Լի Կուան Յու՝ սինգապուրյան տնտեսական հրաշքի ավտորիտար հեղինակը
BBC-ը ներկայացրել է Սինգապուրի առաջին վարչապետ, սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակ Լի Կուան Յուի կյանքի ու գործունեության մանրամասները. «Սինգապուրի ազգի հայր Լի Կուան Յուան 92 տարեկան հասակում մահացել է երեկ երեկոյան: Լին վարչապետի պաշտոնում կղզին ղեկավարել է 31 տարի՝ սկսած այն պահից, ինչ Սինգապուրն անկախություն ձեռք բերեց 1959 թվականին:
Հաշվենկատ ստրատեգ ու անողոք պրագմատիկ Լի Կուան Յուն բնական պաշարներ չունեցող փոքրիկ կղզին վերածեց բարգավաճող տնտեսության: Նա հաջողությամբ սինգապուրցիներին համախմբեց այն բանին հասնելու շուրջ, ինչը հաճախ անվանում են տնտեսական հրաշք, պետական ու մասնավոր կապիտալիզմի համակցություն:
Լին Սինգապուրը դարձել է բարգավաճող, ժամանակակից, արդյունավետ և գործնականում կոռուպցիայից զերծ երկրի, որը գրավիչ դարձավ օտարազգի ներդրողների համար: Սակայն հիանալով նրա տնտեսական հաջողություններով՝ շատերը թերահավատություն են հայտնում, թե Լի Կուան Յուի ժամանակ ինչպես դասավորվեց մարդու իրավունքների շուրջ իրավիճակը:
Լի Կուան Յուն ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 16-ին, Սինգապուրում՝ չինացի ներգաղթյալների երրորդ սերնդի ընտանիքում: Նրա դաստիարակությունն իրականացվել է բրիտանական ուժեղ ազդեցության ներքո, և նրա պապը նրան անվանել է Հարի Լի: Այդ անունով նա հայտնի է եղել երիտասարդության տարիներին:
Լին հաճախել է Սինգապուրի անգլիական դպրոց, սակայն հետագայում նրա կրթությունը դադարեցվել է՝ կապված 1942 թվականին մեկնարկած ճապոնական օկուպացիայի հետ: Հետագա երեք տարիներին նա առևտուր է արել «սև շուկայում», ինչպես նաև իր լավ անգլերենի շնորհիվ աշխատանքի է տեղավորվել ճապոնական քարոզչության օկուպացիոն դեպարտամենտում:
Պատերազմից հետո նա կարճ ժամանակով հայտնվել է Լոնդոնի տնտեսական դպրոցում՝ նախքան Քեմբրիջ տեղափոխվելը, ուր ստացել է իրավագիտության երկրորդ աստիճան: Ուսանողական տարիներին Լին իրեն համարել է հետևողական սոցիալիստ, ինչի համար էլ Սինգապուր վերադառնալուն պես, առանց մտածելու, համալրել է արհմիութենական շարժման շարքերը և ժամանակի ընթացքում դարձել է արհմիութենական գլխավոր իրավաբաններից մեկը:
Լի Կուան Յուն 1954 թվականին հիմնում է «Ժողովրդական գործողությունների» կուսակցությունը (ԺԳԿ) և դառնում է դրա գլխավոր քարտուղարը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է հետագա 40 տարիներին: ԺԳԿ-ը 1959 թվականի ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ստանում է տեղերի մեծ մասը:
Իսկ Լի Կուան Յուն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Սինգապուրն արդեն փաստացի ձեռք էր բերել անկախություն՝ դառնալով ինքնիշխան պետություն Բրիտանական կայսրության կազմում: Լին ձեռնամուխ է լինում մասշտաբային բարեփոխումների ծրագրին, որոնք պետք է Սինգապուրը թշվառ երկրից վերածեին ժամանակակից ինդուստրիալ զարգացած երկրի:
Տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար Լի Կուան Յուն կոշտ վերահսկողության տակ է վերցրել քաղաք-պետության կենսական նշանակության մնացյալ բոլոր ոլորտները և առաջին հերթին քաղաքականությունը: Սինգապուրը նախկինի նման աշխարհի ամենաղեկավարվող հասարակություններից մեկն է:
Լիի ընդդիմադիրներն առանց հետաքննության ու դատավարության հայտնվեցին բանտում, շատ լրագրողներ կալանավորվեցին: Լիի խոսքերով՝ ԶԼՄ-ների ազատությունը պետք է ենթարկվի Սինգապուրի ամբողջականության առաջնահերթ կարիքներին: Իր գործողությունները նա արդարացնում էր նրանով, որ թերթերը ֆինանսավորվում են արտերկրից՝ Սինգապուրի չարակամների կողմից:
Լին կարծում էր, որ զարգացող երկրում պետք է զոհաբերվեն մի շարք ազատություններ: Լինելով ակնառու հակակոմունիստ՝ Լին մեղադրվեց կոմունիստական ռեժիմների կողմից կիրառվող մեթոդներն օգտագործելու մեջ, սակայն ի տարբերություն նրանց՝ Սինգապուրի ժողովուրդը համենայն դեպս ֆինանսական օգուտներ ստացավ նրա կառավարումից:
1960-1980 թվականներին Սինգապուրում ազգային ՀՆԱ-ն աճեց 15 անգամ: Որպես օրինակ ծառայեց Իսրայելը, որը շրջապատված է արաբական թշնամական երկրներով: Լին ասում էր, որ Իսրայելի նման իրենք էլ պետք է «ցատկեն» տարածաշրջանի մնացյալ երկրների վրայով և ներգրավեն միջազգային ընկերություններին:
Լին կոշտ պայքար ձեռնարկեց կոռուպցիայի դեմ, որը դարձել էր անցյալի գաղութատիրական տնտեսական մոդելի անքակտելի մասը և ձեռնամուխ եղավ էժան բնակարաշինության, աշխատատեղերի ստեղծման ու ինդուստրացման ծրագրի իրականացմանը:
Լին հավատացած է եղել մարմնական պատիժների արդյունավետությանը՝ անձամբ ունենալով նման փորձ դպրոցական տարիներին (իր իսկ խոսքերով՝ 3 անմոռանալի հարված է ստացել այն տեղում): Նա զարմանք է հայտնել, որ Արևմուտքում դեմ են արտահայտվում դրան՝ ընդգծելով, որ սարսափելի որևէ բան չի եղել իր և իր համադասարանցիների հետ:
Երբ Լին լքեց զբաղեցրած պաշտոնը՝ մարմնական պատիժներ արդեն իսկ դարձել էին Սինգապուրի դատական համակարգի մի մասը: Մարդկանց մարմնական պատիժների էին դատապարտում Սինգապուրի քրեական օրենսգրքի ավելի քան 40 հոդվածներով:
Լին նաև վերահսկողության տակ էր վերցրել ընտանիքի պլանավորումն ու ծնելիությունը՝ հավելյալ հարկեր սահմանելով նրանց նկատմամբ, ովքեր ունեին ավելի քան երկու երեխա:
Լին ընդհանուր առմամբ իր կուսակցության հետ 7 անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում և պաշտոնաթող է եղել միայն 1990 թվականին՝ դրանով իսկ սահմանելով վարչապետի պաշտոնում մնալու տևականության համաշխարհային ռեկորդ:
Սակայն դրանից հետո էլ նա շարունակել է ակտիվորեն մասնակցել քաղաքականությանը՝ գլխավորելով սինգապուրցիների կողմից անգլերեն սովորելու հետ մեկտեղ նաև չինարեն սովորելու քարոզչական կամպանիան: Նրա կառավարման ընթացքում Սինգապուրը զարգացող երկրից վերածվել է Ասիայի առաջատար ինդուստրիալ երկրներից մեկի:
Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ բարեփոխումների հաջողությունը ձեռք է բերվել անձնական ազատությունների ու ընդդիմադիր ԶԼՄ-ներին հալածելու գնով: Լին Սինգապուրի ապագայի համար իր փիլիսոփայությունը ձևակերպել է 2005 թվականին չինական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
Լին հայտարարել է. «Նոր աշխարհում մենք պետք է գտնենք մեր տեղը, փոքրիկ անկյուններ, ուր՝ չնայած մեր ոչ մեծ չափերին՝ մենք կկարողանանք հանդես գալ այնպիսի դերակատարությամբ, որն օգտակար կլինի համայն աշխարհի համար»»: