Բաժիններ՝

Արդեն հասանելի է տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը

Այսուհետ ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր ու ամսագրեր ընթերցողին կներկայացվեն առցանց տարբերակով. Հայաստանում գործարկվել է տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը, որը ներկայացնում է «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Արմեն Դավթյանի խոսքով՝ Pressinfo.am-ի շնորհիվ լուծվում է նաև մամուլի օպերատիվ առաքման հարցը, քանի որ Հայաստանի հեռավոր շրջաններ թերթերն առաքվում են բավականին մեծ ուշացումով, իսկ ձմռան ամիսներին նույնիսկ դրանք առհասարակ տեղ չեն հասնում: Pressinfo.am կայքը ստեղծողների նպատակն այսօր օրաթերթերը գնորդին ժամանակին հասցնելն է:

«Մենք զգացինք, որ պետք է նաև առցանց խանութ՝ հայկական, ռուսական և արտասահմանյան մամուլի վաճառք կազմակերպելու համար: Առհասարակ մամուլը շրջաններ հասնում է ուշ՝ ժամը մոտ 2-3-ին և մինչև հասնում է կրպակներ ու հետո ընթերցողին, կեսօրից անց է լինում, և պարզ է դառնում, որ օրաթերթն իր հետաքրքրությունը կորցնում է: Իսկ ռուսական թերթերն ու ամսագրերը Հայաստան են առաքվում շաբաթը 2 անգամ և ընթերցողին են հասնում 3 օր ուշացումով: Այսուհետ Pressinfo.am-ի շնորհիվ կարելի է կարդալ կամ ներբեռնել օրաթերթը հենց թողարկման օրը, առավոտյան ժամը 7-ին և դրա դիմաց վճարել 3 անգամ ավելի քիչ գումար, քան թերթի հնացած տարբերակի համար»,- այս մասին ասաց «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Տնօրեն Արմեն Դավթյանը նաև նշեց, որ իրենց գրադարանում բոլոր առցանց պարբերականների գները 2-3 անգամ ավելի մատչելի են, քան կրպակներում վաճառվող դրանց թղթային տարբերակները: Գների մատչելիությունը հիմնականում վերաբերում է արտասահմանյան պարբերականներին, քանի որ հայկական թերթերը պահպանել են իրենց գների արժեքները: Այստեղ ընթերցողը նաև կգտնի անվճար պարբերականներ ու առցանց գրքեր: Հիմա ընկերությունը կայքում սկսել է տեղադրել ավելի շատ մանկական գրքեր, նրանց խոսքով՝ կլինեն նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքեր: Գրքերը նաև հասանելի կլինեն այլ լեզուներով:

Pressinfo.am-ի հիմնադիրները կարծում են, որ սրանով շատ մեծ հնարավորություններ է բացվում նաև Սփյուռքի համար: Ըստ Արմեն Դավթյանը՝ իրենց շատ են դիմում տարբեր երկրներից, տարբեր անուններով թերթեր են ուզում, ու քանի որ տպագրական մամուլի տարածումը դժվար է կազմակերպել, այս կայքի միջոցով հնարավորությունները մեծանալու են Սփյուռքի համար:

Կարդացեք նաև

Ներկայացված նյութերը լինելու են PDF տարբերակով, և ընթերցողը դեռևս միայն գնելու, կարդալու ու սեփական էջում պահելու հնարավորքություն է ունենալու, այսինքն՝ ներբեռնելու հնարավորություններ չկան, բայց հնարավոր է հետագայում դա նույնպես լինի:

«Մարդիկ կան, որ թերթի հետ են սովորել շփվել՝ թղթային տարբերակով, տպագրական օրինակով, այսինքն՝ թերթել, նայել, ու մենք հիմա դրա հնարավորությունը տալիս են ընթերցողին՝ գնել թերթը, ունենալ սեփական առցանց գրադարանը, ու այսուհետև ձեր գնված թերթերը պահել ոչ թե խոհանոցի պահարանում, այլև հենց ձեր գրադարանում ու ստեղծել ձեր արխիվը»,- ասում է «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը:

Pressinfo.am կայքի հիմնադիրները, որպես արտասահմանյան և հայկական պարբերականների առցանց գրադարանի ստեղծման ամենակարևոր գործոն, նշում են ռուսական հայտնի Pressa.ru ինտերնետ-պորտալ ղեկավարության համակողմանի օգնությունը:

Արմեն Դավթյանը ներկայացրեց նաև վճարման համակարգը. պարզապես հարկավոր է, որպեսզի ընթերցողը գումարը փոխանցի իրենց (քարտով կամ էլեկտրոնային տարբերակով), այնուհետև ստանա իր գաղտնաբառը և մուտք գործի իր սեփական էջը, որտեղ կպահպանվեն իր բոլոր գնված նյութերը, և այդ կերպ ընթերցողը կունենա իր սեփական արխիվը: Ի դեպ, այսօր նաև բազմաթիվ պարբերականների արխիվներ գործում են Pressinfo.am-ում: Կայքի հիմնադիրների խոսքով՝ հիմա արդեն մոտ 2-3 տարվա արխիվ է հասանելի ընթերցողին:

Արմեն Դավթյանի խոսքով՝ նրանք այսօր չեն մրցակցում հայկական թերթերի ու կայքերի հետ. իրենց գործը նրանց օգնելն է, և իրենք պատրաստվում են զբաղվել հայկական թերթերի ստեղծածը տարածելով. «Ուսումնասիրելով մյուս երկրների փորձը՝ մենք այն եզրակացությանը եկանք, որ սրա անհրաժեշտությունն այսօր մեզ համար կա, ու այսպես ասած, ես հիմա զբաղվում եմ ձեր թերթերը վաճառելով և դա իմ բիզնեսն է»:

Բացի ռուսական պարբերականներից, այսօր ընկերությունը նաև բանակցություններ է վարում արտասահմանյան գործընեկրների հետ և շատ շուտով խոստանում է հայ ընթերցողին ներկայացնել միջազգային այնպիսի հրատարակություններ, ինչպիսին են The Times-ը, USA Today-ը, Le Figaro-ն, այնպիսի բիզնես ամսագրեր, ինչպիսին են Financial Time-ը, Wall Street Journal-ը և այլն: Արմեն Դավթյանը խոստանում է՝ շուտով նաև կայքում հասանելի կլինեն արցախյան թերթերը:

Նշենք, որ «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000թ.։ Այն զբաղվում է արտասահմանյան և հայկական մամուլի տարածմամբ, մամուլի շուկայի ուսումնասիրմամբ, խորհրդատվությամբ։ Ընկերությունը ներառված է հանրապետության համանման առաջատար ընկերությունների եռյակում։

Լուսանկարը՝ հեղինակի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս