Օբաման հրաժարվել է հանդիպել Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ. աղբյուր
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունն անտեսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու մասին Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խնդրանքը: Այս մասին հաղորդում է գործակալության սյունակագիր Ջոշ Ռոջինը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրները:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միխանը հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, որ Սպիտակ տունը չունի այնպիսի հանդիպումներ, որոնք մասին պետք է բարձրաձայներ: Ռոջինն ընդգծել է, որ Օբամայի գրաֆիկը շատ հագեցած չէ:
Մասնավորապես, այսօրվա համար պլանավորված է, որ Օբաման կարճ ելույթ պետք է ունենա բժշկական ապահովագրության հարցերով խորհրդաժողովում, իսկ վաղը նա պետք է ելույթ ունենա Ալաբամայում՝ կապված տնտեսական հարցերի հետ:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կարծիք է հայտնել, որ Օբաման խախտել է իր նախորդ Ջորջ Բուշ-կրտսերի դրած այն ավանդույթը, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահը մշտապես հանդիպել է Վաշինգտոն այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Նորվեգիայի արդեն նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ն գլխավորել է 2014 թվականի հոկտեմբերին, և դրանից հետո նա որևէ անգամ չի հանդիպել Օբամայի հետ: