«Մենք մի կարգին նախագահ չենք կարողանում ընտրել մեր քաղաքական էլիտայից, 100-130 հոգի քաղաքական էլիտա ունե՞նք, որ պառլամենտականի անցնենք». Սոս Գիմիշյան

«Այն, որ ՀՀ-ի գործող Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի, դա ինձ համար ակնհայտ է, բայց ես կուզենայի, որ մենք, փոփոխության ենթարկելուց հետո, հայկական Սահմանադրություն ստեղծենք, որը կբացառեր արտաքին կառավարումը և արտաքին  ճնշումը երկրի վրա, հնարավորություն կտար առավելագույնս ինքնուրույնություն ապահովել, և չունենալ մի Սահմանադրություն, որտեղ, եթե «Հայաստան» բառը փոխենք, գրենք՝ «Բուլղարիա», կամ «Հունգարիա», կամ մեկ այլ երկիր, նույնպես կաշխատի: Այսինքն՝ այդ բոլոր Սահմանադրությունները գրվել են մի տեղ, և չէի ուզենա, որ ՀՀ-ի Սահմանադրությունն այդպիսի Սահմանադրություն լիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա համար անընդունելի է պառլամենտական կառավարման համակարգի անցնելու նախաձեռնությունը: Ընդհանրապես Ս.Գիմիշյանը գտնում է, որ պառլամենտական համակարգը դրական է, որովհետև կոլեկտիվ մտքի արդյունքում են ընդունում որոշումները, բայց ըստ նրա՝ պետք է միշտ ելնել տիրող իրավիճակից. «Հայաստանը պատերազմող երկիր է, որտեղ շատ արագ պետք է որոշումներ ընդունել, խոսքը վերաբերում է և՛ Ղարաբաղի խնդրին, և՛ աշխարհաքաղաքական այս խաչմերուկին: Պառլամենտական հանրապետությունն ընդունելի չէ պատերազմող երկրի համար: Այսինքն՝ այնտեղ պատերազմ է գնում՝ իրենք այստեղ պետք է քննարկեն, այսինքն՝ օպերատիվ որոշումներ ընդունելու իմաստով՝ պատերազմող երկրում նախագահական համակարգը միանշանակ ավելի լավ է, անվտանգ է»:

Ս.Գիմիշյանը բերեց մի քանի փաստարկներ ևս, թե ինչու է իր համար անընդունելի պառլամենտական համակարգին անցնելը: Նա նշեց, որ մեր երկիրը որոշում է կայացրել և մտնում է ԵՏՄ, որտեղ հավաքվում են նախագահներ և վարչապետեր. «Եթե գնայինք ԵՄ, այնտեղ կարելի էր և պառլամենտական երկիր լինել, և այդ իմաստով՝ վնաս չէր լինի, որովհետև նման երկրներ այնտեղ շատ կան, բայց երբ գնում են ԵՏՄ, որտեղ բոլորը նախագահի կարգավիճակով են ներկայացված, ապա ակնհայտ է, որ մեր վարչապետի խոսքն այնտեղ ընդհանրապես ծանրակշռություն չի ունենա»:

Ս.Գիմիշյանը շարունակելով փաստարկների շարքը՝ նկատեց. «Մենք մի կարգին նախագահ չենք կարողանում ընտրել մեր քաղաքական էլիտայի շրջանակներում, 100-130 հոգի քաղաքական էլիտա ունե՞նք, որ պառլամենտականի անցնենք»: «Ես կարծում եմ, որ այսօրվա քաղաքական էլիտան բացարձակապես պատրաստ չէ պառլամենտական համակարգի»,- ասաց նա:

Ս.Գիմիշյանը նկատեց նաև, որ երբ ընտրական համակարգը կայացած չէ, «ուզում եք՝ նախագահական ընտրեք, կիսանախագահական թե պառլամենտական, նշանակություն չունի, էլի լինելու է կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանություն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս