«Անել այնպես, որ մարդիկ անգլերենն ընտրեն՝ որպես իրենց հիմնական լեզու». Լի Կուան Յու

Մարտի 23-ին միջազգային մամուլը հաղորդեց Սինգապուրի առաջին վարչապետ, 91-ամյա Լի Կուան Յուի մահվան մասին: «Պարոն Լին խաղաղ մահացել է Սինգապուրի գլխավոր հիվանդանոցում»,- ասված էր Սինգապուրի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Ռուսական «Ֆորբս» ամսագիրը  2011թ. մայիսին հրապարակում էր պատրաստել «Սինգապուրյան հրաշքի», սինգապուրյան տնտեսական թռիչքի հեղինակ և դարաշրջանի պայծառ քաղաքական, տնտեսական գործիչ, Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մասին, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:  Լի Կուան Յուն Սինգապուրի կառավարությունը գլխավորել է 1959-1990 թվականներին: Նրա գլխավորությամբ Սինգապուրը հետամնաց երկրից վերածվել է ֆինանսական կենտրոնի։ 2011թ. Լի Կուան Յուն հայտարարեց Սինգապուրի մենտոր-մինիստրի պաշտոնից հրաժարական տալու մասին: 30 տարի՝ որպես Սինգապուրի վարչապետ, և 7 տարի՝ որպես Կառավարության խորհրդատու-ուսուցիչ աշխատած Լին հեռացավ,  որպեսզի ճանապարհ տա երիտասարդներին: Այդ տարիների ընթացքում նրան հաջողվեց Սինգապուրն աղքատ ձկնորսական գյուղակից վերածել ծաղկուն պետության, ուր գործնականորեն բացակայում է կոռուպցիան, իսկ բնակչությունն աշխարհում ամենաբարեկեցիկներից և ամենակրթվածներից մեկն է: Վերջին տարիներին Լի Կուան Յուն հաճախ էր Ռուսաստան այցելում: Մի քանի տարի առաջ «Սկոլկովո» միջազգային դպրոցի նախագահ, հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին հաջողվեց նրան համոզել դառնալ դեռևս չկառուցված դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ: Լի Կուան Յուն պարբերաբար դասախոսություններ էր կարդում այդ դպրոցի ուսանողների առաջ, նրանց էր հանձնում ուսանողական տոմսեր ու տալիս խորհուրդներ:

 

Ստորև ներկայացնում ենք «Ֆորբս» ամսագրի հրապարակումը.

«Դու չինարեն խոսո՞ւմ ես»,- այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ ինձ հարցրեց Լի Կուան Յուն:

Նախորդ դարի 50-ական թթ. Սինգապուրին հաջողվեց տնտեսության մեջ թռիչք կատարել մեծ մասամբ Լի Կուան Յուի՝ ազգին համառորեն անգլերեն սովորել մղելու հաշվին: Նրան հաջողվեց անգլերենը երկրում հիմնական լեզու դարձնել: Այժմ, երբ սինգապուրցիների մեծ մասն ազատ խոսում է անգլերեն, Լի Կուան Յուն ավելի հաճախ է խոսում չինարեն սովորելու անհրաժեշտության մասին և այդ գաղափարը ակտիվորեն իրականացնում է դպրոցներում:

Այդ պատճառով էլ, ականջ դնելով Լի Կուան Յուի խորհրդին, ես սկիզբ դրեցի ChineseOnline.ru-ի գոյությանը: Չնայած տարիքին՝ Լի Կուան Յուն պահպանել է մտքի պայծառությունը և քաջատեղյակ է այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում: Նա հիանալի հումորի զգացում ունի, որի շնորհիվ էլ վայրկենաբար գրավում է լսարանին:

Այժմ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրա և «Սկոլկովոյի» ուսանողների հետ հանդիպումից մի դրվագ:

 

Ո՞վ է Ձեր կյանքում Ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել:

– Ես ուզում էի դառնալ հաջողակ ու լավ իրավաբան: Որպեսզի իրավաբան դառնաս մի երկրում, որը ղեկավարում են բրիտանացիները, ուր բոլոր դատավորներն ու դատախազները բրիտանացիներ են, դու պետք է նույնպիսի բրիտանացի դառնաս, սովորես բրիտանական անգլերեն: Ես սովորեցի լավագույն համալսարաններում և իրավաբանական դպրոցներում: Հայրենիք վերադառնալով՝ ես աշխատանքի ընդունվեցի բրիտանական իրավաբանական դպրոցում: Որոշ ժամանակ անց ես սկսեցի աշխատել արհմիությունների հետ, ապա հաղթեցի ընտրություններում, իսկ իմ ղեկավարը պարտվեց: Նա ինձ ասաց, որ ես լավ կանեմ՝ հեռանամ, և ես միանգամից կրտսեր գործընկերոջից վերածվեցի աշխատանք չունեցողի:

Դրանից հետո մտերիմ ընկերներիցս մեկի հետ ես հիմնադրեցի իմ սեփական ընկերությունը: Սկսեցի գործից գլուխ հանել, ուսումնասիրել նոր տեխնոլոգիաներ: Հարկավոր է գործը հետաքրքիր ներկայացնել. այդ ժամանակ մարդիկ ձեզ կլսեն: Միշտ ինչ-որ նոր բան սովորում ես: Հետո ես սկսեցի զբաղվել քաղաքականությամբ:

 

Դուք կոռուպցիայի դեմ ամենահաջողակ պայքարողներից եք: Որքանո՞վ է կոռուպցիան վերացնելը լուծելի խնդիր:

– Մենք անսովոր պետություն ենք: Այն բավականին կոռումպացված էր՝ մինչև մեր իշխանության գալը: Մինչ այդ մեզ ղեկավարում էին բրիտանացիները: Նրանք անցումային շրջանում իշխանությունը կիսում էին տեղական նախարարների հետ և վերջիններիս օժտում ավելի ու ավելի մեծ իրավասություններով: Իշխանության այդ կարգի փոխանցումը ժամանակի ընթացքում ուղեկցվում էր կաշառատվությամբ՝ նվերներ, էլի նվերներ, հետո՝ փող, և այլն:

Երբ մենք իշխանության եկանք, որոշեցինք դրան վերջ տալ, այլապես գոյատևելն իսկ դժվար կլիներ: Մեր հարևանները հսկայական ռեսուրսների են տիրապետում՝ նավթ, գազ, անտառանյութ, գետեր, հիդրոէլեկտրակայաններ: Մենք ընդամենը փոքր կղզի ենք: Ինչպե՞ս ապրել այդ դեպքում:

Մենք պետք է սկսեինք ապրել այլ սկզբունքներով. դու կաշառակեր ես, ես՝ ոչ, ձեր տնտեսությունը՝ պակաս, իսկ մերը՝ ավելի զարգացած է, ձեր երկրում ապրելը վտանգավոր է, մեզ մոտ՝ անվտանգ: Կինը կարող է որոշել դուրս գալ քայլելու գիշերվա ժամը 3-ին, և նրան ոչինչ չի սպառնա:

Ինչպե՞ս մենք հասանք դրան: Ամենից առաջ մենք մարդկանց հասկացնել տվեցինք, որ եթե մենք չգնանք մեր սեփական ճանապարհով, ապա մենք չենք գոյատևի:

Մենք նավթ ու գազ չունենք, սակայն ունենք տարածաշրջանում խոշորագույն նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրը: Մեզ մոտ են աշխատում բոլոր խոշորագույն ընկերությունները: Ինչո՞ւ. կայունության, ներդրումների պահպանման, էֆեկտիվության և հուսալիության շնորհիվ: Ես օրինակ կբերեմ:

1973թ. արաբական երկրները նավթային էմբարգո մտցրեցին, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ԱՄՆ-ի՝ Իսրայելին պաշտպանելու դեմ: Բոլոր այդ երկրները միանգամից հայտարարեցին, որ այլ մարդկանց պատկանող, նավթամբարներում պահվող նավթն իրականում իրենցն է, և այն չի կարելի վաճառել:

Ես որոշեցի, որ, եթե մենք ուզում ենք զարգանալ, պետք չէ խառնվել այդ կոնֆլիկտին: Ես զանգեցի նավթարդյունաբերողներին և ասացի. «Եթե դուք պատրաստվում եք ձեր գործերը վարել նախկինի պես և եթե համարում եք, որ կորուստները բոլորի վրա հավասարապես պետք է բաժանվեն, այսինքն՝ բոլորը կստանան միայն նախկինում ստացածի մի մասը, մենք պատրաստ ենք կիսել այդ դիրքորոշումը»:

Նրանք այդ մասին չեն մոռացել:

Այսօր՝ ռեցեսիայի ժամանակ, Սինգապուրում ExxonMobil-ի ներդրումները կազմում են 12 միլիարդ դոլար: Մինչ Exxon-ի՝ Mobil-ին կլանելը դրանք կազմում էին 6 մլրդ դոլար: Նրանք պատրաստվում են լրացուցիչ 4,5 մլրդ դոլար ներդնել: Այսպիսով, ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 16,5 մլրդ դոլար: Դա այդպես է լինում, որովհետև մեր գործընկերները վստահ են, որ մենք մեր պարտավորություններից չենք հրաժարվի:

Երբ մենք պայմանագիր ենք ստորագրում, մենք հանգամանալից կերպով ուսումնասիրում ենք նրա պայմանները: Մենք կա՛մ ստորագրում ենք այն, կա՛մ ոչ: Բայց եթե, այնուամենայնիվ, այն ստորագրում ենք, մենք պարտավոր ենք կատարել նրա պայմանները, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Անհրաժեշտ է վստահություն, հարկավոր է ընդունել այն փաստը, որ գործարքի արդյունքում դուք կարող եք պարտվողի դերում լինել, բայց երկարաժամկետ հեռանկարում դուք հաղթող կլինեք:

 

 – Ճի՞շտ է, որ Դուք Ձեր իշխանությունն օգտագործել եք, որպեսզի Ձեր որդուն դարձնեք վարչապետ:

– Այս հարցն ինձ արդեն 1001-րդ անգամ են տալիս: Ես իմ որդուն չեմ նշանակել, ես վարչապետ եմ նշանակել իմ գործը շարունակողին, որն այդ պաշտոնում ծառայեց 14 տարի: Նա որոշեց իմ որդուն վստահել իր տեղակալի պաշտոնը: Ես դրան չեմ մասնակցել: Երբ նա պաշտպանության նախարար էր, իմ որդին օպերատիվ կառավարման պետն էր, և նախարարը նրանից շատ գոհ էր: Հենց նա էլ որդուս խնդրեց ազատվել ծառայությունից և զբաղվել քաղաքականությամբ:

Ես չեմ ուզում չափազանցնել որդուս նվաճումները: Բայց նա որոշեց ընդունվել Քեմբրիջ` մաթեմատիկայով զբաղվելու համար: Դա Թրինիթի քոլեջն էր, նույն այն քոլեջը, ուր Իսահակ Նյուտոնն ապացուցեց իր ձգողականության տեսությունը: Ես նրան ասացի, որ դեռ վաղ է, այնտեղ շատ բարձր ստանդարտներ են, և նա պետք է ընդունելության քննություններ հանձնի:

Նա հանձնեց դրանք և միանգամից 2-րդ կուրս ընդունվեց և 2 տարում յուրացրեց ուրիշների՝ 3 տարում յուրացրածը: Ավարտական քննությունից հետո Սինգապուրի ուսանողական ասոցիացիան քոլեջի տնօրենությունից նամակ ստացավ, որում գրված էր, որ որդիս 16 բալ ավելի է ստացել համակուրսեցիներից: Այդպիսի բան Քեմբրիջի պատմության մեջ չէր եղել:

Որդիս խոսում է անգլերեն, չինարեն, մալայերեն և նույնիսկ ռուսերեն:

Իր պաշտոնում նա աշխատեց 5 տարի, և հիմա արդեն այլևս ոչ ոք չի կասկածում, որ նա իր տեղում էր:

 

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում Շառլ դը Գոլի նման՝ Ձեր հետևից տանել մարդկանց։ Ո՞րն է գաղտնիքը։

– Ես երբեք նախապես գրած տեքստ չեմ կարդում։ Միշտ նայում եմ իմ ունկնդիրների աչքերին։ Այն, ինչ գրված է պատրաստի տեքստում, թերթերում, միշտ հստակ հերթականություն ունի։ Բայց ամենակարևորն այն է, որ այնպես անես, որ լսարանը չկորցնի քո նկատմամբ հետաքրքրությունը։ Այդ պատճառով էլ, երբ ես ելույթ եմ ունենում՝ մոռանում եմ նախապես պատրաստված տեքստի մասին և նայում եմ ունկնդիրներիս։ Երբ տեսնում եմ, որ նրանք ինչ-որ միտք չեն ըմբռնել, ես կրկնում եմ այն, միայն թե այս անգամ` այլ կերպ։

Կարծում եմ՝ Լենինը և այլ մեծ հռետորներ նույնպես այդպես են վարվել։ Ես հզոր հռետոր չեմ, բայց ես սովորում եմ։ Եթե դուք քաղաքական գործիչ եք, հեռուստասուֆլյորը ձեզ չի օգնի գրավել ձեր ընտրողներին։ Ելույթը դատարկ զբաղմունք է, եթե դուք կառչած եք գրված տեքստին։ Նայեք ձեր ունկնդրին ելույթի ժամանակ և, թելը կորցնելու դեպքում, կրկնեք ձեր ասածը։ Ես այդպես եմ անում։

Դը Գոլն ուրիշ կերպ էր վարվում։ Նրա բոլոր բառերը նախապես մտածված էին։ Ես ֆրանսերեն չեմ խոսում, բայց ես կարդացել եմ նրա հուշերը և ներկա գտնվել նրա ելույթներին. նա հզոր հռետոր էր։ Նրա ելույթի յուրաքանչյուր բառը կարելի էր հիշել։ Նա նախապես մշակում էր ելույթի ռիթմը, ինտոնացիան, առանձին բառերի շեշտադրումը։

Երբ ես 1952թ. սկսեցի աշխատել, ես ստիպված էի խոսել մի քանի լեզուներով։

Երբ վերադարձա Մեծ Բրիտանիայից, սկսեցի անվճար աշխատել արհմիությունների համար։ Ես նրանց օգնում էի, որովհետև մտադիր էի ապագայում նրանց բազայի հիման վրա քաղաքական կուսակցություն ստեղծել։ Ես սովորեցի հասարակ ժողովրդի լեզվով խոսել՝ մալայերեն կամ պարզեցված անգլերեն։ Հետո սկսեցի չինարեն օգտագործող արհմիություններում աշխատել։ Սկզբում կարիք էր լինում խոսել 3-4 լեզուներով միանգամից։ Դա շատ հոգնեցուցիչ բան է։

Մի անգամ ես ելույթ էի ունենում 3 լեզուներով՝ անգլերեն, չինարեն և մալայերեն։ Անգլերենն իմ հիմնական լեզուն է. նրան ավելի լավ եմ տիրապետում, որովհետև հաճախ եմ այն օգտագործում։ Փոքր պատուհանով ռադիոխցիկում որոշ ժամանակ աշխատելով՝ ես ստիպված էի պառկել գետնին, որովհետև շնչելու օդ չկար։ Ես իսկապես շատ տանջվեցի, և դա՝ այն պատճառով, որ մարդիկ հասկանան, որ ես անկեղծ եմ խոսում, որ ես ինքս էլ հավատում եմ յուրաքանչյուր բառին, ինչ ասում եմ, որ կանեմ այն, ինչ խոստանում եմ։ Կրթության բնագավառում իմ վարած քաղաքականությունը հետևյալն է՝ անել այնպես, որ մարդիկ անգլերենն ընտրեն՝ որպես իրենց հիմնական լեզու։ Այլապես ինչպե՞ս եք դուք գումար վաստակելու, ինչպե՞ս եք համագործակցելու միջազգային ընկերությունների հետ, այն էլ՝ 1950-ականներին։ Բոլորը պետք է սովորեն անգլերեն, իսկ, ասենք, մայրենի չինարենը թող լինի 2-րդ լեզուն։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս