Գտել են ԵՏՄ-ում Հայաստանի «տեղը»
Եվրասիական փորձագիտական ակումբի (ԵՓԱ) անդամներն ուսումնասիրել են ԵՏՄ-ի կազմում ձևավորվող տարբեր ենթակառուցվածքները, ձևաչափերը, որոնցում ընթանում են զանազան պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ, միջոցառումներ, և գտել են տեղ, որը, ըստ նրանց, դեռևս գործարկված չէ և որը «շատ հարմար է՝ Հայաստանի համար պատշաճ և ըստ արժանվույն ԵՏՄ-ում լինելու համար»: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, «Ինտեգրացում և զարգացում» հ/կ նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով իրենց առաջարկները.
«Մենք առաջարկում ենք ամեն տարվա սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Երևանում անցկացնել «Երևանյան եվրասիական ընթերցումներ» համաժողովը, որտեղ առաջարկում ենք հավաքել ԵՏՄ տարածքի կրեատիվ, ոչ ավանդական, ոչ ստանդարտ մտածողություն ունեցող, հետաքրքիր, նորարարական մոտեցումներով, վերջին տարիներին աչքի ընկած մտավորականների, գիտնականների, լրագրողների, դիվանագետների և բիզնեսմենների, և նրանց ներկայությամբ՝ այդ հարթակում քննարկել Եվրասիական ինտեգրման հեռանկարներին վերաբերող հարցերը»: Ըստ քաղաքագետի՝ այսօր ԵՏՄ-ում գրեթե բոլորն են հասկանում, որ առանց հումանիտար համագործակցության, առանց մարդկային կապերն ամրապնդելու, հորիզոնական ցանցեր ստեղծելու, որտեղ կարող են համագործակցել համախոհները, լոկ բիզնեսին ուղղված տնտեսական ինտեգրումը չի կարող ունենալ մեծ հեռանկար.
«Մենք կարծում ենք, որ վերջին տարիներին Հայաստանի ունեցած ներուժը, մասնավորապես, ինտելեկտուալ ներուժը՝ ԵՏՄ գաղափարների առաջմղման ասպարեզում, մեզ իրավունք է տալիս հավակնելու, որ Հայաստանը կարող է դառնալ մի տեղ, որտեղ ամբողջ Եվրասիական տարածքի ինտելեկտուալ հանրությանը, պետական, քաղաքական բարձր գործիչներին հրավիրելու և նրանց հետ իրենց հոգսերը, մտահոգությունները, անհանգստությունները քննարկելու միջոցով՝ կարող է անցկացնել այդ միջոցառումը»:
ԵՓԱ-ի մեկ այլ անդամ՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ նկատեց, որ մարդկային կապիտալն էապես նվազեցրել է իր դերակատարումը՝ նկատի ունենալով ո՛չ միայն Հայաստանին, այլև ԵՏՄ մյուս երկրներին. «Ուզում եմ հիշեցնել Թոմաս դե Վաալի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղյան պատերազմը մենք հաղթեցինք՝ մեր մտավոր առավելության հաշվին: Այս առումով՝ ես կարծում եմ՝ նման գիտաժողով կազմակերպելն ավելի քան հրատապ է, որովհետև այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ ներկայիս աշխարհի ըմբռնման կարողություն պետք է մենք բոլորս ունենանք: Դա չպետք է կրի միջոցառման տեսք, դա պետք է լինի աշխատանքի սկիզբ: Մենք ամեն տեղից շատ բաներ վերցրել ենք, բայց մոռացել ենք աշխատանքի հասկացողությունը»:
ԵՓԱ անդամ, Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ նկատեց, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, և դրանում պետք է կարևորել միջազգային նոր տնտեսակարգի ձևավորման դերը: Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսների ենք տիրապետում, որոնցով ներկայանանք ցանկացած՝ տարածաշրջանային կամ միջազգային հարթակներում. «Մտավոր կարողության, ինտելեկտուալ ներուժի իրացման հնարավորությունների առումով՝ Հայաստանը կարող է ակնհայտ առաջատար լինել, և պատահական չեմ համարում հենց այդպիսի հարթակի ձևավորումը Երևանում: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է հստակ օրակարգ ձևավորի: ԵՏՄ-ում հիմա կարծես խաղի կանոնների մշակման և դրանց ներդաշնակեցման փուլն է, որին պետք է հաջորդի օրակարգի ձևավորում, դրան զուգահեռ՝ մենք չպետք է սպասենք՝ մեզ հրամցվի օրակարգը, ու այս առումով՝ նույնպես կարևորում եմ այդ հարթակը»: