Կոնգրեսի բանաձեւը առանց Ցեղասպանություն եզրի օգտագործման խոսում էր կրոնական կալվածքների վերադարձի պահանջի մասին. ընդ որում՝ նաեւ հունական եւ ասորական: Իսկ ասորիների տեղահանությունները քաղաքականորեն արծարծելու համար ճիշտ հունավորման պարագայում անպայման կգրավեն միջազգային շրջանակների ուշադրությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բանաձեւի լուռ կոչը` տուժած ժողովուրդների համախմբման քաղաքական պահ ստեղծելու լավագույն առիթ ունի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր