
«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի արգելում, և Հայաստանն էլ ոչ մեկին չի հարցնում՝ ինչ անի»

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Ռիգայի գագաթաժողովից ակնկալում է, որ Եվրահանձնաժողովը 28 անդամ երկրներից կստանա համապատասխան մանդատ, որպեսզի Ռիգայից հետո սկսվեն բանակցությունները Եվրամիության և Հայաստանի միջև: 168.am-ի հետ զրույցում Ա.Զաքարյանը նշեց, որ դեռևս շուտ է խոսել այն մասին, թե ինչպիսի՞ փաստաթուղթ կունենանք, ի՞նչ ձևակերպումներով և ի՞նչ բովանդակությամբ, դա ընթացքը ցույց կտա:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանն այս անգամ էլ երկարատև բանակցի, բայց հետո Ռուսաստանն արգելք դնի ու ՀՀ ջանքերը «ջուրն ընկնեն», ինչպես եղավ սեպտեմբերի 3-ին Ասոցացման համաձայնագրի դեպքում, Ա.Զաքարյանը պատասխանեց. «Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի արգելում, և Հայաստանն էլ ոչ մեկին չի հարցնում՝ ինչ անի: Սեպտեմբերի 3-ի Ձեր տպավորությունը տեղին չէ: Ռուսաստանը մեր ռազմավարական կարևորագույն գործընկերն է և դաշնակից պետություն: Մենք հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի շահերին բոլոր միջավայրերում, բոլոր ձևաչափերում, բայց մենք, իհարկե, ունենք մեր շահերը, որոնք փորձում ենք համադրել գոյություն ունեցող բոլոր շահերի հետ:
Տվյալ պարագայում` մենք փորձելու ենք ռեֆորմների առաջմղման, մարդու իրավունքների և ազատությունների շրջանակներում, հակակոռուպցիոն պայքարի, վիզաների դյուրացման և շարժունակության ավելի ընդլայնման, մշակութային ու կրթական դաշտում, ինչպես նաև հանրային սեկտորի կայացման և քաղաքացիական հասարակության աջակցության շրջանակներում համագործակցել և երկխոսությունը շարունակել ԵՄ-ի հետ: Սա մեր համար կարևորագույն հանձնառություններ են և այդ ամենը չպետք է հակադրության մեջ դրվի որևէ այլ հանձնառության հետ: Մեր տնտեսական ինտեգրման խնդիրները մնում են նույնը՝ պայմանավորված ԵՏՄ-ի հետ»: