Մենք պլանավորում ենք Թուրքիան վերածել էներգետիկ հանգույցի. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Կարսում տեղի է ունեցել «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման հիմնարկեքի արարողությունը:
Դրան մասնակցել են Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը, Գեորգի Մարգվելաշվիլին ու Իլհամ Ալիևը:
Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ TANAP-ը չի հանդսանում որևէ այլ նախագծի («Թուրքական հոսք» գազատարի) այլընտրանքը:
«Մենք պլանավորում ենք Թուրքիան վերածել տարածաշրջանի էներգետիկ բաշխման կենտրոնի: Մենք Ջեյհանը վերածել ենք աշխարհում նավթի բաշխման ամենակարևոր կենտրոններից մեկի: Եթե իրավիճակը կարգավորվի Իրաքում ու Սիրիայում, ապա Ջեյհանի դերակատարությունն ավելի կուժեղանա, կընդլայնվեն նրա հնարավորությունները:
TANAP գազատարը Կասպյան ատարածաշրջանը մեծապես կկապի Եվրոպայի հետ: Այս նախագծի կարիքն ունեն ոչ միայն Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը, այլև՝ ողջ Եվրոպան: Գազատարի երկարությունը կազմելու է 1850 կիլոմետր, նախագիծը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Սկզբնական շրջանում գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետրի, իսկ հետագայում պլանավորված է դա հասցնել մինչև 22 և 31 միլիարդ խորանարդ մետրի (2026 թվականին): Հաջողության դեպքում այն շահագործման կհանձնվի 2018 թվականին»:
Ընդգծվում է, որ TANAP գազատարը Թուրքիայի արևելքից դեպի արևմուտք ճանապարհին անցնելու է 20 նահանգի, 67 շրջանի ու 600 գյուղի միջով: Գազատարի կառուցման վրա կծախսվի 1.3 միլիոն տոնննա պողպատյա խողովակ: Գազատարի կառուցումն աշխատանքով կապահովի ավելի քան 15.000 մարդու: