Վերջին Նաիրիտն իմ երկրի
Վերջին տարիների ամենաառեղծվածային ու հակասական պատմությունը, հարկավ, հանրահայտ «Նաիրիտին» է վերաբերում: Գիտաարտադրական այս հսկան շատ ինքնատիպ ու տարօրինակ մեթոդով է վրեժ լուծում: Հիմա քչերն են հիշում, որ 1988-ի ազգային զարթոնքը սկսվեց «Նաիրիտը եղեռն է» ցուցապաստառ-կարգախոսերուվ: Հավանաբար, ոչ ոք չի էլ հիշում, թե ինչպես էր մեր պատգամավորներին ԽՍՀՄ տվյալ պահի վարչապետ Նիկոլայ Ռիժկովը լացակումած պաղատում` չփակել այդ ձեռնարկությունը:
Ի տարբերություն «Նաիրիտի»` ճակատագիրը Նիկոլայ Ռիժկովի համար այլ բան էր ապսպրել` նա ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացավ: Մինչդեռ «Նաիրիտը» բավական մոտ է ազգային ողբերգության դափնիներին: Արդեն երկու տարուց ավելի է՝ այս ընկերության անունն ամենաշատն է հիշատակվում հայաստանյան տեղեկատվական դաշտում: Նախկինում խոսվում էր ընկերության հնարավոր սնանկության, աշխատակիցների կրճատման մասին: Իսկ հիմա մեր լրատվամիջոցներում համարյա ամեն օր կարելի է կարդալ` ««Նաիրիտի» նախկին աշխատակիցները փակել են…», կամ «Նախկին աշխատակիցները բողոքի հերթական ակցիան են անցկացնում» վերնագրով նյութեր: 2014-ի փետրվարին առաջինը տեղի տվեցին Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ պատգամավորների նյարդերը: Նրանք փորձեցին «Նաիրիտում» կատարված գործընթացներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորել: Նույն փորձը կրկնվեց ավելի ուշ` 2014-ի նոյեմբերին: Տնտեսական իշխանության համակարգում ամեն մի փոփոխություն ներկա ու նախկին նաիրիտցիները փորձում են օգտագործել իրենց խնդիրների լուծման համար: Խորհրդարանական մեծամասնությունը ձեռքից եկածն անում էր այս խնդրի ուսումնասիրությունը հնարավորինս հետաձգելու համար: Բայց հենց Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ` պարզվեց, որ այս արդյունաբերական հսկան համարյա մեկ տարի չվճարված պարտքեր ունի: Հետո սեպտեմբերին աշխատանքից ազատվեց տնօրենը: Բայց դա չմեղմեց բողոքների ալիքը:
Անհայտությունն ու ձեռնարկության հետ կապված ֆինանսատնտեսական առասպելները 2014թ. նոյեմբերին ի վերջո ամփոփեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Պարզվեց, որ այդ պահի դրությամբ «Նաիրիտն» արդեն հասցրել էր 102 մլրդ դրամ պարտքեր կուտակել:
Դրանից վեց մլրդ-ն աշխատավարձերի գծով էր: Նախարարը հասարակությունից չթաքցրեց, որ աշխատավարձերն այս ձեռնարկությունում բաշխվել են չափազանց անհամամասնորեն: Սովորական աշխատակիցները բողոքում էին, որ իրենք մեկ տարուց ավելի չեն ստացել իրենց` ՀՀ օրենսդրությամբ ամրագրված նվազագույն աշխատավարձը: Իսկ նախարարը հրապարակեց, որ 178 աշխատակից ստացել է 400 հազարից մինչև 2,6 մլն դրամ աշխատավարձ:
Նախարարի ասուլիսից երեք ամիս անց դեռ ոչ մի տեղեկատվություն չկա որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկելու մասին: Մինչդեռ սեփականաշնորհման հորձանուտ ներքաշված «Նաիրիտի» բաժնետոմսերի 10 տոկոսը մնում է պետական: Ուստի ներկա ու նախկին նաիրիտցիները շարունակում են իրենց բողոքի ակցիաները նախագահական ու կառավարության մասնաշենքերի դիմաց: Բայց կառավարությունն ամեն անգամ խնդիրը հետաձգելու տարբերակ գտնում է: Այդ տարբերակ-հնարքներից ամենատարածվածը, թերևս, եռամսյակը մի անգամ մեկ ամսվա աշխատավարձ վճարելն է:
Հետո պաշտոնապես հայտարարվեց, որ մեր կառավարությունը ՀԲ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել «Նաիրիտի» խնդրի շուրջ: ՀԲ-ն խոստացել է 110 հազար դոլար տրամադրել քիմիական արդյունաբերության այս եզակի ձեռնարկության ապագայի մասին միջազգային փորձաքննություն իրականացնելու համար: Հայտարարվեց, որ փորձաքննությունը պատվիրվելու է արտասահմանյան հեղինակավոր կառույցի:
Իսկ բուն փորձաքննությունն անցկացվելու է երկու փուլով: Նախ` շուկայի վերլուծություն է արվելու: Դրա նպատակն է` պարզել, թե ինչ ապրաքատեսականի կարող է արտադրել «Նաիրիտը», որ միջազգային շուկայում ֆինանսական կենսունակություն ունենա: Հայաստանյան ոչ մի ձեռնարկության մասին երբևէ նման տեքստ չի ասվել:
Մեր բոլոր արտադրական ձեռնարկությունների համար (բացառությամբ, թերևս, «Արմենալի» և «Երևանի կոնյակի գործարանի») առաջնայինը միշտ ներքին շուկան է:
Գործող բոլոր ձեռնարկությունների համար արտահանումը չիրականացող երազանքի պես մի բան է: Բայց մեր ներքին շուկայում «Նաիրիտի» բուն արտադրանքը պահանջարկ չունի: Իսկ արտաքին շուկան մեր հսկայի համար անհասանելի է դարձել մեր տնտեսական իշխանությունների երկար ու համառ աշխատանքի արդյունքում: Ժամանակին քիմիական արդյունաբերության մասնագետներն ասում էին, որ «Նաիրիտ» ԳԱՄ-ը եզակի է, որ այն համարյա մոնոպոլ դիրք ունի կաուչուկի մեկ-երկու տեսակի արտադրության ոլորտում, որ այդ ապրանքատեսակների գնանշման վրա էական ազդեցություն ունի: Այս ամենի մասին հիշողները ոգևորվել էին: Նրանց հուսադրում էր մեր կառավարության ու ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի միջև ձեռք բերված համաձայնությունը:
Բայց հիասթափության առաջին նախանշանները երևացին այն պահին, երբ նաիրիտցիները հայտարարեցին, որ սա միջազգային փորձաքննություն անցկացնելու առաջին դեպքը չէ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք էլ է նման բան արվել:
Ու այն կարծես ոչ մի հետևանք չի ունեցել: Հետո հիասթափությունը խորացավ, երբ պարզվեց, որ նոր փորձաքննությունը նույն անձն է անցկացնում, ով մի քանի տարի առաջ առաջին փորձաքննությունն է կատարել: Այսինքն` հասարակական հիասթափությունն ավելի խորացավ, մինչդեռ փորձաքննության երկրորդ փուլը դեռ չի սկսվել: Այդ փուլում մեր իշխանությունները միջազգային հեղինակավոր կազմակերպությունից խնդրում են կարծիք տալ, թե ինչ ազդեցություն կթողնի «Նաիրիտի» գործարկումը շրջակա միջավայրի վրա:
Թե որքանով է մեր կառավարությունը շահագրգիռ բնապահպանական հարցերում, գիտենք բազմաթիվ այլ օրինակներից (Թեղուտ, Մթնաձոր և այլն): Սա կարելի է ընկալել` որպես «Նաիրիտը եղեռն է» կարգախոսի ուշացած ու ինքնատիպ պատասխան: