
Չավուշօղլուն զգուշացրել է Օբամային՝ կապված նրա ապրիլքսանչորսյան ելույթի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Մենք բարեկամություն հիմնելու նպատակով պարզում ենք մեր ձեռքը, սակայն այն տգեղ ձևով հետ են շրջում: Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի բոլոր խնդիրների կենտրոնում: Իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է շրջվի ու նայի հայելուն:
Թուրքիայում հայ համայնքին հետ են վերադարձվել նրա ունեցվածքը, ինչպես որ արվել է մյուս ոչ մուսուլմանների պարագայում: Սակայն Հայաստանը շարունակում է ցուցադրել իր պոպուլիստական մոտեցումները: Ապրիլի 24-ին՝ Դարդանելի ճակատամարտի հիշատակի միջոցառման ժամանակ, խաղաղության ու բարեկամության ուղերձ ենք հղելու ողջ աշխարհին»:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե նա այս անգամ նույնպես հանդես գա նախկինում արած նմանատիպ հայտարարությամբ, ապա դա լուրջ վնաս կպատճառի երկկողմ հարաբերություններին: