Մի հանդիպման պատմություն

Մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումների շարք էր կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հարցը։ Երեկ արդեն Սերժ Սարգսյանը քաղաքական հավանության արժանացրեց փոփոխությունների հայեցակարգը` նշելով, որ ինքը դեռ ունի մտահոգություններ, քանի որ դեռևս լավ չի պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ` երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իր կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»։

Հիշեցնենք, որ նախկինում ոչ իշխանական եռյակի անդամները դեմ էին Սահմանադրական բարեփոխումներին և մերժում էին որևէ բովանդակային քննարկում անցկացնել իշխանությունների հետ այս հարցի շուրջ։ Թեև նախագահի` քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ սահմանադրական բարեփոխումների հարցի բովանդակային քննարկում չի եղել, այդուհանդերձ, «Ժառանգություն» կուսակցության անդամների մեջ հակասություններ են առաջացել նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու հարցի շուրջ։ Նշենք, որ «Ժառանգությունից» Ս. Սարգսյանի հետ հանդիպման են գնացել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, այդ հանդիպումից հետո lragir.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Ա. Մարտիրոսյանը և Ռ. Հակոբյանը նույնպես ներկա են եղել։ Միաժամանակ, նա իր կուսակիցների վերաբերյալ կոշտ գնահատականներ էր հնչեցրել` ասելով. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ։ «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»։

Երեկ այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք Ռ.Հակոբյանից, ով, սակայն, հորդորեց` որպես միակ պատասխան ընդունել ֆեյսբուքյան իր էջում արված գրառումը, ըստ որի` Ս. Սարգսյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում։ Այդ մասին, ըստ նրա` տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին։ Իսկ Արմեն Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպելու որոշումը «Ժառանգության» ներսում քննարկվել է, ավելին, քննարկվել է նաև, թե որ դեպքում պետք է մասնակցել հանդիպմանը, որ դեպքում` ոչ։ Նաև նշել էր, թե կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է, և եթե Հայաստանում լիներ` կորոշեր` ի՞նքն է գնալու, թե՞ ոչ, իսկ հիմա.

«Փաստն այն է, որ Հովհաննիսյանը Հայաստանում չէ, և եղել է այն, ինչ եղել է»։ Նա չցանկացավ մեկնաբանել իր կուսակից Զարուհի Փոստանջյանի հնչեցրած մեղադրանքը, թե` «Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը հավանաբար որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել», նկատելով, որ նման հարցերը կքննարկվեն կուսակցության ներսում և, ըստ կուսակցության կարգապահության և կանոնադրության, կներկայացվեն հասարակությանը։ «Կուսակցության ներսում ոչ մի հակասություն չկա, կա միայն Զ. Փոստանջյանի խոսքը, որին ես հանգիստ եմ վերաբերվում։ Ես ընդունում եմ կուսակցության կարգապահությունը, ներկուսակցական հարցերը կուսակցության ներսում են քննարկվում»,- ասել է Ա.Մարտիրոսյանը` հավելելով, որ դեռևս կուսակցությունում քննարկում չի եղել։ «Ինչ վերաբերում է իմ քայլերին, ասեմ, որ 2013 թվականից սկսած ես դարձել եմ կուսակցության անդամ, եթե կլինի գեթ մեկ քայլ, անկախ իր կարևորավորության աստիճանից, որ ես կուսակցության ծրագրին կամ որոշումներին հակառակ արած կլինեմ, ես պատրաստ կլինեմ կրել արժանի պատիժը»,- նկատել է Ա. Մարտիրոսյանը։

«Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցինք` ինչո՞վ են պայմանավորված կուսակցության ներսում առկա այս հակասությունները։ Ի պատասխան` նա ասաց, թե միշտ էլ կուսակցության ներսում տարբեր կարծիքներ եղել են, տեսանելի է եղել, որ Զ. Փոստանջյանն այլ պատկերացումներ ունի, քան մյուսները։ «Ես նույնպես ընթերցեցի ու, քանի որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, պարզեցի, որ իսկապես վարչության խորհրդակցության ժամանակ որոշում չի ընդունվել գնալու վերաբերյալ, դրա մասին էր վկայում ևգ մամուլի խոսնակի զարմանքը, ևգ «Ժառանգության» մյուս անդամների տարակուսանքը, որովհետև խորհրդակցության ընթացքում այդպիսի որոշում չէր ընդունվել։

Բայց նաև չեմ ուզում կասկածի տակ դնել մյուսների, ասենք Ա. Մարտիրոսյանի հավաստիացումը, որ Ր.Հովհաննիսյանը տեղյակ է եղել, այսինքն` այնպես չէ, որ չէին կարող գնալ հանդիպման Ս.Սարգսյանի հետ։ «Ժառանգության» կուսակցության նախագահը նույնպես կարող է կուսակցության անունից որոշումներ ընդունել, պարտադիր չէ` վարչության որոշում լինի, հետևաբար` այնպես չէ, որ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի գիտության են գնացել, բայց նաև մյուսներն են ճիշտ ասում, որ այդ հարցով վարչությունը որոշում չի ընդունել»,- ասաց նա։
Հարցին` ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում` հաշվի առնելով, որ Զ.Փոստանջյանը չի բացառել, որ կարող է բարձրացնեն Ռ. Հակոբյանին և Ա. Մարտիրոսյանին «ժառանգությունից» հեռացնելու հարցը, Ս. Սաֆարյանը պատասխանեց.

«Չգիտեմ, այստեղ արդեն խնդիրն ակնհայտորեն հետևյալի մեջ է. եթե այդ հարցն է դրվելու «Ժառանգության» վարչության կազմում, բնականաբար, պետք է դրվի, թե որքանո՞վ են խախտում հանդիսացել վարչության 2 անդամների և Ր.Հովհաննիսյանի խորհրդակցությամբ կատարված քայլը, որքանո՞վ է դա հակասում և կամ` համապատասխանում կուսակցության կանոնադրությանը, և այս կտրվածքով` որպես «Ժառանգություն» կուսակցության կանոնադրությունը լավ իմացող մարդ, պետք է ասեմ, որ կուսակցության ղեկավարը նույնպես կարող է որոշումներ ընդունել կուսակցության անունից, հայտարարություններ անել, բայց եթե վարչությունը գտնում է, որ սա այն հարցերից մեկն է, որտեղ կուսակցության ղեկավարը չպետք է որոշում ընդունի, այլ վարչության որոշումն է դոմինանտ, ապա այդ դեպքում, իհարկե, մի փոքր այլ խնդիր է բացվում։

Այսինքն` ոչ միայն պետք է դրվի Ա. Մարտիրոսյանի և Ռ. Հակոբյանի, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը, որովհետև Ա. Մարտիրոսյանը և Ռ.Հակոբյանը, կարծես թե, հայտարարում են, որ իրենք գնացել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցնելուց հետո»։ Հարցին էլ` իսկ որքանո՞վ եք հավանական համարում Զ. Փոստանջյանի` կուսակցությունից դուրս գալը` հաշվի առնելով այն տարակարծությունները, որ նա ունի կուսակիցների հետ, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ ինքը Զ.Փոստանջյանի անունից չի կարող ոչինչ ասել. «Բայց տեսնելով Զարուհու գրառումը` այն բավականին կոշտ եմ համարում»։

Տեսանյութեր

Լրահոս